Ձեւավորված ավանդույթի համաձայն, ապրիլի 3-8-ը Երեւանում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ, կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 9-րդ փառատոնը: Առաջին անգամ «Արմմոնո» փառատոնը անցկացվել է 2003 թ., ՀԹԳՄ նախագահ, փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Տարեց-տարի փառատոնի շուրջը հետաքրքրությունը ընդարձակվեց ու այն դարձավ ավանդական, ընդգրկելով աշխարհի տարբեր ծայրերից թատերախմբերի, բեմադրիչների ու դերասանների: Այդօրինակ փառատոնը նաեւ հրաշալի հնարավորություններ է ստեղծում երիտասարդ ռեժիսորների, դերասանների, բեմական նկարիչների համար, իրենց հնարավորություններն ու շնորհքը ի ցույց դնելու եւ աշխարհում զարգացող մոնոներկայացումներում օգտագործվող նորություններին մոտիկից ծանոթանալու, նաեւ մասնակցելու միջազգային այլ փառատոների:
Այս տարի, փառատոնի ընթացքում կներկայացվի 17 ներկայացումՙ մասնակցությամբ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Եգիպտոսի եւ իհարկե Հայաստանի արտիստների: Փառատոնը բացելու պատիվը տրված է ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմեյրին (Գերմանիա), որը թատերասերների դատին կհանձնի «Վերթեր» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակներում հանդես կգա նաեւ Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացումով: Ռուսաստանից հանդես կգա նաեւ դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացումով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ