Բռնցքամարտի դպրոցն օլիմպիական չեմպիոնի անվամբ
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ տիկնոջ հետ Երեւանում է գտնվում հայ փառաբանված բռնցքամարտիկ, 1956-ի Մելբուռնի օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Նրանց հյուրընկալել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վլադիմիր Ենգիբարյանին պարգեւատրելով ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով: Նա նաեւ խոստացել էր հանրաճանաչ բռնցքամարտիկի հիմնադրած պատանի բռնցքամարտիկների մարզադպրոցն անվանակոչել Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ: ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ առաջարկել էր հաջորդ տարի Երեւանում մեծ շուքով ու հանդիսությամբ նշել Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը:
Եվ ահա երեկ Վլադիմիր Ենգիբարյանի, նրա տիկնոջՙ Քնարիկի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը: 1959-ին փառաբանված մեր բռնցքամարտիկի հիմնած մարզադպրոցն այսուհետեւ կոչվելու է Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ: Բացման խոսքում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես նշեց. «Այսօր շատ ուրախալի օր է, որը կապված է մեր հարգարժան օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան հետ: Նա հայկական սպորտի կենդանի լեգենդ է, մեծ ներդրում ունի բռնցքամարտի զարգացման գործում: Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանՙ իր հիմնադրած մարզադպրոցն անվանակոչելով Ենգիբարյանի անվամբ, նաեւ թանգարան ենք ստեղծում: Նման մարզիկները մեր ազգի պարծանքն են, օրինակ են ծառայում մատաղ սերնդի համար: Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում Վլադիմիր Ենգիբարյանին եւ իր տիկնոջը: Նաեւ հրավիրում եմ հաջորդ տարի եւս այցելելու հայրենիք, որտեղ մեծ շուքով կնշենք մեր անվանի բռնցքամարտիկի ծննդյան 80-ամյակը»:
Վլադիմիր Ենգիբարյանն իր շնորհակալությունը հայտնեց Գագիկ Ծառուկյանից, նշելով, որ իր երազանքն իրականացավ ու դարձյալ ընկերներով միասին են: Տիկին Քնարիկն էլ հետեւյալը նշեց. «Այսօր մի հրաշալի, բաղձալի, երջանիկ օր է բոլորիս, հատկապես մեր ընտանիքի համար: Մեր պատահական այցը հայրենիք «ոսկեջրվեց» շատ հարգարժան Գագիկ Ծառուկյանի շնորհիվ: Շատ շնորհակալ եմ, որ իր թանկարժեք ժամանակից տրամադրեց այս միջոցառումը կազմակերպելու համար ու դպրոցն անվանակոչեց հիմնադրի անունով»: