«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2011-03-12 | #44, 2011-03-15 | #45, 2011-03-16


ՏԱԹԵՎԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ Է ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ

Փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չինական Fortune Oil ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ պատրաստվում են Հայաստանում շուրջ 500 մլն դոլարի ներդրում կատարել: Հունվարին Լոնդոնի բորսայի կայքը հաղորդագրություն է տարածել, որ չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35 % մասնաբաժինը, որը տնօրինում է հայկական երկաթի երեք հանքավայր, որոնց հաստատված եւ նախնական գնահատված պաշարները 1.83 մլրդ տոննա են: Հանքերը գտնվում են Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սվարանձ գյուղում: Սվարանձի հանքը պատկանում է «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: Այդ տեղամասում ուսումնասիրություններ իրականացնելու լիցենզիա տրամադրվել է 2010-ին: Լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2013 թ.:

Սվարանձ համայնքը հարակից է Տաթեւին, որը պետք է դառնա հանրապետության հարավային դարպասի զբոսաշրջության կենտրոնը: Մինչդեռ երկաթի հանքավայրի նույնիսկ ամենաանվտանգ շահագործումը լուրջ խոչընդոտ է Տաթեւում զբոսաշրջության զարգացման համար: Մինչդեռ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրագործման համար կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել` համայնքային զարգացման, զբոսաշրջության, ճոպանուղու կառուցման եւ վանական համալիրի նորոգման համար:

«Մի կողմից ցանկանում են զարգացնել զբոսաշրջությունը, մյուս կողմից` հանքարդյունաբերությունը: Մինչդեռ դրանք անհամատեղելի են: Որեւէ կերպ չես կարող զբոսաշրջիկին հրապուրել Տաթեւի հրաշալի բնությամբ, վանական համալիրով կամ աշխարհի ամենաերկար ճոպանուղիով, եթե այդ ամենի հարեւանությամբ հանքավայր է շահագործվում: Ո՞վ կհամաձայնի գալ Տաթեւ եւ թունավորվել», մտահոգություն է հայտնում «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը : Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի գնահատմամբ` ներկա դրությամբ փորձում են գերատեսչություններից տեղեկություն ստանալ հանքի հնարավոր շահագործման հետ կապված զարգացումների մասին: ՀԱՄՀ-ի դիրքորոշումն այս հարցում հստակ է. հարավում զբոսաշրջային գործունեության ծավալումը տնտեսական առումով առաջնայնություն ունի եւ ավելի ձեռնտու է:

Ներկա դրությամբ հիմնադրամն ուսումնասիրում է Հայաստանի հարավում գոյություն ունեցող եւ ապագայում շահագործվելիք հանքավայրերի եւ նույն վայրերում գտնվող տեսարժան վայրերի գործունեության հնարավոր անհամատեղելիությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանն «Ազգ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Սվարանց համայնքում երկաթի հանքի շահագործման հարցը քննարկվել է տարածաշրջանում զբոսաշրջային գործունեություն ծավալելու տեսանկյունից:

«Որոշում է կայացվել հիմնադրամի ներսում ձեւավորել նախաձեռնող խումբ, որը կզբաղվի տնտեսական ուսումնասիրությամբ: Հիմնվելով նախնական եզրակացության վրաՙ կարծում ենք, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը միեւնույն տարածքում անհամատեղելի են: Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, մանավորապես Տաթեւում, որը հաստատվել է որպես զբոսաշրջային ուղղություն, հանքերի շահագործնան լիցենզիաների տրամադրումը խրախուսելի չէ»:

Բեկոր Փափազյանի փոխանցմամբՙ մրցունակության հիմնադրամի պատվերով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը եւ Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական զարգացման հատակագիծը, որը պատրաստում է միջազգային AECOM ընկերությունը, մատնանշում է նաեւ հարավում գտնվող գրեթե բոլոր հաքավայրերը, այդ թվում գոյություն ունեն ոսկու, երկաթի, պղնձի եւ այլ հանքեր: Դրանց հավանական շահագործման մասին տեղեկություններ ստանալու համար հիմնադրամն արդեն դիմել է պատկան մարմիններին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4