«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՎԱՅՐ ԴՐԵՑ ԳԱՎԱԹԱԿՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան երեք հանդիպումները: Առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում վերջին երկու տարիների Հայաստանի գավաթակիր «Փյունիկի» եւ Գյումրիի «Շիրակի» երեւանյան մրցավեճը: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքիՙ 1-1: Իսկ դա նշանակում է, որ պատասխան խաղում «Փյունիկին» ձեռնտու էր գոլազուրկ ոչ-ոքին, իսկ շիրակցիները պայքարը շարունակելու համար անպայման պետք է գոլ խփեին:

Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էր «Փյունիկը», սակայն չեմպիոնին չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Միակ վտանգավոր պահը ստեղծվեց 5-րդ րոպեին, սակայն փյունիկցի Գեւորգ Ղազարյանը նպաստավոր դիրքից վրիպեց:

«Շիրակը» բավականին հմտորեն էր պաշտպանվումՙ դիմելով կտրուկ հակագրոհների: Դրանցից մեկի ժամանակ «Շիրակը» տուգանային հարվածի իրավունք ստացավ եւ բրազիլացի Տիագո Լոպեսը գրավեց Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը: Նշենք, որ Արսենը «Շիրակի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի կրտսեր որդին է: Ահա այսպիսի յուրօրինակ մրցակցություն էր ստացվել հոր ու որդու միջեւ:

Բաց թողած գոլից հետո փյունիկցիները շատ ջանք ու եռանդ ներդրեցին պարտությունից խուսափելու համար, սակայն այդպես էլ չկարողացան գոլային իրական պահ ստեղծել: Գյումրեցիները դարպասապահ Իգոր Լոգվինովի գլխավորությամբ հուսալիորեն պաշտպանվելով, խաղը հասցրին հաղթական ավարտի: Ի դեպ, այդ հանդիպումը գավաթի մրցաշարերում «Փյունիկի» հոբելյանականՙ 100-րդ խաղն էր, որն անհաջող դասավորվեց թիմի համար: Իսկ «Շիրակը», որ դեռեւս գավաթակրի տիտղոսին չի արժանացել, կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Ֆելիքս Խոջոյան («Շիրակ») - Դժվար խաղ էր, իսկական գավաթային մրցավեճ: «Փյունիկը» հատկապես առաջին խաղակեսում շատ լավ խաղաց, սակայն մեզ հաջողվեց գոլ խփել ու հաղթել: 2-րդ խաղակեսում կարողացանք կարգավորել խաղը, վերադասավորել ուժերը եւ համատեղ ջանքերով հաջողության հասնել: Կարծում եմ, որ «Փյունիկի» արգելքը հաղթահարելուց հետո դեպի գավաթային բարձունքը տանող ճանապարհը մեզ համար բաց է ու հետագա հանդիպումներում ավելի հեշտ կլինի խաղալը:

  Վարդան Մինասյան («Փյունիկ») - Նախ շնորհավորում եմ «Շիրակին» հաջորդ փուլ մտնելու համար: Չկարողացանք մեզ բնորոշ խաղ ցուցադրել, թիմն ընդհանուր առմամբ վատ հանդես եկավ: Սա ինձ անհանգստացնում է, քանի որ փյունիկցիների մեծամասնությունը հավաքականի անդամներ են: «Շիրակն» ավելի արժանի էր հաղթանակի, քանի որ գյումրեցիների մոտ հաջողության հասնելու ցանկությունը մեծ էր: Այս խաղում կազմն ուժեղացնելու համար մեզ հարձակվող էր անհրաժեշտ, սակայն պահեստայինների նստարանին նման ֆուտբոլիստ այսօր չկար: Բրազիլացի Մարկոսն արդեն ապաքինվել է վնասվածքներից ու առաջնության հաջորդ տուրում կխաղա: Դավիթ Մանոյանը եւս ապաքինվում է: Մարտի 18-ին նա կվերադառնա Հայաստան:

Կիսաեզրափակիչում «Շիրակի» մրցակիցը կլինի «Ուլիսը», որը պատասխան խաղում էլ «Հրազդանում» կրկին «Արարատին» հաղթեց 1-0 հաշվով: Այս անգամ ուլիսցիներից միակ գոլի հեղինակը Միհրան Մանասյանն էր, որն աչքի ընկավ 30-րդ րոպեին:

Պայքարը կշարունակի նաեւ «Բանանցը», որն առաջին խաղում 3-0 հաշվով հաղթելով «Գանձասարին», հաջորդ փուլի ուղեգրի լուրջ հայտ էր ներկայացրել: Պատասխան խաղից առաջ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հույս էր հայտնել հաղթահարել «Բանանցի» արգելքն ու մտնել կիսաեզրափակիչ: Սակայն կապանցիներին միայն մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղավարտից 5 րոպե առաջ աչքի ընկավ Արսեն Ավետիսյանը:

Կիսաեզրափակիչում «Բանանցի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք «Իմպուլս»-«Միկա» հանդիպումից հետո: Առաջին խաղում «Միկան» հաղթել էր 3-0 հաշվով: Այսօրվա հանդիպումը կանցկացվի «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4