Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում նորամուտը նշեց ՌԴ առաջնությունում: Մեկնարկային տուրի խաղում «Կրասնոդարը» Մախաչկալայում ոչ-ոքի (0-0) խաղաց տեղի «Անժիի» հետ: Մովսիսյանն ընդամենը 16 րոպե անցկացրեց խաղադաշտումՙ փոխարինման մտնելով Պիկուշչուկի փոխարեն:
Պաշտոնական մրցումներում սա Մովսիսյանի 2-րդն խաղն էր «Կրասնոդարի» կազմում: Առաջինը նա անցկացրել էր «Ամկարի» հետ գավաթի 1/8 եզրափակիչ խաղում, որում փոխարինման դուրս գալով գոլային փոխանցում էր կատարել:
Խաղադաշտում Մովսիսյանի քիչ ժամանակ անցկացնելը որոշակի մտահոգություն է պատճառում նրա մարզավիճակի առումով: Առանց այն էլ Յուրան «Ռանդերսից» տեղափոխվելու հետ կապված խնդիրների պատճառով ուշ էր սկսել մարզումները: Սակայն մյուս կողմից, գուցե լավ է, որ մինչեւ Ռուսաստանի հավաքականի հետ մրցախաղը Մովսիսյանը քիչ է խաղում, ինչը հնարավորություն կընձեռի զերծ մնալ հնարավոր անցանկալի վնասվածքներից: Չէ՞ որ չի բացառվում, որ Մովսիսյանին միտումնավոր վնասվածք հասցնեն, որպեսզի նա չկարողանա մասնակցել մարտի 26-ին Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք վճռորոշ հանդիպմանը: