ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Մի քանի սպիտակ մազ ունեի` սափրեցի, սա միգուցե նշանակում է, որ «Ժառանգությունը», երկրի հետ մեկտեղ, մտնում է նոր` երիտասարդացման եւ թարմացման շրջան»` ի պատասխան իմիջը փոխելու մասին լրագրողի հետաքրքրասիրության (Ր. Հովհաննիսյանը սափրել էր բեղերը) ահա այսպես սկսեց իր ելույթը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության բաց համաժողովում, որը հրավիրվել էր երեկ հետկեսօրին, Համազգային թատրոնի շենքում: Միգուցե թատրոնում լինելու հանգամանքն իր ազդեցությունն էր թողել նրա վրա` Հովհաննիսյանի խոսքը համեմված էր գեղարվեստական շնչով եւ մի փոքր էլ պաթետիզմով: Բուն խոսքը նա սկսեց Աստվածաշնչից` Ժողովողիից մեջբերումով. «Ամեն ինչ ունի իր եղանակը` կա ժամանակ ծնվելու եւ մեռնելու, ուրախանալու եւ տխրելու, ցանելու եւ հնձելու, բարձրանալու եւ իջնելու, եւ ոչ մեկը դրանցից ամոթ չէ, ահա ժամանակը եկել է, որ գործող նախագահը, պարոն Սարգսյանը, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի, եւ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից, այսինքն 1991 թվականից այս կողմ` 20 տարի անց երաշխավորի, ապահովի մեր նորագույն պատմության ընթացքում առաջին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները: Քանի որ ինքը եկավ իշխանության տապալված, ձախողված ընտրությունների բերմամբ, եւ ինքը ձգտել է ներկայացնել այն ազգը, որն արժանի է ժողովրդավարության, եւ քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական եւ հայաստանյան, եւ ոչ թե օտարահպատակ մի չափանիշ` ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը Հայաստանի իրական ժողովրդավարության եւ իր չակերտյալ էջքով բարձրացնելով Հայաստանի Հանրապետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը եւ մեր քաղաքացիների իրավունքները:
Հիրավի 1995 թվականից այս կողմ մենք չենք ունեցել այն ընտրությունները, որոնց միջոցով իշխանությունը փոխանցվում է` քաղաքակիրթ, դասական, միջազգային, ինչո՞ւ չէ` նաեւ իրական հայկական ձեւով մեկ իշխանությունից մյուսը»:
Ահա այսպես խոսեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Համազգային թատրոնի դահլիճում հրավիրած բաց համաժողովում: Քննադատելով ամենի ինչ եւ ամեն բան` ներկա իշխանությունների հետ կապված (սկսած հայ-թուրքական արձանագրություններից, ղարաբաղյան հիմնախնդրից` վերջացրած բուհական խորհուրդները ղեկավարող իշխանական պաշտոնյաներով) Ր. Հովհաննիսյանն անսպասելի հայտարարեց, թե հացադուլի է նստում` «Ծոմ ազատության»: Այդպես էլ չիմացվեց հացադուլի բուն պատճառը, սովորաբար այդպիսի ծայրահեղ քայլի դիմելիս մարդիկ կոնկրետ պահանջներ են ներկայացնում, անգամ հատուկ ասաց, որ ոչինչ չեն պահանջում, այլ միայն ակնկալում են փոփոխություններ երկրի եւ ժողովրդի կյանքում... Արդյո՞ք նա հացադուլով բողոքում է անարդարությունների, իր ասած` կուսակցապետության, թե՞ իր կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված իրավական հետապնդման դեմ: Նրա ելույթից հետո երբ լրագրողները հարցրին, թե ո՞րն է հացադուլի բուն պատճառը, շարժառիթը, նա խորհուրդ տվեց ուշադիր վերծանել իր ելույթը, պատասխանն այնտեղ է: Իսկ իր ելույթի մեջ նա խոսում էր այն մասին, որ իշխանությունում շփոթել են պետական բարձր պարտավորությունը եւ կուսակցական պարտքը, ամենաարտառոց օրինակն էլ այն հուշագիրն է, որը ստորագրվել է փետրվարի 17-ին, երեք կուսակցապետների միջեւ, նախագահական նստավայրում: Գործող նախագահը, որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, «հայտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունը հայտարարելու Հայաստանի կուսակցապետության, հայ ժողովրդին ասելով, որ յոթ տարի սա է լինելու, ախպեր ջան, այս ներքին ու արտաքին քաղաքականությունը», ինչը նրա կարծիքով ժողովրդին պատկանող իշխանության բացահայտ ուզուրպացիայի փորձ է, հակասահմանադրական քայլ, քանի որ օրենքը պահանջում է, որ թեկնածուները որոշվեն համագումարների միջոցով, այն էլ ընտրությունների շեմին եւ ոչ թե «կուսակցություն-պետություն մանրակերտն առաջարկվի 7 տարվա համար»: Իշխանության գործունեության ծավալուն քննադատությունից հետո Ր. Հովհաննիսյանը եզրակացրեց, որ մեր պետությունն աննախադեպ տագնապալի եւ արտակարգ իրավիճակում է, դրա լուծումը միասին պետք է գտնենք, բոլորի մասնակցությամբ` գործող իշխանությունների, գործող ընդդիմության եւ ամենակարեւորը` հասարակության ամենալայն շերտերի կողմից, «սառը դատողությյամբ, հեռահար վերլուծությամբ եւ մի կտոր խղճով` խիղճ սեփական քաղաքացու, սեփական երկրի ապագայի նկատմամբ»:
Հացադուլի մասին հայտարարելը անգամ անսպասելի էր նրա կուսակիցների համար` նա ասաց, որ այս փորձությունների շեմին նա ուզում է առանձնանալ իր ընտանիքի հետ` խոստանալով ծագող հարցերի պատասխանները տալ շուտով: Իսկ մենք ականատեսը դարձանք, որ անգամ նրա կուսակիցները դահլիճում զարմացած էին նրա անսպասելի որոշմամբ, նրանք համաժողովի էին եկել գուցե ամեն մեկն իր համար ճշտելու, թե ի՞նչ է անելու որպես կուսակցական քաղաքական գարնան սկսելու հետ, ինչ հետագա գործելակերպ է ընտրելու «Ժառանգությունը», մինչդեռ իրենց առաջնորդի հացադուլն առավել անորոշ է դարձնում հեռանկարը: