ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Աշխարհն անհանգիստ է` երկրաշարժ ու ցունամի, Քադդաֆի ու նարնջագույն հեղափոխությունների տարածում, անգամ երկրաշարժ ու հրաբուխ Ադրբեջանում` սա երկրագունդը դարձնում է անհանգիստ ու անհարմարավետ տուն մարդկանց համար: Աշխարհի մեր անկյունում եւս հանգիստ չէ: Ընդդիմությունը նորից ուզում է փողոց դուրս բերել ընդդիմադիր զանգվածին, նպատակն անհայտ է` եթե սոցիալական բողոքի, թանկացումների եւ դժվար ապրելակերպի դեմ` սրանք կարգավորելու, այնուամենայնիվ, լծակներն իշխանության ձեռքին են: Եթե պահանջելու են իշխանությունից` մեթոդներ գտնել մեր կյանքը կարգավորելու, եթե ուզում են ազդելու նրա վրա` սրա մեջ ռեսուրս կա: Բայց եթե այլ նպատակներ կան, եթե ստվերային կառավարող կա, որ հարմար պահին ազդանշան է տալու օրանժ հեղափոխության համար` այդ քյանդրբազության վտանգը, կարծում ենք, ընդդիմության առաջնորդը բոլորից լավ պետք է իմանա, որովհետեւ հեղափոխություններին հաջորդող քաոսի մեջ ինքը մեկ անգամ եղել է արդեն, տեսել , թե որքան դժվար է քանդվածը վերականգնելը: Բայց այն ժամանակ բնակչությունը այսպես աղքատ չէր, բացի այդ` ինքնիշխան պետություն ունեալու համար էինք պայքարում, իսկ հիմա շատ շերտեր կան, որոնք ոչինչ չունեն կորցնելու, եւ նրանց համար միեւնույն է` անկառավարելի՞ է` չունեն, թե՞ կառավարելի է` չունեն: Ահա այսպիսի իրավիճակում, արմատական ընդդիմությունը գնում է գարնանային երկրորդ հանրահավաքին, ընդ որում նախորդ անգամ մի թուղթ էին ներկայացրել` վերջնագիր, հիմա այդ թղթի ժամկետը լրացել է, ու մարտի 17-ին բողոքավոր զանգվածը հավանաբար պետք է ինչ-որ որոշում պահանջի իր ղեկավարներից: Ահա այսպիսի իրավիճակում նախագահ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպելով, թվում է, պետք է կոշտ արձագանքեր ընդդիմությանը, նրա վերջնագրին, նրա ղեկավարներին... բայց տեղի ունեցավ հակառակը: Նախագահն ասում է. «Մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը եւ առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն, այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել: Թեեւ դա էլ է նորմալ երեւույթ:
Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որ տեսնի խնդիրները, քննադատի եւ հաջորդ ընտրություններում ունենալով կողմնակիցների մեծ բանակ` դառնա իշխանություն եւ այսպես շարունակ»: Հետաքրքրական է, թե սա ում է ուղղված` արդյո՞ք ՀԱԿ-ին, նրա ղեկավարին ու նրա վերջնագրին, իհարկե` այո: Միաժամանակ` Սարգսյանը հանրահավաքներին ու նրա մասնակիցներին էլ կոշտ որակումներ չի տալիս. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում: Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձեւաչափեր են ձեւավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիրները ճիշտ հետեւություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Ասածս որպես ռեւերանս չընդունեք, բայց, փա՛ռք Աստծո, շատ պարագաներում ե՛ւ այս կողմում, ե՛ւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր: Իհարկե, այդպիսի նպատակներ պետք է լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կլիներ քաղաքական գործունեությունը, բայց նորից եմ կրկնում, մենք բոլորս պետք է հստակ տեսնենք այդ սահմանը, բոլորս` յուրաքանչյուրս, պետք է մեր հերթին անենք ամեն ինչ, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն»: Ի՞նչ կա այս բոլորի տակ, արդյո՞ք նախագահ Սարգսյանը լավ հաշվարկված սխեմա է ուղղել դեպի ընդդիմություն եւ նրա առաջնորդին` մանեւրելու տեղ չթողնելով վերջինիս, թե ինչ որ դու ես ասում, մենք էլ գիտենք, ու ելքեր փնտրում ենք, դու քո անելիքը ցուցանիր: Արդյո՞ք, ինչպես ինտերնետային ֆորումներում են ենթադրություններ արվում` առաջին եւ երրորդ նախագահները կարող են (էին) պայմանավորվել, քանի որ փորձ ունեն, պետության եւ պետականության, ազգային եւ քաղաքական նկրտումների սահմանը գիտեն, եւ պայմանավորվածությունն ընդամենը տանելու է բնական ու հերթական ընտրությունների, վերահսկելի հանրահավաքների եւ բողոքի ուղղորդման քաղաքակիրթ ճանապարհի... այլապես չէր ասվի հանրահավաքների կոռեկտության մասին: Այսինքն, երբ Ռազմիկ Զոհրաբյանը կամ Էդուարդ Շարմազանովը կոշտ գնահատականներ են տալիս վերջնագրին ու այն բարձրաձայնողին` սա կարելի է տեղավորել քաղաքական նկրտումների մեջ, բայց երբ երկրի ղեկավարն ասում է, որ կա սահման քաղաքական նկրտման ու պետության ու պետականության մեջ, ու մեղմ որակումներ է տալիս ընդդիմությանը, սա կարելի է քաղաքական նկրտումից վեր` ազգային շահի մեջ դասել: Այդպիսով` նախագահ Սարգսյանը փաստորեն սահմանափակում է ՀԱԿ առաջնորդի տեղաշարժվելու հարթությունը. վերջինս երկու ելք ունի մարտի 17-ի հանրահավաքում` կամ ավելի սրել եւ կոշտ պատասխանել նախագահ Սարգսյանին ու հանրահավաքավորին կոչել գործողությունների, կամ հակառակը, ընդունել փորձ ունենալու եւ սխալների վրա սովորելու նախագահ Սարգսյանի մարտահրավերը, եւ մարդկանց ուղղորդել պետականությունը, ու ոչ թե քաղաքական նկրտումը (էլ չասած` նարնջագույն սադրանքը) գերադասելու ճանապարհով... դեպի հերթական ընտրություններ:
Նախագահ Սարգսյանի` ընդդիմադիրներին ուղղված խոսքը արդեն երեկ տարբեր մեկնաբանությունների էր արժանացել: Մեկն ասում էր` Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի մեկնարկն էր: Հատկապես` նրա նշած ոլորտներում խոստացած փոփոխությունների մասով: Ընդդիմադիրներն այդ ամենը բացատրում են ընդդիմության ակտիվության հետեւանքով ստեղծված ակտիվ հասարակական ֆոնով` գումարած աշխարհում հայտնի գործընթացների ազդեցությունը: Եթե նկատենք, որ արտահերթ ընտրությունների իդեա ֆիքսը, բացի արտաքին հրահրիչների զորաշարժերից, այլ ավելի մեծ ռեսուրս չունի, սա արդեն ասել ենք, այսինքն` չի հավաքվի գոնե 100 հազար մարդ- կրիտիկական զանգվածի չգոյությունը ոչ մի շանս չի տալիս ընդդիմությանը. այս պրիզմայով դատելիս կարելի է նախագահ Սարգսյանի ասածները` իր բարեփոխիչի կերպարի ձեւավորման անհրաժեշտ ատրիբուտների մեջ դիտարկել, թեեւ այդ բարեփոխումներն արդեն իսկ ուշանում են, որովհետեւ նա երեք տարի ուներ իր նշած ոլորտներում փոփոխություններ անելու, իսկ դրանք չեն իրականացվել:
Փաստորեն` ուշադիր պետք է հետեւել մարտի 17-ի հանրահավաքին` Եթե Տեր-Պետրոսյանը սրի, նշանակում է, փորձ ու սխալներից սովորելն իզուր է ասված նրա մասին, եւ նա փորձում է ոտքը դուրս դնել Սերժ Սարգսյանի նշած սահմանից դեպի նարնջագույն հորիզոններ: