Մի հանճարեղ գիտնական, խնձորենու տակ հանգստանալիս, խոր մտորումների մեջ ընկավ, թե այդ ինչո՞ւ է խնձորը ներքեւ ընկնում եւ ոչ թե թռչում վեր։ Եվ հայտնագործեց երկրի ձգողականության օրենքը։ Գիտնականը գիտնական է մնում։ Նա մտածում է կոնկրետ։ Մեկ ուրիշ հանճարեղ գիտնական, հետեւելով, թե ինչպես են դեռահասները խաղում «գիր-ղուշ» «խուլիգանական» խաղը, մտքի մեջ ընկնելով, ինքն իրեն հարց տվեց. «Հետաքրքիր է, որքա՞ն հաճախ կարող են կրկնվել «գիրը» կամ «ղուշը»։ Եվ անմիջապես հայտնագործեց մեծ թվերի տեսությունը կամ օրենքը։ Դա նշանակում է, որ եթե մետաղադրամը մի քանի անգամ շարունակ նույն երեսի վրա է ընկնում, ապա նման երջանկությունը ոչ մի դեպքում չի կարող օրինաչափ համարվել։ Այդ դեպքում որքան ավելի մեծ է կրկնությունների թիվը, այնքան ավելի հետաքրքիր բաներ են կատարվում, կապված հավանականությունների, պատահականությունների եւ այլ խրթին բառերի հետ։
Բոլորովին էլ հենց այնպես չսկսեցի խոսակցությունը այդքան հեռավոր, բարձր ու բարդ հասկացություններից։ Պարզապես հաճախ հետեւում ես նավի ճոճքին, ինչի մասին բազմիցս գրել եմ, ու ակամա, թեկուզ պարզունակ, բայց մտքեր են ծնվում այդ նույն օրինաչափությունների եւ պատահականությունների մասին։ Այ, գնում է նավն իր կուրսով, նույն ամպլիտուդով թեքվելով աջ ու ձախ։ Եվ ապա, նման կողաթեքումների որոշակի քանակից հետո, միեւնույն անփոփոխ քամու եւ ծովի բալայնության պայմաններում, հանկարծ կտրուկ մեծացնում է ճոճքի ամպլիտուդի չափերը, ասես ինչ-որ մեկը դրսից լրացուցիչ ջանքեր է գործադրում։ Եվ այդ բանը կրկնվում է բազմաթիվ անգամներ։ Եվ ամպրոպային փոթորկի ժամանակ էլ դժվար է որեւէ օրինաչափություն սահմանել։ Ամեն պահին ուղիղ նավաքթի առջեւ կարող է վեր խոյանալ մի ամբողջ բազմահարկ։ Եվ այդ ամենի մասին հերթափոխ տանողներն ստիպված են գործուն կերպով մտածել։
Շատերին թվում է, թե որքան ավելի մոտ լինես ափին, այնքան սիրտդ հանգիստ կլինի։ Իհարկե, նույնիսկ շա՜տ հանգիստ է բուն ափի վրա, իսկ ինչ վերաբերում է անմիջականորեն ափեզերքով նավակելուն, ապա այստեղ մեծ խնդիրներ են ծագում։
Ծովայինները հաճախ են օգտագործում «ավելի ծովամերձ շարժվել» արտահայտությունը։ Այսինքնՙ հեռանալ ափից։ Դուրս գալ բաց ծով։ այնտեղ ավելի հուսալի է։ Իսկ եթե մոտ ես ափին, ապա կան ե՛ւ խորության, ե՛ւ ստորջրյա քարերի, ե՛ւ ամենագլխավորըՙ ալեբախության խնդիրներ։ Հավանաբար շատերն են բազմիցս նկատել, որ երբ թվում է, թե հանգիստ ու խաղաղ է ծովի հայելին, ապա անմիջականորեն ափի մոտ ուղղակի փոթորիկ է։
Կարելի է տեսնել, թե ինչպես երկար շարքով, միմյանցից որոշակի հեռավորության վրա, թավալգլոր ափն են լիզում ճերմակաբաշ, երկարավուն ալիքներ։ Եվ ապա արագությամբ հետ են քաշվում ու բախվում ափին մոտեցող մյուս ալիքին։ Եվ այս ամենը կարող է տեղի ունենալ բացարձակ անհողմության պայմաններում։ Հենց դա էլ օվկիանոսի շնչառությունն է, երբ ինչ-որ հեռու-հեռվում գերակա քամուց ծնված ալիքները քշվում են ափամերձ տարածք, որտեղ իրենց անհամբերությամբ են սպասում սերֆինգիստները։ Սակայն բավական է քամին մի փոքր ուժգնանա, որպեսզի բառացիորեն աչքիդ առաջ փոխվի այդ ալիքների վարքագիծը, որոնք հաճախ, բախվելով պատվարին կամ ժայռին, աղմուկով ծառս են հանում իրենց ահռելի, սպիտակ կատարները։
Առաջին իսկ օրը, երբ հայտնի դարձավ, որ Զատկի կղզում նավամատույց չկա, եւ ստիպված ենք լինելու խարսխի կանգնել, անհնար էր չտեսնել ու չգիտակցել մեր խնդրի աստիճանը։ Մենք հիանալի հասկանում էինք, որ ցանկանանք, թե ոչ, հաճախ ենք ստիպված լինելու մեր ռետինե մոտորանավակով ափ հասնել։ Ես հասցրեցի հաշվել, որ մինչեւ ափագիծ միաժամանակ գլորվում են ալիքային շարքերի երեք, երբեմն էլՙ չորս գծեր։ Ահա այդպիսի բավական բարդ արգելքի միջով փոքրիկ նավակը պետք է օրական մի քանի անգամ անցնի, եւ հետ գա հիմնականում բեռնված։ Ճիշտ է, այդ գործում շատ է հմտացել մեր ջրամոտորիստ Վահագն Մաթեւոսյանը, ճարպկորեն խուսանավելով ալիքների միջեւ։ Սակայն ոչ ոք չի փոխել մեծ թվերի օրենքը։ Այնպես որ, ամեն անգամ բախտը չի ժպտա։ Մի խոսքով, պատահեց այն, ինչը բարձրահունչ ասածՙ պետք է որ պատահեր համաձայն հավանականությունների տեսության։
Ուշ երեկոյան գործով ափ մեկնեցին Սամվել Կարապետյանը, Հայկ Բադալյանը, այս անգամ ոչ պակաս փորձառու, բայց հանդուգն ջրամոտորիստ Մուշեղ Բարսեղյանի հետ, որն էլ վարում էր նավակը։ Մուշեղը գիտեր, որ պետք է հաղթահարի երեք արգելքՙ ալիքների երեք շարք։ Բարձրացավ առաջին ալիքի վրա, որի կատարի սպիտակ բաշն այնքան էլ մեծ չէր, բայց ալիքի չափերն էին ահռելի։ Պահը որսալով, Մուշեղը նավակն ուղղեց այդ ալիքի հակառակ լանջն ի վար։ Եվ հենց այդ պահին շարժիչը լռվեց։ Ցավոք, այլ իրավիճակներում նման բան հաճախ էր պատահել։ Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մենք պարզապես տանջվում ենք մեր նավի հետ։ Անընդհատ զբաղված ենք նորոգումներով։ Անհարմար է նույնիսկ բողոքել։ Ախր, չափից դուրս խախուտ է մեր առագաստանավը։ Մի քանի անգամ նորոգել ենք նաեւ շարժիչը։ Ի դեպ, նույն Ռալֆ Յիրիկյանն արդեն գումար է հատկացրել նոր շարժիչ ձեռք բերելու համար, բայց պարզվեց, որ այնքան էլ հեշտ չէ այն գնել։ Պատվիրել ենք Նոր Զելանդիայում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը։ Երբ կախովի շարժիչը լռեց, իսկույն կտրուկ վեր բարձրացավ խելը, նավակը շրջեց 180 աստիճանով, ծածկելով տղաներին։ Երեքն էլ հայտնվեցին ճիշտ ալիքի մեջտեղում։
Մուշեղը հետո էր պատմելու ինձ, որ այդ պահին մտածում էր Հայկի մասին, որը բոլորովին էլ չի թաքցնում, որ վատ է լողում։ Ինքըՙ Հայկն ասաց, որ արդեն ջրի տակ ինքն իրեն գովեց նրա համար, որ իր հետ չէր վերցրել շատ թանկարժեք ֆոտոխցիկը։ Միաժամանակ նա ջանում էր ջրից դուրս գալՙ վեր մեկնած մի ձեռքը, որով բռնել էր մյուս ֆոտոխցիկը, որ կարող է աշխատել ջրումՙ մինչեւ հինգ մետր խորության մեջ։ Ծիծաղելով, նա պատմում էր, որ հիշեց Արեգ Նազարյանին, որը Ադրիատիկում նկարահանումներ կատարելիս ցած ընկավ նավից եւ սկսեց դեպի «Կիլիկիա»-ն լողալՙ վեր ձգված ձեռքում պահելով նոր հեռուստախցիկը։ Արեգն, իհարկե, այդ պահին չէր էլ մտածում, որ աղի ջրում հայտնված սարքն արդեն մեռած է։ Սամվելին չեմ տեսել, եւ չգիտեմՙ ինչի մասին էր մտածում։ Հավանաբարՙ իր դստրիկի։
Պարզվեց, որ այդ դրամային ակամա հետեւում էր հոլանդական ոչ մեծ զբոսանավի տերըՙ Վարրեն Ելզինգան, որն այդ ողջ ընթացքում խարսխված էր «Արմենիա»-ի կողքին։ Բնականաբար մինչ այդ խոսել էինք Վարրենի եւ նրա կնոջՙ Մարիայի հետ, որը նույնպես հետեւում էր վթարին։ Երկու խոսքՙ այդ զույգի մասին։ Ահա արդեն չորրորդ տարին է, ինչ իրենց զբոսանավակով գտնվում են ծովերում, օվկիանոսներում, մեծ մասամբՙ ցամաքում։ Հոլանդիայում վաճառել են իրենց տունը, այդ գումարով կառուցել են նավը, եւ ինչպես Վարրենն է ասում, հիմա գործ են փնտրում։ Նման մարդկանց հաճախ ենք հանդիպել։ Դա իրենց գործն է, իրենց իրավունքն ու ցանկությունը։ Ամեն դեպքում, հիսուներեքամյա հոլանդացին առաջին իսկ օրը, երբ մենք խարսխվելու տեղ էինք ընտրում ջրաշարում, մեզ մոտեցավ իր փոքրիկ նավակով, բարձրացավ տախտակամած եւ մեզ ծանոթացրեց իրավիճակին, այդ թվումՙ թե ինչպես պետք է ճեղքել այդ նույն ալեբախությունը։ Ասես սիրտը վկայում էր, որ ինչ-որ փորձանքի ենք գալու։
Եվ ահա, այդ հիրավի «թռչող հոլանդացին» սրընթաց նետվեց տղաների կողմը, որոնք հասցնելով ջրի երես ելնել, ապարդյուն փորձում էին հրել շրջված նավակը։ Իսկ ուժգին ալեբախությունը մերթ այն մոտեցնում էր ափին, մերթ նետում հակառակ ուղղությամբ։ Վարրենը պարան նետեց եւ մեր «ռետինը» քաշեց ափ։ Նա քաղցրահամ ջուր է ճարեց, որպեսզի աղը լվանանք շարժիչի վրայից, բայց այդպիսի սանիտարա-հիգիենիկ լոգանքից հետո անգամ շարժիչը չաշխատեց։ Թռչող հոլանդացին տղաներին հերթով հասցրեց «Արմենիա»-ի մոտ եւ դրանով էլ իրականում փրկեց նրանց։ Մնում է Վարրենին ու Մարիային ցանկանալ հաջողությունՙ աշխատանքի իրենց որոնումներում, հավերժական համընթաց քամի եւ հավերժական յոթ ֆուտՙ նավախելի տակ։
…Նման դեպքերում տատիկս հաճախ էր ասում. «Ո՞ւմ էի մի կտոր հաց տվել»։ Դա նշանակում էՙ ո՞ւմ հանդեպ էի բարիք գործել, որ Աստված ինձ բարիքով պատասխանեց։ Այսպես էր բացատրում իր խոսքը տատիկս։ Եվ իրոք, իսկ եթե դժբախտություն պատահե՞ր…
Կղզում մեր ներկայության նախավերջին օրը, համաձայն արդեն ստեղծված ավանդույթի, Երեւան եւ Ստեփանակերտ նշումով մեր սեփական ցուցատախտակը տեղադրեցինք մինչեւ խոշոր քաղաքների հեռավորությունը եւ ուղղությունը ցույց տվող սյան վրա։ Սյունը գտնվում է կապիտանի աշխատավայրի կողքին, իսկ այն բնակչուհին, որ պատրաստել ու գրել էր այդ ցուցատախտակը, խոստացավ հոգալ, որ լավ պահպանվի։
Ի դեպ, հենց վերը նկարագրված տխուր հանգամանքը ինձ դրդեց վերջնական որոշում ընդունելովՙ թռչել Սիդնեյ (Ավստրալիա), այնտեղից էլ Օքլենդ (Նոր Զելանդիա)ՙ «Արմենիա»-ին ընդառաջ, որպեսզի ոչ միայն նախապատրաստեմ Սիդնեյում, Մելբուռնում, Օկլենդում, Վելլինգտոնում ծովարշավի ծրագրի հարցերի կատարումը, այլեւ լուծեմ կախովի շարժիչի, առագաստի եւ մեր «թոշակառուի» բազմաթիվ նորոգումների խնդիրը։ Չափից ավելի երկար մնացինք ճանապարհին երթուղու բարդության եւ կրկնությունների պատճառով։ Ասենք, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան էլ մեր ճանապարհին գտնվող վերջին երկրներն են, որտեղ հայկական համայնքներ կան։ Ճիշտ է, դեռ պետք է տոմս ճարել։ Փառք Աստծո, կա Ռալֆ Յիրիկյանը, բայց տոմսեր չկան մինչեւ մարտի վերջը։ Սակայն փոխարենը մենք Հայաստանի դեսպան ունենք Արգենտինայում։ Այնպես որ հանգիստ ենք։
Վլադիմիր Կարմիրշալյանը տոմսի հարցը լուծեց մեկ ժամում։ Բայց վատն այն է, որ ես հիմա թռչելու եմ «Արմենիա»-ի երթուղուն հակառակ, այսինքն, սկզբում մոտ չորս հազար կիլոմետր դեպի Սանտյագո եւ այնտեղից էլՙ նորից Զատկի կղզու ուղղությամբ։ Պետք է փորձել օդանավից օվկիանոսում նշմարել փոքրիկ կետը եւ ճանաչել, որ դա «Արմենիա»-ն է։ Ասենք, այլ լողամիջոց այնտեղ չի էլ լինի։
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Առայժմՙ Զատկի կղզի