«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


«ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՎԷ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

Հայաստանում այս տարի գարու եւ եգիպտացորենի արտադրության զարգացմանն աջակցելու ուղղությամբ կառավարությունը 2 ծրագիր է ընդունել ու հաստատել: Երեկ «Հայելի» ակումբում գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության ու բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը տեղեկացրեց, որ ներկրվելու է 2025 տոննա գարնանացան գարու սերմացու եւ 63 տոննա եգիպտացորենի հիբրիդային սերմացու: Իսկ մյուս բանախոսը` տնտեսագիտության թեկնածու Հրաչիկ Ջավադյանը , որը նաեւ Պետական ագրարային համալսարանի ագրոբիզնեսի ու շուկայաբանության ֆակուլտետի դեկանն է, կարծում է, որ մարզերում մարդիկ տեղեկացված չեն, չգիտեն` ինչպիսի՞ն է լինելու ռիսկը, եթե չստանան համապատասխան արտադրանք. «Յուրաքանչյուր սորտ պետք է ենթարկվի փորձարկման ու հարմարվի կլիմայական պայմաներին: Առաջին հերթին փորձարկում է հարկավոր: Իրավիճակային լուծումները երբեւէ արդյունավետ չեն լինում»: Վերջինս նաեւ կարեւորեց ռազմավարական պաշարներ ունենալու հարցը, ինչն այսօր չունենք: Գագիկ Մանուչարյանը եւս անդրադարձավ հանրապետությունում չշրջանացված սորտեր բերելու հարցին եւ իր հերթին հաստատեց. «Այո՛, իրոք բերում ենք չշրջանացված սորտ, եւ սա 2-րդ անգամն է, երբ կառավարությունը ստիպված է նման քայլի դիմել»:

Ինչ վերաբերում է գյուղմթերքների թանկացմանը, Հրաչիկ Ջավադյանը դրան եւս անդրադարձավ: Նրա փոխանցմամբ` գյուղատնտեսական մթերքների գներն համաշխարհային մասշտաբով արագորեն աճում են, ինչը պայմանավորված է նաեւ տվյալ արտադրության ծավալների կրճատումով: Խոսելով կարտոֆիլի թանկացումից` Հ. Ջավադյանը նշեց, որ նախորդ տարիներին նույնիսկ կարտոֆիլի գերարտադրություն ունեինք, եւ շուկայի չկարգավորման խնդիրը կարծես անդրադարձավ այսօրվա վիճակի վրա. «Մենք երկու տարի առաջ գիտեինք, որ հետագայում արտադրողը կարտոֆիլ արտադրելու մեջ շահագրգիռ չի լինելու: Ուստի մի կողմից կրճատվեցին կարտոֆիլի ցանքատարածությունները, մյուս կողմիցՙ բնակլիմայական պայմանների պատճառով ընկավ բերքատվությունը»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4