«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՍՈՑՑԱՆՑԵՐՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Թեեւ ինտերնետային սոցիալական ցանցերը տարբեր երկրներում արդեն մաս են կազմում հասարակական ու քաղաքական կյանքի ու դարձել են մարդկանց համախմբելու արդյունավետ միջոց, այնուամենայնիվ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը կարծում է, որ հեղափոխության հավանականությունը կախված չէ ինտերնետային սոցցանցերից: Եթե Լիբիայում ինտերնետ չլիներ, մարդիկ դարձյալ կկազմակերպեին բողոքի ցույցեր: Եթե մարդը դժգոհ է, նա բողոքում է անկախ նրանիցՙ գրանցված է սոցիալական ցանցում, թե ոչ: Նախկինում մարդկանց համախմբելու համար թռուցիկներ էին բաժանում, իսկ հիմա համախմբելու հնարավորություն տալիս են հենց էլեկտրոնային սոցցանցերը, որոնց միջոցով կարելի Է հարյուրհազարավոր հաղորդագրություններ ուղարկել: Արթուր Աթանեսյանի խոսքով` ինտերնետային սոցցանցերը պարզապես կրկնօրինակում են իրական սոցիալական ցանցերին. «Եվ հեղափոխությունների առումով դրանց դերը պետք չէ գերագնահատել»:

Երեկ ՄԱԱ-ում սոցիոլոգիայի ամբիոնի վարիչը նշեց, որ մեզանում ինտերնետային այդ ցանցերը նույնպես տարածված են: Հայաստանում մոտավորապես 450 հազար հոգի գրանցված են Odnoklassniki ցանցում, իսկ շուրջ 95 հազար հոգի` Facebook-ում (խոսքը ոչ թե հայազգի, այլ զուտ հայաստանցի մասնակիցների մասին է): Facebook-ում իր մասնակիցների թվով աշխարհի երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 124-րդ տեղը, Վրաստանը` 86-րդ, Ադրբեջանը` 96-րդ, իսկ Թուրքիան 4-րդ տեղում է: «Սակայն այս դինամիկան ամեն օր փոփոխվում է», ավելացրեց բանախոսը: Վերջին 6 ամսում հայաստանցի մասնակիցների թիվն ավելացել է 5000-ով: Արթուր Աթանեսյանը նաեւ ընդգծեց, որ ինտերնետային սոցցանցերում առավել ակտիվ է երիտասարդությունը` ի տարբերություն միջին ու տարեց տարիքի քաղաքացիների, որոնք ավելի շատ դրսեւորում են համայնքային մտածողություն: Facebook-ում գրանցված 18-24 տարեկան հայաստանցի երիտասարդները կազմում են մասնակիցների 40 տոկոսը, իսկ 25-34 տարեկան քաղաքացիները` 30 տոկոսը: Ընդհանուր հաշվով` այս ցանցում գրանցված են շուրջ 85 հազար երիտասարդներ, որոնք համացանցում բարձրաձայնում են նույնիսկ այնպիսի թեմաներ, ինչպիսին է օրինակ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ակտիվորեն քննարկվում են տարբեր խնդիրներ, իհարկե, ոչ միայն երիտասարդների մասնակցությամբ:

Ա. Աթանեսյանը տեղին անդրադարձավ էկոլոգիական խնդիրներին, որոնք ավելի ակտիվ քննարկվում են Facebook-ում, քան զանգվածային լրատվամիջոցներում: Այդ քննարկումների միջոցով իշխանությունները կարող են ծանոթանալ մասսայական կարծիքին, եւ դրանք կարող են ծառայել կարեւոր տեղեկատվական հենք որոշումների կայացման համար: Արթուր Աթանեսյանը կարծում է, որ խելամիտ իշխանությունները ոչ միայն չպետք է փակեն այդ ցանցերը, այլեւ խրախուսեն դրանց գործունեությունը եւ օգտվեն ցանցերից: «Կուզենայի, որ մեզանում դրանց փակման մասին նույնիսկ չմտածեին: Փակումը հակառակ էֆեկտը կտա: Եթե այդ ձայնը փակվի սոցցանցում, կբացվի փողոցում», նշեց բանախոսը:

Այնուհետեւ անդրադառնալով Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալմանը, որոնք փորձել էին բողոքի համազգային օր կազմակերպել Facebook-ի միջոցով, Արթուր Աթանեսյանը նշեց. «Ճի՛շտ է, ադրբեջանական իշխանությունները սահմանափակեցին երիտասարդների ակցիան, սակայն հավատացած եղեք` երիտասարդները դա չեն ներելու, ու եթե առիթ լինի, կբացվի այդ ըմբոստությունը»: Ակտիվիստներին ձերբակալել էին Facebook-ում «Ադրբեջանի մեծ մարդկանց օր» կոչվող սոցիալական էջի բացումից հետո: Նրանց նպատակն էր իրենց երկրում եւս հեղափոխական տրամադրություններ տարածել: Սակայն ձերբակալելով ակտիվիստներին` իշխանությունները հասկացրին, որ չեն հանդուրժի բողոքի նման ակցիաները:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4