«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


«ԲԱՆԱՆՑԸ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

Երեք հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 20-րդ խաղարկությունը: Խփվեց 6 գոլ, որոնցից երեքը գրանցվեցին «Բանանց»-«Գանձասար» խաղում: «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած այդ խաղում դաշտի տերերը կիսաեզրափակիչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրինՙ 3 անպատասխան գնդակ խփելով կապանցիների դարպասը: Արդեն 6-րդ րոպեին Խաչատուր Ավետիսյանը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո Նորայր Գյոզալյանն ու Բետոն եւս 2 գոլ խփեցին:

Բավական հետաքրքրական մրցավեճ էր ծավալվել Իջեւանում Գյումրիի «Շիրակի» եւ «Փյունիկի» միջեւ: Չեմպիոնի կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Մարկոսը, իսկ ահա «Շիրակում» նորամուտը նշեց «Բանանցի» պաշտպան Հովհաննես Գրիգորյանը:

Շիրակցիները բավական հաջող էին գործում թիկունքում ու դիմում էին վտանգավոր հակագրոհների: Դրանցից մեկի ժամանակ էլ 33-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսում փյունիկցիներին այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:

Ընդմիջումից հետո վճռորոշ եղավ շիրակցի Արմեն Տիգրանյանի հեռացումը: Ընդամենը 7 րոպեում մրցավարը նրան 2 անգամ դեղին քարտ ցույց տվեց ու հեռացրեց դաշտից: Մնալով 10 հոգով, «Շիրակը» շարունակում էր դիմակայել «Փյունիկի» հուսահատ գրոհներին, վստահ էր խաղում դարպասապահ Լոգվինովը: Թվում էր, թե «Շիրակը» խաղը կհասցնի հաղթական ավարտի, սակայն խաղավարտից 4 րոպե առաջ «Փյունիկին» փրկեց թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը: Աջ եզրով առաջ շարժվելով, Հովսեփյանը դիպուկ հարվածով գրավեց դարպասը: Խաղավերջում շիրակցի Կարեն Ալեքսանյանը նպաստավոր դիրքից վրիպեց, իսկ Սարգիս Հովսեփյանի հարվածից հետո «Շիրակին» օգնության եկավ դարպասաձողը:

Ինչպես տեղեկացանք «Շիրակ» ակումբից, այսօր ակումբի ղեկավարությունը պատրաստվում է դիմել ՀՖՖ, որպեսզի Արմեն Տիգրանյանին մրցավար Մանուկ Ֆահրադյանի ցույց տված կարմիր քարտը չեղյալ համարվի:

«Հրազդան» մարզադաշտում մրցեցին «Ուլիսն» ու «Արարատը»: Խաղն անցավ ուլիսցիների որոշ առավելությամբ, որոնք մի քանի գոլային պահեր ստեղծեցին: Մասնավորապես Արտյոմ Ադամյանի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, իսկ Ալբերտ Թադեւոսյանի եւ Շոթա Ջիքիայի հարվածները հետ մղեց «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պետուխովը: Արարատցիները հիմնականում պաշտպանվում էինՙ դիմելով հակագրոհների, որոնք առանձնակի վտանգ չէին ներկայացնում: Միակ դիպուկ հարվածն «Ուլիսի» դարպասին կատարվեց 45-րդ րոպեին: Վլադիմիր Մալկովը հետ մղեց Կարեն Ավոյանի հարվածը:

«Ուլիսին» ի վերջո հաջողվեց կորզել հաղթանակը: 76-րդ րոպեին հսկողությունից դուրս մնացած Արտյոմ Ադամյանը գրավեց Պետուխովի դարպասը: Նշենք, որ «Ուլիսի» ֆուտբոլիստների գործողություններն այս խաղում ղեկավարում էր Արթուր Ասոյանը, քանի որ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը Լոնդոնում մասնակցում է մարզչական սեմինարի:

Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Արթուր Ասոյան («Ուլիս») - Խաղը կարելի է բավարար գնահատել, հաշվի առնելով, որ մրցաշրջանի մեկնարկում լարվածությունը մեծ է: Մեր ֆուտբոլիստների վրա ազդեց դաշտի փոփոխությունը: Պարապմունքներն անցկացնում ենք Մասիսի խաղադաշտում: Դրա հետեւանքով էլ այսօր ֆուտբոլիստները չկարողացան արագ գործել: Զգացնել տվեց նաեւ մեր գլխավոր մարզչի բացակայությունը: Խաղային օղակները լավ էին համագործակցում: Շնորհավորում եմ տղաներին հաղթանակի առթիվ: Կարեւոր էր, որ մրցաշրջանը հաղթանակով սկսեցինք:

  Արկադի Անդրեասյան («Արարատ») - Ընդհանուր առմամբ վատ չխաղացինք, թեեւ չհաջողվեց կատարել խնդիրըՙ դարպասն անառիկ պահել: Կարելի է ասել, որ այսօր մարզական բախտը մրցակցի կողմն էր: Մենք բավարար ուժեր ունենք, սակայն հարձակման գծում վառ արտահայտված հարձակվող չունենք, որոշ ֆուտբոլիստների անհատական վարպետությունն էլ բարձր չէ: Աշխատանք է տարվում թիմը կազմավորելու, խաղը կարգավորելու հարցում: Այսօր ծրագրել էինք մեկ հարձակվողով խաղալ: Եվ քանի որ Արա Հովհաննիսյանն ավելի արագաշարժ է, ուստի Գեւորգ Կարապետյանին չէինք հայտավորել:

Այսօր կկայանա քառորդ եզրափակիչի վերջինՙ «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը: Պատասխան խաղերը կկայանան մարտի 14-15-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4