Մոսկվան միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելուՙ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մտահղացումը թեւակոխում է իրագործման փուլը: Հրապարակվել են 27 մարդկանց անունները, որոնք խորհրդատու կարգավիճակով օգնելու են երկրի ղեկավարին 10 միլիարդ դոլար կազմող ինվեստիցիոն հիմնադրամը կառավարելու գործում: Այդ գումարը Ռուսաստանի էկոնոմիկայի արդիականացման հռչակված ծրագրի շրջանակում նախատեսված է բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացման համար:
Ստեղծված խորհրդատվական խումբն իր կազմով միջազգային է, որի մեջ մտնում են հանրահայտ բանկային խմբերի, աուդիտորական ընկերությունների ղեկավարներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ եւ այլք: Հրավիրյալների թվում են, օրինակ, Morgan Stanley-ի վարչության նախագահ Ջոն Մաքը, Deutsche Bank-ի ղեկավար Յոզեֆ Աքերմանը, Citigroup-ի ղեկավար Վիքրամ Փանդիտը եւ ուրիշներ:
Ցուցակի մեջ 27-ից ռուսաստանցի են սոսկ 8-ը: Հաճելի է արձանագրել, որ նրանցից երկուսը մեր հայրենակիցներն են: Հայաստանում լավ են ճանաչում անվանի բիզնեսմեն, ֆինանսիստ, ինտելեկտուալ, «Տրոյկա Դիալոգ» ինվեստիցիոն ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահ, Հայաստան¬2020 նախագծի կոորդինացիոն խմբի անդամ Ռուբեն Վարդանյանին: Հայտնի է նրա գործարար եւ բարեգործական աշխատանքը նաեւ Հայաստանում: Ինչպես ընդունված է ասելՙ նա ամուր թելերով կապված է իր ծննդավայր Երեւանին, հայրենիքին:
Թերեւս նվազ ճանաչված է Հայաստանում մյուս մասնակիցըՙ խորհրդային նշանավոր տնտեսագետ Աբել Աղանբեգյանի որդինՙ Ռուբենը: Նա ծնվել է 1972 թվականին Նովոսիբիրսկում, ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան: Ժամանակին «Տրոյկա Դիալոգում» համագործակցել է Ռուբեն Վարդանյանի հետ: Ներկայումս որպես հեղինակավոր ֆինանսիստ գլխավորում է Ռուսաստանի, ԱՊՀ երկրների եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն արժութային բորսաներից մեկըՙ իԸԿ «ԾԾԹը»: Այստեղ ամեն օր աճուրդի են դուրս գալիս արժեթղթեր թողարկող մոտ 700 հաստատություններՙ 300 մլրդ դոլարի ընդհանուր կապիտալացումով: Դրանց մեջ կարելի է նշել տարբեր բնագավառների խոշորագույն ռուսաստանյան ընկերություններՙ «Գազպրոմ», «Ռոստելեկոմ», «Սբերբանկ», «Լուկօյլ» եւ ուրիշներ:
Անկեղծ ասած, ես չգիտեմ իր հայրենասեր հոր կամ անվանակից Վարդանյանի պես Ռուբեն Աղանբեգյանն ինչքանով է կապված Հայաստանին: Եթե այդ կապը պատշաճ մակարդակի վրա չէ, ապա ուրեմն վատ են աշխատում Հայաստանի եւ մոսկվացի հայերի լոբբիստական խմբերը: Բոլոր դեպքերում նշանակալից իրողություն է, որ աշխարհի խոշորագույն տերություններից մեկի ղեկավարի մերձավոր շրջապատում կան արժանի հայրենակիցներ, տվյալ դեպքումՙ երկու Ռուբեններ: