«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ՎՐԱՍՏԱՆԻ` «ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ» ՈՒ ԱՄՆ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Միացյալ Նահանգները եվրոպացիների հետ կշարունակի քաջալերել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը, ինչպես նաեւ Մինսկի խմբում կմեծացնի իր ներգրավվածությունը` աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովին ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարության աշխատանքն այդ տարածաշրջաններում` պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մարտի 10-ին անդրադարձել է ինչպես արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, այնպես էլ Աֆղանստանին, Իրանին, Միջին Ասիային ու Հյուսիսային Աֆրիկային, ՆԱՏՕ-Եվրոպա համագործակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաձեւակերպմանը վերաբերող հարցերին:

Ներկայացնելով վերջին երկու տարվա կտրվածքով տարբեր տարածաշրջաններում «գրանցած առաջընթացը»` Գորդոնը նշել է, որ, նախ, Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է Արեւելյան գործընկերության նախաձեռնությանըՙ ելնելով ծրագրում ընդգրկված երկրներում ժողովրդավարության ամրապնդման հեռանկարներից: Իսկ ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա այդ առնչությամբ Գորդոնը նշել է, որ թեեւ Եվրոմիության հետ ԱՄՆ-ի համատեղ ջանքերն արդյունք տալիս են, սակայն դեռեւս առկա են տարածքային վեճեր եւ տնտեսական ու քաղաքական հետագա բարեփոխումները լուրջ խոչընդոտ են Կովկասում առավել կայուն վիճակ ունենալու հարցում:

«Վրաստանում մեր զգալի ներգրավվածությունը եւ մեծ օգնությունը աջակցել են Վրաստանի տրանսֆորմացիային` զարգացող ժողովրդավարության ու Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկեր դառնալու առումով», հայտարարել է Գորդոնը: Նրա խոսքերով, եվրոպական գործընկերների հետ ԱՄՆ-ը «կշարունակի իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններում սուվերենիտետին»:

Կովկասյան այլ հատվածի առնչությամբ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է քաջալերել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը Մինսկի խմբում կմեծացնի իր ներգրավվածությունը` աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: Գորդոնը եզրափակել է. «Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պետք է աշխատեն միասին` խուսափելու Եվրոպայում հետագա հակամարտությունից եւ օգնելու տարածաշրջանի երկրներին դեպի ժողովրդավարական ապագա շարժման առնչությամբ, որ ներառում է խաղաղությունն ու առավել բարգավաճ վիճակը»:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4