«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ԴՐԱՆՔ ԿԱՆԽԵԼՆ Է

Որքան էլ տարօրինակ թվա, Զատկի կղզու մասին խոսքս կցանկանայի սկսել չիլիական ծովակալ Էռնան Կույումջյանի անվան հիշատակումով։ Ինչպես խոստացել եմ, Չիլիի այդ փառաբանված ռազմական ծովայինի մասին ավելի մանրամասն կպատմեմ առանձին ռեպորտաժում, իսկ առայժմ այն մասին, թե ինչ հիանալի կերպով նա մեզ օգնեց Զատկի կղզում «Արմենիա»-ի գտնվելու ժամանակ։ Ծովակալ Կույումջյանը պաշտոնաթող է, բայց նրա անունը հիմնավորապես հիշում են նավատորմում, մշտապես ընդգծելով հարգանքը այդ քաջարի մարդու նկատմամբ։ Արգենտինայում Հայաստանի դեսպանը զանգեց նավ եւ ասաց, թե ծովակալն արդեն արել է այն ամենը, ինչ պետք է։ Նա հրահանգ է տվել Զատկի կղզու կապիտան-գավառապետ Կլաուդիո Մոնտենեգրոյին, որն էլ կօգնի «Արմենիա»-ին բոլոր հարցերում։ Իսկ իրականում մեզ ի՞նչ է պետք։ Ոչ միայն պարզապես շրջել ու նկարահանել հռչակավոր ու խորհրդավոր քարակերտ կուռքերը, որոնց թիվն, ինչպես գրել էի նախորդ նյութում, այս կղզում անցնում է վեց հարյուրից։ Այնպես որ, կապիտան-գավառապետը մեզ պետք է ընդամենը կղզին «նվաճելու» համար։ Եվ դա արեցինք նրա օգնությամբ։

Մարզիկի մարմնակառուցվածք։ Տարիքըՙ երեսունհինգից քառասուն։ Հագին, ինչպես մեզ մոտՙ Բալթիկ նավատորմում էին ասում, թիվ մեկ համազգեստն է. սեւ տաբատ եւ ճերմակ վերնազգեստ։ Ուսադիրները ոսկեկար են, աչքերըՙ բարի։ Լայն ժպտում է։ Անձամբ է եկել մեր հետեւից իր սպիտակ ջիպով։ Իսպաներենով մի կրակոտ ողջույն հղեց, եւ դժվար չէր գուշակել ամենագլխավորը. «Ես ձեր տրամադրության տակ եմ»։ Այն հարցին, թե իսկ ձեր թիկնապահներն ո՞ւր են, պատասխանեց ուսերը թոթվելով, ասել կուզիՙ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, ի՞նչ անվտանգության։ Շտապեց տեղեկացնել, որ վաղը չէ մյուս օրըՙ շաբաթ, ինքն ու իր կինըՙ Պաոլա Կարդինալեն մեզ հրավիրում են իրենց տունՙ ընթրիքի։

Տղաներից ինչ-որ մեկը կամացուկ ասաց, թե դա ակնհայտորեն մեր հայ ծովակալի հանդեպ տածած հարգանքից է։ Սակայն բոլորովին էլ այդպես չէր։ Իհարկե, կապիտան-գավառապետը չթաքցրեց, որ ողջ նավատորմով պարզապես պաշտում են ծովակալ Կույումջյանին, որն, ի դեպ, մեր կղզի հասնելու նախօրեին ողջույնի հեռագիր էր ուղարկել։ Բայց այն, ինչ ասաց գավառապետը հաջորդ պահին, իմ մեջ արթնացրեց այլ հանդիպումների հիշողություններ։

Եվ ահա նորից քնարական շեղում պետք է կատարեմ։ Դա առաջին իսկ օրն էր, երբ 2006 թվականին «Կիլիկիա»-ն Հյուսիսային ծովից մտավ Բալթիականի ջրերը։ Նավահանգիստ Բրեմերհաֆեն, որտեղ մեզ դիմավորեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը։ Եվ նա մենակ չէր։ Ես կարծում եմ, գրական հանցանք գործած չեմ լինի, եթե հենց այստեղ մի ընդարձակ մեջբերում կատարեմ «Կիլիկյան» էպոպեային նվիրված իմ երրորդ հատորից, որը վերնագրել էի «Կիլիկիա» Վերադարձ». «Գերմանիայի բոլոր ծայրերից ժամանել էին մեր հայրենակիցները, որպեսզի մասնակցեին հանդիսավոր միջոցառումների, որոնք արդեն պարտադիր մասն են կազմում «Նավարկություն յոթ ծովերով» անունը կրող մեր ծովարշավի։ Միտինգը կազմակերպել էին Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը, Բրեմերհաֆենի քաղաքապետարանը եւ նավահանգստի ղեկավարությունը։ Հայաստանի եւ Գերմանիայի օրհներգերի հնչյունների ներքո «Կիլիկիա»-ի վերեւում ծածանվեցին երկու երկրների պետական դրոշները։ Առանձնակի հետաքրքրություն արթնացրեց Բրեմերհաֆեն նավահանգստի կապիտան Անդրեաս Մայի ելույթը։ Հագին ծովային շքահանդեսային համազգեստ, չթաքցնելով հուզմունքը, նա ասաց. «Հայկական առագաստանավին սպասելիս ես մուտք գործեցի ինտերնետ եւ կատարեցի իմ կյանքի հիրավի մեծագույն հայտնագործությունը։ Միջնադարյան այս ծովային գլուխգործոցի տախտակամածին կանգնած, անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում, որ շնորհիվ Բրեմերհաֆեն նավահանգիստ ձեր կատարած պատմական այցելության, ես երջանկություն ունեցա ծանոթանալ զարմանալի ժողովրդի զարմանալի պատմությանը։ Եվ հիմա իմ զավակներին ու ապագա թոռներին ես անպայման հպարտությամբ կպատմեմ, որ ընդունել եմ նավն այն ժողովրդի, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը պաշտոնապես ընդունել որպես պետական կրոն։ Ես իմացա, որ հայկական այբուբենը հնագույններից մեկն է, որ ձեզ մոտ զարգացած է գիտությունը, որ ձեր շախմատի թիմը չեմպիոն դարձավ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։ Եվ այս րոպեից կարող եք համոզված լինել, որ ի դեմս ինձ ձեռք եք բերել հայ ժողովրդի հավատարիմ բարեկամի։ Հպարտությամբ եմ ցանկանում խոստովանել, որ երբ քաղաքապետարանը որոշում ընդունեց այստեղ, քաղաքի պատմական մասի ամենակենտրոնում բարձրացնել հայկական դրոշը, ես դա արեցի մեծագույն ուրախությամբ»։

Այսպես եղել է բազմաթիվ անգամներ, երբ մենք հավատարիմ բարեկամներ ենք ձեռք բերել։ Եվ նման պահերին անփոփոխ այն տպավորությունն ենք ստացել, ասես ողջ անձնակազմով օլիմպիական ոսկի ենք վաստակել թիմային հաշվարկով։ Հիշում եմ, արդեն «Արմենիա»-ով, երբ հաղթահարելով միմյանց փոխարինող անվերջանալի փոթորիկներն ու անհողմությունները, հատեցինք Ատլանտիկան, Բարբադոս կղզում բուժելու թե՛ մեր, թե՛ նավի վերքերը, այնտեղ էլ նոր բարեկամներ ձեռք բերեցինք կղզիաբնակների շրջանում։ Իսկ նավահանգստի կապիտանը մեր հետեւից էլեկտրոնային փոստով հուզիչ խոսքեր ուղարկեց։

Եվ ահա, չափազանց երկար ու չափազանց դժվարին ճանապարհ անցնելուց հետո Զատկի կղզում ենք։ Կապիտան-գավառապետ Կլաուդիո Մոնտենեգրոն բոլորովին չի թաքցնում պատճառն ու առիթը, որոնք, ինչպես ինքն արտահայտվեց, բառացիորեն պարտավորեցրին իրեն մեզ տուն հրավիրել։ Խոստովանեց նաեւ, որ ընդհանրապես նման քայլեր չկան իրենց սովորույթներում։ Նա եւ իր կին Պաոլան, ասես պայմանավորված, երկուսով որոշել էին մեզ հրավիրել, որովհետեւ սպասելու ընթացքում իրենք էլ տրամաբանորեն փնտրտուքի մեջ էին ընկել ինտերնետում, որպեսզի ոչ թե մեր մասին իմանային, այլ Հայաստանի, որից բոլորովին անտեղյակ էին։ Եվ հանկարծՙ է՛լ 301 թվական, է՛լ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայկական գաղութներՙ իրենց եկեղեցիներով, է՛լ մեծ նկարիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, գիտնականներ։ Եվ իհարկե, ցեղասպանություն, որի մասին նույնպես ոչինչ չգիտեին։ Այնպես որ, կային թե՛ առիթ, թե՛ պատճառ եւ թե՛ հսկայական ցանկություն։ Եվ դեռ շուրջերկրյա նավարկություն կատարող առագաստանավ, որ «Արմենիա» անունն է կրում։ Սրանք եւս Զատկի կղզու կապիտան-գավառապետի խոսքերն են։

Առաջին իսկ օրը Կլաուդիոն, թողած իր բոլոր գործերը, որոշեց անձամբ ծանոթացնել մեզ իր տիրույթներին։ Եվ, ինչպես ասացի, իր սպիտակ ջիպի ղեկին նստած, անձամբ եկավ մեզ մոտ։ Նա լավ գիտեր, որ, իհարկե, «Արմենիա»-ն արդեն, այսպես ասածՙ պատվո շրջան է կատարել իր եռանկյուն կղզու շուրջը։ Մենք այդպես ցանկացանք, որ նավաքթից փախչող փրփրուն «բեղերով» շրջանակենք (իսկ գուցե «եռանկյունենք») կղզին։ Գիտեր եւ այն, որ մենք շրջելով ողջ կղզում, արդեն տեղյակ ենք, թե որտեղ եւ որ կետում են գտնվում հնագույն մշակույթի պատմական հուշարձանները, մանավանդ լեգենդար կուռքերը։ Բայց չէ՞ որ նավահանգիստն էլ ինքնին արժեք է ներկայացնում։ Տեսեք, գրում են, թե այստեղ ապրում է երկու հազար մարդ, բայց մենք առավել ճշգրիտ թիվն ունենքՙ չորս հազար հինգ հարյուր երեսուներկու մարդ։ Սրանք նույնպես Կլաուդիոյի բառերն են։ Ես նստել էի նրա կողքին, ձեռքիցս ցած չդնելով նոթաթետրը։ Ահա եւ ներկայացնեմ այդ համառոտ գրառումներըՙ առանց առանձնակի մեկնաբանությունների։

Առաջին հերթին պետք է ասել, որ օդանավակայանը քաղաքի սիրտն է։ Համենայն դեպս օրական մոտ երեք հարյուր մարդ է թռչում մեզ մոտ։ Ես դա ասում եմ, դատելով նույնիսկ օդանավերի քանակից։ Միջին հաշվով մեկ շաբաթ մնում են։ Այնպես որ, նույնքան մարդ էլ ետ է թռչում։

- Եկեղեցի ունե՞ք։ -Ունենք։ Շուտով ցույց կտամ։ Կաթոլիկական եկեղեցի է։

- Պատմի՛ր, խնդրում եմ, դպրոցի մասին, աշակերտների քանակի, հոսպիտալի, բժիշկների քանակի, սպորտի մասին։ -Երեք դպրոց ունենք։ Մեծում ուսանում են ավելի քան երեք հարյուր երեխաներ։ Կաթոլիկական դպրոցն է։ Ունենք մեկ հոսպիտալՙ վեց բժիշկներով։ Ռեգբի, կանոե, սերֆինգ։ Մեզ մոտ ալիքները ֆանտաստիկ են։

Կապիտան-գավառապետ Մոնտենեգրոն հընթացս անընդհատ բացատրություններ է տալիս այս կամ այն շենքի, օֆիսների վերաբերյալ։ Մտնելով գլխավոր փողոց, քիչ արգելակեց եւ ասաց.

- Սա գլխավոր պողոտան է։ Կոչվում է Ատամուտեկինա։

- Իսկ ինչո՞ւ չմեծացնել բնակիչների թիվը, ընդարձակել քաղաքը եւ ավելացնել այնպիսի փողոցների քանակը, ինչպիսին ահա ձեր այս «Բրոդվեյն» է։

- Դա, առաջին հերթինՙ անհնար է, քանզի եկվորներից ոչ ոք չի կարողանա տուն գնել կամ կառուցել, որովհետեւ գնել եւ կառուցել կարող է միմիայն պոլինեզիացին։ Երկրորդՙ դա ապագայում մեծ խնդիրներ կառաջացնի, քաղաքն անկառավարելի կդառնա, կհայտնվեն գործազուրկներ, եւ նրանց հետ միասինՙ խնդիրներ։

Այդ ժամանակ մեքենան հայտնվեց մի շրջանում, որտեղ բարձր աճած չոր խոտերի ու մացառների մեջ հազիվ երեւում էին նոր, բավական գեղեցիկ քոթեջների ստորին մասերը։ Եվ չսպասելով մեր հարցին, կապիտան-գավառապետի ծովային ուսադիրներով «վարորդը» ասաց.

- Իսկ սա մեր Բի Փի-ն է։ «Բիգ փրոբլեմ»-ը։ Շատ ու շա՜տ «բիգ»։ Որոշ ժամանակ առաջ գտնվեցին հարուստ ու համարձակ մարդիկ, եւ հավանաբար օգտվելով օրենսդրության անկատարությունից, սկսեցին կառուցել այս նույնիսկ չափազանց հարուստ տները, ընդհանուր առմամբ ծախսելով հիսուն միլիոն դոլար։ Հանդիսավոր բացում կատարեցին, ամբողջ չորս օր հյուրեր ընդունեցին ու պարծեցան, որ վերջապես քաղաքում էլիտար տներ են հայտնվել։ Բայց ժողովուրդը հասկացավ, որ այդ ամենը բերելու է հակասությունների։ Այսինքն, եկվորներն իրենց բարձր դիրքում են զգալու, եւ նորից խնդիրներ կծագեն։ Մի խոսքով, պատճառներ շատ կային։ Ե՛վ պառլամենտը, ե՛ւ քաղաքապետարանը ստիպված փակեցին կղզում թերեւս լավագույն այս հյուրանոցը։ Ահա այս իրոք մեծ խնդիրը ոչ ոք չի կարողանում լուծել։ Եվ հավանաբար չի էլ կարողանալու։

Կապիտան-գավառապետը մեզ դեռ երկար ծանոթացրեց քաղաքին։ Ցույց տվեց հռչակավոր կուռքերը, ինչպես նաեւ գերեզմանոցը, որի շուրջ խոսելու բան կա։ Բայց մենք իմացանք եւ այն, որ կապիտան-գավառապետի իշխանությունը բոլորովին էլ ամենազոր չէ իրեն վստահված կղզում։ Բայց այդ մասինՙ հաջորդ ռեպորտաժում։

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Զատկի կղզի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4