«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՈՐ ԹԱՓ ԿՀԱՂՈՐԴՎԻ

Մարտի 14-ին կայացել է Հայաստանում Եվրոմիության խորհրդատվական խմբի խորհրդի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը :

Նրա գնահատմամբ` Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է, եւ դրան նպաստում է ԵՄ խորհրդատվական խմբի հետ արդյունավետ աշխատանքը. «Հատկապես կարեւոր է քաղաքական համագործակցության խորացումը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ` ասոցացման համաձայնագրի կնքմամբ: Կարեւոր է նաեւ ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գործընթացը նոր թափով առաջ մղելը, որը ենթադրում է լուրջ բարեփոխումներ Հայաստանում, այդ թվում` առկա բյուրոկրատական արգելքների վերացում, հարկային, մաքսային եւ այլ համակարգերում բարեփոխումներ: 2010 թվականին մեկնարկել են բարեփոխումները Հայաստանի դատաիրավական համակարգում: Հաստատվել է ոստիկանության համակարգում բարեփոխումների լուրջ ծրագիր, որը շարունակվելու է այս տարի: Այս տարի նախատեսվում է մարդու իրավունքների ազգային ծրագրի հաստատումը, որը մեր համագործակցության կարեւոր փուլերից մեկն է: Լուրջ քայլեր են ձեռնարկվել ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման ուղղությամբ»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն էլ իր հերթին կարեւորել է ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարվելիք աշխատանքին մեծ ուշադրություն դարձնելը:

ԵՄ խորհրդատվական խմբի նոր ղեկավար Անտտի Հարտիկայնենը ներկայացրել է խմբի տեխնիկական առաջադրանքը: Մինչեւ հունիս ամիսը նա կհավաքագրի շուրջ 20 նոր աշխատակիցների` ինչպես երկարաժամկետ եւ կարճաժամկետ միջազգային խորհրդատուների, այնպես էլ` փորձագետների Հայաստանից:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4