Թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքը` 15.000 դրամ
Ստեփանակերտի օդանավակայանը, որի վերակառուցման աշխատանքները շարունակվում էին շուրջ մեկ տարի, կշահագործվի մայիսի 9-ից: «Ազգ» -ին ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունից փոխանցեցին, որ ավարտվել են շենքի հարդարման աշխատանքները, շարունակվում է տեխնիկական վերազինումը, ինչին կհաջորդի տարածքի ասֆալտապատումը: Արցախում են գտնվում ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքն ապահովող սարքավորումները: Նախատեսվում է շահագործել ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքների կարգավորման կենտրոն:
Ստեփանակերտի օդանավակայանին կից կգործի ավիաուսումնական կենտրոն. նպատակը որակյալ եւ մասնագիտացված անձնակազմի պատրաստումն է: Ստեփանակերտի օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւորի: Սկզբնական փուլում օդանավակայանից կիրականացվի միայն Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ չվերթը, սակայն հեռանկարում կլինեն նաեւ այլ ուղղություններով թռիչքներ: Ուղեւորափոխադրումները կիրականացնի «Արցախավիա» ավիաընկերության 50-տեղանոց 3 SRJ-200 ինքնաթիռներով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազում է 15-16 մլն դոլար:
Ինչպես «Ազգը» գրել էր ամիսներ առաջ, Ստեփանակերտում վերակառուցվելիք օդանավակայանը ճախրող թռչունի տեսք ունի: 1200 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող օդանավակայանը Ստեփանակերտից 8 կմ հեռու է: Երկհարկանի գեղեցկուհին կունենա բար, սրճարան, ավտոկայանատեղի, բուժկետ, VIP սրահ հատուկ հյուրերի համար:
Օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքը չի գերազանցի 15.000 դրամը:
Հ. Հ.