«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հրավիրում է բաց համաժողով, որտեղ ելույթ է ունենալու կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ կիրակի տեղի է ունեցել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը, որից հետո կուսակցության տարածած ծավալուն հաղորդագրության մեջ նշված է, թե օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների օրակարգերը շարունակում են չարտացոլել Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի արտաքին եւ ներքին պահանջներն ու ակնկալիքները, արտաքին քաղաքականությունը տեւապես զիջում է պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը, իսկ ներքին քաղաքականությունը խորացնում է անհավասարությունը: Բացի դրանից էլ` փետրվարի 17-ին, շփոթելով նախագահի նստավայրն ու պետական պարտականությունը կուսակցական գրասենյակի գործառույթի հետ` կոալիցիոն երեք կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական հուշագիր, որը օրախնդիր բոլոր մրցահրավերներին պատասխանելու փոխարեն ընդամենը խոստովանում է գլխավոր կուսակցապետի ու հիշյալ ուժերի` ժողովրդին պատկանող իշխանությանը եւս 7 տարով նույն կազմով ու հարաբերակցությամբ տիրանալու մտադրությունը, ինչը որակապես նոր վիճակ է ստեղծել երկրում: Թվարկելով այս եւ մի շարք այլ պարագաներ` ընդլայնված նիստը հայտարարել է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ. հետեւում են մանրամասն դրույթներ` հնարավոր բոլոր եղանակներով պայքարելու «իշխանության օրինական եւ արտահերթ նորովի ձեւավորելու համար», մենք միայն նշենք, որ վարչության նախագահի ճշգրտած ժամկետում այս բոլորի հետ կապված «Ժառանգությունն» արտահերթ համագումար կհրավիրի:
Մ. Խ.