Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարարությամբ լրիվ պատրաստականության է հայտարարված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 մարդուց բաղկացած ջոկատը: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա եւ օգնել աղետից տուժածներին: Փրկարարական խմբի անդամներից 22-ըՙ միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, կմեկնեն աղետի գոտի, երբ Ճապոնիայի կողմից կլինի հաստատում: Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր. «Աղետների գնահատման եւ հակազդման թիմի» հավաք: Մեր տարածաշրջանում նշված թիմի անդամ են ՀՀ ԱԻ նախարարության երկու բարձրաստիճան սպաներ, որոնք, հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամության մասին:
Մ. Մ.