«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


ԿԱՆԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ ՍԿՍՎԵՑ

Արդեն հինգերորդ տարին է, որ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ: «Ձեզ համար, կանայք» խորագիրը կրող ակցիայի շրջանակներում կենտրոն դիմած հիվանդները անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական եւ վիրաբուժական ծառայությունների ուղղությամբՙ բաց եւ էնդոսկոպիկ եղանակով:

Երեկ փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը, «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ծննդատան վարիչ Ջենի Հովսեփյանը, բուժ. գծով փոխտնօրենի տեղակալ Լեւոն Գրիգորյանը, լրագրողների հետ շրջեցին ծննդատան նորաբաց բաժանմունքներում: Հիվանդասենյակները, վիրահատարաններն ու ծնարանները կահավորված էին նորագույն սարքավորումներով եւ անհրաժեշտ պարագաներով:

Ինչպես նշեց պրն Ուլիխանյանը , «հաշվի առնելով նախորդ տարիների արդյունքներն ու բազմաթիվ դիմումները, եղել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը ակցիան շարունակելու մասին»: Անցած չորս տարիների ընթացքում, ակցիայի շրջանակներում վիրահատվել է 552 կին, որոնցից 345-ըՙ Երեւանից, 207-ըՙ մարզերից: Այս տարի ակցիայում ընդգրկվել են նաեւ պոլիկլինիկաները, որպեսզի բնակիչները նախապես հետազոտվեն եւ արդեն ճշտված ախտորոշմամբ ուղեգրվեն հիվանդանոց անվճար վիրահատվելու, որով էլ հնարավորություն կստեղծվի ավելի շատ կարիքավորների վիրահատական օգնություն ցուցաբերել: 2010 թ. միամսյակի շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր դիմել 315 հիվանդ, որոնցից գինեկոլոգիական խնդիրներով վիրահատվել է 113-ը, իսկ 60-ըՙ վիրահատվել է վիրաբուժական տարբեր խնդիրներով, մնացած հիվանդները, դարձյալ անվճար հիմունքներով, ստացել են խորհրդատվություն: Վիրահատվածներից 120-ը եղել են Երեւանից, 53-ըՙ հանրապետության տարբեր մարզերից, Արցախից եւ մեկն էլՙ ՌԴ-ից: Ակցիայի ծավալը 2010-ին կազմել է 26 միլիոն դրամ, տեղեկացրեց պրն Ուլիխանյանը:

  «Ազգը» խնդրեց ԲԿ-ի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանին պարզաբանումներ տալ ընդունված հիվանդների եւ հատկապես հաճախակի նկատվող գինեկոլոգիական հիվանդությունների աճի մասին: Ակցիայի նյութական 2-րդ օրը արդեն ընդունվել են 6 հիվանդ եւ մեկին արդեն վիրահատել էին: Վիրահատված 41-ամյա Հասմիկ Մինասյանի մոտ եղել էր վառ արտահայտված ձվարանի պատռված կիստա, կպումներ, սրացված պրոցես: Տիկին Հասմիկը իր շնորհակալությունը խնդրեց փոխանցել ակցիայի կազմակերպիչներին, որոնց օգնությամբ անվճար վիրահատվել է: Իսկ թե ինչո՞ւ էր ձգձգել վիրահատությունը ու բարդություններ էին առաջացել «Ազգի» հարցին տվեց պարզ պատասխան. «Բազմիցս դիմել եմ տարբեր բուժհիմնարկների, ու բոլորը խոսքերը մեկ արած 180.000-200.000 դրամ էին ուզում: Որտեղի՞ց տայի, բա ինչպե՞ս ապրեինք...»: Պրն Դալլաքյանը նշեց, որ բացի այս 6 կանանցից, արդեն գինեկոլոգիական բաժանմունքում ընդունվել են եւս 5 կանայք եւ նման հիվանդների հոսքը սկսում է շատանալ: «Եթե վերլուծելու լինեմ, ապա մեծամասնությամբ մեզ դիմում են գինեկոլոգիական խնդիրներովՙ կապված արգանդի տարբեր փոփոխություններիով: Ցավոք սրտի, մեզ հաճախ ուշացած են դիմում եւ մենք ստիպված ենք լինում հեռացնել այդ կարեւոր օրգանը: Վիրաբուժական բաժանմունք դիմողների մեծ մասը լեղապարկի խրոնիկ բորբոքումների հետ են կապված, կան նաեւ ճողվածքներ, խտիպով եւ այլն: Ուզում եմ շեշտել, որ կանացի ռեպրոդուկտիվ սիստեմայի հիվանդությունները բավականին մեծ զանգված են կազմում: Հայ կանայք անձնուրաց, նվիրված իրենց ընտանիքներին, իրենց առողջությանը չեն հետեւում եւ միշտ միայն վերջին պահին են դիմում բժշկի, որն էլ երբեմն բարդությունների առաջ է կանգնեցնում ե՛ւ հիվանդին ե՛ւ բուժող բժշկին: Նման հիվանդներին ակցիայի ընթացքում վիրահատում են: Ընդհանուր առմամբ մենք անվճար օգնություն ենք ցուցաբերում «Փարոսից» դուրս մնացած սոցիալական վատ վիճակում գտնվողներին, կարիքավորներին»:

Նշենք, որ մարտի 8-ին եւ 9-ին ծնվել են 4 մանչուկներՙ 2 տղա, 2 աղջիկ: Երեք ծնունդը եղել է կեսարյան հատումով (ի դեպ, չորրորդ ծննդաբերությունն էր, չորսն էլ կեսարյանով) Մեջան Ամինենի երկու աղջնակների թիվը ավելացավ եւս մեկով: Նորածինը ընդամենը 2 կգ 850 կգ քաշով, 48 սմ հասակով իր առաջին ճիչը մեր ներկայությամբ արձակեց: Եվ փոքրիկը եւ մայրը հուսալի ձեռքերում են:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4