«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` մարտի 13-ին ժամը 17-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաեւ այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը: Ըստ հաղորդագրության` Սամսոն Խաչատրյանը Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Նույն օրը Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, իսկ նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել: Ս. Խաչատրյանը ՀԱԿ-ի ակտիվիստ է: Ըստ նրա փաստաբան Արա Զաքարյանի` Ս. Խաչատրյանն իր ձերբակալության հիմքում քաղաքական ենթատեքստ է տեսնում եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն, թե «իրականում ընդդիմադիր հայացքների տեր ՀԱԿ ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ առեւանգվել է», եւ դրանից շատ ավելի ուշ է հայտնի դարձել, որ նա ոստիկանությունում է: Ըստ կոմիտեի` Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքը, թե նա մարտի 1-ի հանրահավաքին չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի պահանջներին, այլ տեսք ունի` նշված ոստիկանը հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, սադրիչ վարքագիծ է դրսեւորել, ընդհարում հրահրել, որի գործողությունների արդյունքում, բազմաթիվ վկաների ներկայությամբ տեղի է ունեցել քաշքշուկ: Մի խոսքով` քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեն հայտարարում է, որ Ս. Խաչատրյանի ձերբակալությունը նախապես կազմակերպված սադրանքի հետեւանք է, նրա քաղաքական գործունեության հետ է կապվում, եւ պահանջում է ազատ արձակել նրան:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4