«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները «անկողմնակալ եւ թափանցիկ» հեռուստածրագրի ստեղծման նպատակով կազմակերպել են դրամահավաք: Նոր հեռուստածրագիրը պետք է դառնա կապուղի չստացած «Ա1+»-ի հաղորդումների մի մասը: Նախատեսվում են լրատվական թողարկումներ, մշակութային եւ կրթական ուղղվածության ծրագրեր, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճեր:
Ի պատասխան «Ազգ» օրաթերթի հարցիՙ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն ասաց, որ ծրագրի հեռարձակման մի քանի տարբերակ է մշակվել: Դրանցից ամենաթանկը արբանյակային հեռարձակումն է` 1 մլն 350.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը ստեղծվել է 2010-ին «Ա1+» հեռուստաընկերության համար միջոցներ հավաքելու նպատակով: Հեռուստաընկերությունը մասնակցում էր թվային հեռուստահաճախականության տրամադրման մրցույթին, սակայն բավարար քանակությամբ միավոր չստացավ եւ պարտվեց: ՀՌԱՀ-ը փոխարենը կապուղի տրամադրեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
2010-ի հոկտեմբերին մեկնարկած դրամահավաքն, ըստ Մեսրոպ Մովսիսյանի, առավել կենտրոնացած էր մարդկային ձայների վրա: Այդ ժամանակ դրամահավաքին մասնակցեց 30.000 մարդ` հավաքված գումարը մեծ չէր` 1 մլն 250.000 դրամ, 5410 ԱՄՆ դոլար եւ 110 եվրո: Այժմ կրկին մեկնարկում է դրամահավաք, որտեղ շատ կարեւոր է ֆինանսական աջակցությունը: Մեսրոպ Մովսիսյանը համոզված է, որ 6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի անհրաժեշտ 1 մլն 341.140 դոլար գումարը հավաքել: Հավաքման համար հատուկ բանկային հաշիվ կբացվի:
Հ. Հ.