«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2011-03-12 | #44, 2011-03-15 | #45, 2011-03-16


ՆԱՎԱՏՈՐՄԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՓՐԿԻՉ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Երեք ամիս «Արմենիա»-ում սինթետիկ ծրարի մեջ պահվել են ռազմական ինստիտուտի կուրսանտների նամակները։ Ուսանողներն ազատ շարադրմամբ պատասխանել էին, ես կասեիՙ անսովոր եւ նույնիսկ որոշ չափով անսպասելի այն հարցին, թե ինչպիսին են պատկերացնում հայկական նավատորմը։ Իհարկե, մեզ մոտՙ Հայաստանում հարցն ինքնին կարող է եւ՛ զարմանք, եւ՛ ժպիտ, եւ՛ նույնիսկ տարակուսանք արթնացնել։ Չէ՞ որ ի՞նչ նավատորմի մասին կարող է խոսք լինել, եթե չունես ծով կամ էլ գոնե մի գետ, որը թափվում է հեռու-հեռավոր ծովերից որեւէ մեկի մեջ։ Եվ իհարկե, եթե չկան այդպիսիք, ապա բուն հարցը թվում է անիմաստ ու անտրամաբանական։ Համենայն դեպս, այդպես է կարծում, ինչպես ասում ենՙ միջին վիճակագրական հայը, որը նման դեպքերում ելնում է ոչ թե պատմական գործուն հիշողությունից, այլ ստեղծված ստատուս-քվոյից։ Այստեղ հարցն այն է, որ եթե տարիների եւ նույնիսկ դարերի ընթացքում արդեն դարձել ես այդ նույն ստատուս-քվոյի ստրուկը, ապա ցանկացած այլ միտք, կամ այլ գաղափար ապրիորի հանել ես գլխիցդ։ Այսինքն, ինչո՞ւ խոսել նավատորմի մասին, եթե ծով չունես։

Ահռելի ուշացումով ես սկսեցի կարդալ մեր կուրսանտների նամակները։ Չափից ավելի զբաղված էինք։ Կարդացի, լիովին համոզված, որ պատանիներն առանց բացառության իրենց խոսքը կսկսեն այն փաստի հիշատակումով ու հաստատումով, թե հայերը ծով չունեն։ Սակայն բուն այդ փաստի գիտակցումը չի խանգարել նրանց արտահայտել իրենց նվիրական մտքերը։ Այստեղ, իմ կարծիքով, գործ ունենք կատարելապես այլ հանգամանքի հետ։ Սա այն սերունդն է, որն այսօր արդեն միտք չունի գերի մնալ հաստատված դոգմաներին այն առիթով, որ ասենքՙ եթե մահն անխուսափելի է, եւ պետք է համակերպվել դրա հետ, ուրեմն պետք է համակերպվել եւ այն փաստի հետ, որ հայրենիք ենք կորցրել։ Այստեղից էլՙ վտանգավոր ժխտումը Հայդատի բուն գաղափարի, որը մեր ազգային գաղափարախոսության հիմքն է կազմում, որքան էլ այն նորացվի։

Կուրսանտ Հովհաննես Կոծինյանը (112-րդ դասակ) գրում է. «Իմ Հայաստան երկիրը չունի թեկուզ մի փոքր ծովային տարածք, եւ, բնականաբար, չունի նավատորմ։ Ինձ թվում է, յուրաքանչյուր հայ իր երազանքներում տեսնում է այն Հայաստանը, որը շրջապատված է ծովերով, ինչպես եղել է պատմական անցյալում։ Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը, ինչպեսեւ այդ պատմական անցյալում, ունենալու է իր հզոր նավատորմը։ Դրա համար մեր այսօրվա երկրումՙ իր թեկուզ ոչ մեծ տարածքով, պետք է ունենանք հզոր բանակ եւ հզոր օդուժ»։

Ես հանկարծ այնպե՜ս ցանկացա գրկել հայկական զինվորական համազգեստի վրա կուրսանտական ուսադիրներ կրող այդ պատանուն, որոնք արդեն իսկ յուրօրինակ խորհրդանիշներն են մեր ոչ հեռավոր ապագայի բանակի։

Իսկ ահա թե ինչպես է սկսել իր նամակը Լեւոն Բաբայանը (32-րդ դասակ). «Եթե Հայաստանն իր նավատորմն ունենար, ապա նրա արդյունաբերությունն ու տնտեսությունը բուռն զարգացում կապրեին, եւ դրա շնորհիվ ավելի հուսալի եւ ավելի հզոր կլինեին մեր մարտունակությունն ու մարտական պատրաստականությունը»։ Լեւոնն ընդհանրապես կարծում է, որ մենք երբեք չպետք է մոռանանք պատմությունը։

Կուրսանտ Սարգիս Ջիլավյանը ժամանակագրական կարգով թվարկում է հայ զորավարների փառապանծ անունները, սկսած Տիգրան Մեծից մինչեւ մեր օրեր եւ ինքն էլ եզրակացություն անումՙ դժվար թե պատմությունը հիշեր նրանց անունները, եթե տարբեր ժամանակներում չունենայինք հաղթական բանակներ։ Նա համոզված է, որ վաղ թե ուշ մենք պետք է ունենանք մեր նավատորմը, որը պետք է ղեկավարի այնպիսի ծովակալ, ինչպիսին էր Իսակովը։ Սարգիսը կարծում է, որ նավատորմի մասին նույնիսկ երազելու համար առաջին հերթին պետք է ավելի հզորացնել մեր բանակը։

Կուրսանտ Արմեն Սահակյանը (131-րդ դասակ) առաջին իսկ տողերից հասկացնել է տալիս, որ երբեք չի կարելի մոռանալ մեր անցյալի մասին։ Որ պետք է միշտ հիշել ամենագլխավորը։ Այն մասին, որ մենք ունեցել ենք ծովից ծով Հայաստան։ Նրան անհասկանալի է, թե ինչու ենք մենք ասես ամաչում այդ մասին բարձրաձայն խոսել։ Արմենը, ինչպեսեւ համարյա բոլոր նրա զինակիցները (համակուրսեցիները), սրտի ցավով է նշում, որ մենք շատ բան ենք կորցրել, եւ դրա համար պետք է ոչ թե արցունք թափել, այլ ամրացնել մեր բանակը։ Հենվելով ընդամենը տարրական տրամաբանության վրա, որպես ավարտ նա ընդգծում է. «Որպեսզի, ինչպես եղել է դարերում, ունենանք մեր նավատորմը, պետք է վերադարձնենք Հայաստանի պատմական տարածքները»։

Ես հասկանում եմ եւ լավ գիտեմ, որ որոշ, այսպես ասած «սթափ դատողներ» մեր ապագա սպաների բառերին, մտքերին ու երազանքներին կվերաբերվեն որպես պատանեկան մաքսիմալիզմի արտահայտության, որոնք իբր զուրկ են իրականության զգացողությունից։ Իմ խորին համոզմամբ, պատանեկան մաքսիմալիզմը լիովին նորմալ, առողջ եւ բարոյական երեւույթ է։ Ես անթաքույց հուզմունքով կարդացի աշխարհում ամենախիզախ մասնագիտությունն ընտրած պատանիների լավատեսությամբ ու եռանդով լի տողերը եւ ուրախացա, որ դպրոցում պատմության այդպիսի ուսուցիչներ են ունեցել։ Համարյա բոլորն իրենց դատողություններում վկայակոչում էին պատմական օրինակներ, ավելի հաճախ առանձնացնելով Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի եւ կիլիկիական առաջին թագավոր Լեւոն Երկրորդի սխրանքները։

Որոշ կուրսանտներ, ասես պայմանավորված, ընդգծում են, որ իրենք մեծապես հավատում են երազանքի իրագործմանը, որն ապագայում կապում են ոչ միայն պարզապես հայկական նավատորմի հետ, այլեւ որակապես նոր բանակի, առանց որի ապագա չկա։ Իսկ կուրսանտ Թորգոմ Շահբազյանը (131-րդ դասակ) ոչ առանց հպարտության պնդում է, որ երազանքն ինչ-որ ժամանակ անպայման կիրականանա արդեն իսկ այն պատճառով, որ ամեն ինչ արվում է մեր, եւ ոչ թե ուրիշի ձեռքերով, եւ այսօր ունենք ուժեղ բանակՙ շնորհիվ մեր սերնդի։ Կուրսանտ Հովիկ Հախվերդյանը(131-րդ դասակ) ուղղակի հայտարարում է, որ չի պատկերացնում մեր հայրենիքի ապագան առանց առավել մարտունակ բանակի եւ նավատորմի։

Մի քանի կուրսանտներ գտնում են, որ եթե մենք նավատորմ ունենայինք, իրենք անպայման կընդունվեին ռազմածովային ուսումնարան։ Իսկ 121-րդ դասակի կուրսանտ Արթուր Հովհաննիսյանը, պնդելով, որ ծովն ու նավատորմը մեզ համար կարեւորագույն խնդիր են, առանց կեղծ համեստության խոստովանում է, որ երազում է ոչ միայն ծովի ու նավատորմի, այլեւ այն մասին, որ ծովակալ դառնա։ Մաքսիմալի՞զմ է։ Չեմ կարծում։ Պատանին երազում է։ Չէ՞ որ իրականում բոլորն էլ նորմալ են համարում այն դատողությունը, թե վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ։ Չէ՞ որ ծովակալը այդ նույն գեներալն է, միայն թեՙ ծովում։ Բավական սթափ է դատում կուրսանտ Ռազմիկ Պողոսյանը 121-րդ դասակից։ Առանց իրոնիայի հաստատում է, որ Սեւանը չափազանց փոքր է նավատորմի համար, բայց միաժամանակ գտնում է, որ պետք է ունենալ միմյանց հետ կապված ծովեր։ Ռազմիկը հիշեցնում է մեզ, որ խոր դարերում մեզ կոչել են «ծովերի ժողովուրդ»։ Կուրսանտ Կառլեն Մարտիրոսյանը(131-րդ դասակ) մանրամասնորեն պատմում է Տիգրան Մեծի եւ Լեւոն Երկրորդի ժամանակների հայկական նավատորմի մասին, այսօր տեսնելով նոր խնդիրներ։ Նա հիշատակում է ոչ միայն Հայաստանի ծովային անցյալը, այլեւ շատերի կողմից մոռացված Սեւանա լճի մարտը, որտեղ Աշոտ Երկրորդը գլխովին ջախջախեց հակառակորդին։ Բայց հուզիչ է այն, որ նա մանրամասն կանգ է առնում ծովակալ Հովհաննես Իսակովի կենսագրության վրա։

Երկու օր շարունակ, փոթորկալից եղանակին ես ուշադիր ընթերցում էի տղաների նամակները եւ ցանկանում, որ հենց այստեղ, «Արմենիա»-ի տախտակամածին հանդիպեմ նրանց հետ։ Գրկեմ նրանց։ Զրուցեմ։ Վիճեմ։ Մի՞թե հետաքրքիր չէր լինի խոսել կուրսանտ Ազատ Խաչատրյանի հետ, որն իմանալով, թե դարերի ընթացքում ինչ ողբերգություններ է ապրել մեր ժողովուրդը, գտնում է, որ պետք չէ մոռանալ մեր պատմության նաեւ հերոսական էջերը։ Վերջին հաշվով, պետք չէ մոռանալ, որ մենք հաղթահարել ենք դժվարություններ, անցել ծանր ու անվերջանալի ժողովրդական փորձությունների միջով եւ պահպանվել։ Քանի՜-քանի ժողովուրդներ են անհետացել պատմության ասպարեզից, աշխարհագրական քարտեզից։ Իսկ մենք կարողացել ենք նույնիսկ 1893-1923 թվականների ցեղասպանությունից հետո անգամ, ինչպես ասում էր Նժդեհը, հաղթել ինքներս մեզ, հաղթել սեփական վախը, սեփական պարտությունը։ Ուրեմն ինչո՞ւ չերազել։ Ինչպես, օրինակ, երազում է կուրսանտ Վահագն Խաչատրյանը։ Ես կարծում եմ Վահագնը գտել է իմաստության գլխավոր շարժիչ ուժն ու իսկական շտեմարանը, որի վրա էլ հենվում է երազող-ռեալիստը։ Նա այդպես էլ գրում է. «Մեզ մոտ ամեն ինչ կստացվի արդեն այն պատճառով, որ մենք ունենք աշխատասեր, հպարտ, հազարամյա կենսափորձով իմաստնացած, անսահման կամքի ուժով օժտված մեր ժողովուրդը»։

Կասկած չունեմ, որ ծովարշավի ավարտից հետո(Աստված մեզ օգնական) ես անպայման կհանդիպեմ մեր կուրսանտների հետ, որոնք արդեն ավելի բարձր կուրսում սովորելիս կլինեն (ի դեպ, ես չգիտեմ, թե որ կուրսում են հիմա)։ Եվ համոզված եմ, որ խոսակցությունը երազանքի եւ հույզերի լեզվով չի լինելու։ Կխոսենք համաշխարհային ծովային միջազգային իրավունքի մասին, որի հիմքերն, ի դեպ, դրել է Լեւոն Երկրորդըՙ հայկական հզոր նավատորմի հիմնադիրը։ Եվ այնժամ ոչ ոք ուսերը չի թոթվի, ցանկանալով ասել, թե ըստ տրամաբանության, եթե ծով չունենք, եթե մի թիզ ափեզերք չունենք, ապա նավատորմի մասին էլ չենք կարող խոսել։ Այդ թեման ես փորձել եմ արծարծել «Զիմ Կիլիկիա» գրքում։ Մեզ համար եկել է ժամանակը իմանալու, որ ոչ մի պետություն, այսպես ասածՙ բացարձակ իրավունք չունի ծովերի եւ օվկիանոսների վրա։ Կա միայն միջազգային ծովային իրավունքով հաստատված տասներկու կիլոմետրանոց ափամերձ տարածք։ Մնացյալը պատկանում է բոլորին. բոլոր ժողովուրդներին, բոլոր պետություններին, Երկիր մոլորակի ողջ բնակչությանը։ Կա օրենք «Ծովի իրավական ռեժիմի մասին», որ վերաբերվում է բաց ծովում պետությունների իրավունքներին եւ պարտականություններին։ Երբ մենք ասում ենք, թե օրենքը բոլորի համար է, նկատի ունենքՙ «անկախ պետության աշխարհագրական դիրքից», լինի դա Բելառուսը, թե Հայաստանը։

Իմիջիայլոց, Բելառուսն ունի իր նավատորմը. նրա դրոշի տակ նավեր են լողում ծովերում եւ օվկիանոսներում։

«Բաց ծովի ռեժիմի» իմաստն ու էությունը պարզելու համար դիմեմ օրենքին, որում ասվում է, թե ռեժիմի հիմքում ընկած է ծովի ազատության սկզբունքը, որն իրագործվում է ծովային իրավունքին եւ միջազգային իրավունքի այլ նորմերի վերաբերվող գործող համաձայնագրերի պայմանների համապատասխանությամբ (նման համաձայնագրերը բազմաթիվ են-Զ.Բ.)։

Միջազգային իրավունքում գոյություն ունի մի հասկացություն, ինչպիսին է «Բաց ծովի ազատությունը»։ Այդ օրենքը բոլորի համար է։ Այդ թվումՙ նաեւ Հայաստանի եւ հայերի։ Այնպես որ, պետք չէ ծաղրանքով վերաբերվել «Հայերը եւ ծովը» անունը կրող մեր հասարակական կազմակերպությանը։ Այդ բառակապակցությունը կապված է մեր ժողովրդի ոչ միայն անցյալի եւ նույնիսկ ապագայի հետ, այլեւ իրականումՙ այսօրվա։ Ահա թե ինչ է ասվում պաշտոնական փաստաթղթում. «Բաց ծովի իրավունքը վերաբերվում է մասնավորապես ինչպես ափամերձ պետություններին, այնպես էլՙ այն պետություններին, որոնք ելք չունեն դեպի ծով (ընդգծումը իմն է-Զ.Բ.), ընձեռելով նավագնացության, թռիչքների, ձկնորսության, ստորջրյա մալուխների եւ խողովակաշարերի անցկացման ազատություն»։ Այս ամենի մասին կարելի է կարդալ ծովային իրավունքի գծով ականավոր գիտնական-մասնագետ Յուրի Բարսեղովի աշխատություններում եւ նավապետ Կարեն Բալայանի կողմից հավաքված, «Կիլիկիա»-ի ծովարշավի արխիվներում։

Մեզանից քչերը գիտեն (առաջին հերթին դա վերաբերվում է Ազգային ժողովին, քանզի խոսքը օրենքների մասին է), որ, օրինակ, արհեստական կղզիներ ստեղծելու, տարբեր կառուցվածքներ եւ կայանքներ տեղադրելու, ձկնորսություն եւ ծովային գիտական հետազոտություններ կատարելու ազատության իրավունքը պատկանում է բոլոր երկրներին, Երկիր մոլորակի բոլոր ժողովուրդներինՙ առանց բացառության։ Ասում են, թե այդ ամենը շատ թանկ է։ Սա ճիշտ մոտեցում չէ առանձնապես այն երկրի համար, որը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ ավելի թանկ, անխնայողական եւ անշահավետ է կատաղի փողեր վճարել բեռնափոխադրումների համար, որոնք իրագործվում են հիմնականում ծովային ճանապարհով։

Տվյալ պատմական փուլում, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում մենք խոսում ենք ոչ թե «Ծովից ծով » նշանաբանի, այլ ընդամեը տարրական իրավունքի մասինՙ ստեղծելու սեփական բեռնատար եւ տրանսպորտային նավատորմը, խստիվ պահպանելով բաց ծովի իրավական ռեժիմը։ Ընդգծում եմ, որ առանց բացառության, բոլոր միջազգային համաձայնագրերում հստակ նշված է. «Պետության կարեւորագույն իրավունքներից մեկը, անկախ նրա աշխարհագրական դիրքից, հանդիսանում է այն իրավունքը, որ նավերը բաց ծով դուրս գան նրա դրոշի տակ»։

Ի գիտություն ԱԶԳԱՅԻՆ ժողովի պատգամավորների. օրենքում կա այնպիսի հասկացություն, ինչպես «նավի ԱԶԳԱՅԻՆ պատկանելություն»։ Ահա թե ինչպես է հնչում օրենքը. «Յուրաքանչյուր նավ պետք է որոշակի ազգային պատկանելություն ունենա, որը մատնանշում է, թե պետության որ օրենքներով է այն գործում», կամ «Նավերն ունեն այն պետության ազգային պատկանելությունը, որի դրոշի տակ իրավունք ունեն լողալ»։ Ի դեպ, դրոշի մասինՙ ընդհանրապես. «Պայմանագրերով չնախատեսված ցանկացած դրոշի կրելը մտնում է այն պետության իրավազորության տակ, որի պետական դրոշով նավը լողում է բաց ծովում։ Սթափ դատենք. չէ՞ որ, ըստ էության, մենք հիմա ունենք այդ նույն նավատորմը։ Պարզապես այն մերը չէ։ Մեր դրոշով չի լողում։ Եվ ոչ էլ մեր անձնակազմով։ Ուրիշի նավատորմը մեզ թելադրում է իր ստրկական պայմանները։ Մենք արդեն հիմա, հենվելով միջազգային իրավունքի վրա, պարտավոր ենք ստեղծել մեր նավատորմը, որն օդի պես անհրաժեշտ է մեզ։ Մենք հիմա հնարավորություն ունենք լիարժեք անձնակազմով ապահովել մի քանի ուղեւորատար եւ առանձնապեսՙ բեռնատար նավերի շահագործումը։ Բայց դա պետք է լինի մեր նավատորմը։ Մեր պետության նավատորմը։ Մենք պետք է գիտենանք, որ պետական դրոշի տակ նավարկող նավը կազմում է նրա տարածքի մասնիկը, եւ, որ օրենքով «ո՛չ ձերբակալություն, ո՛չ նավի կալանք չեն կարող կատարվել նույնիսկ քննչական նպատակներով որեւէ այլ իշխանությունների հրահանգով, բացի դրոշի պետության իշխանություններից»։ Այո՛, այսպիսին է գործող օրենքը, որն ինչպես պնդում էր Ցիցերոնը, ընդունվում է հանուն ժողովրդի բարօրության։

Ես հավատում եմ, որ ունենալու ենք եւ մեր նավատորմը, քանզի դրա մեջ ոչ միայն տրամաբանություն եմ տեսնում, այլեւ փրկիչ անհրաժեշտություն։

Ինչ վերաբերվում է հոգուս թանկ ապագա հայ սպաներինՙ նամակների հեղինակներին, ապա ասեմ նրանցՙ ծովակալներից շատերը ցամաքային սպաներ են եղել։

Զորի ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա», Խաղաղ օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4