«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


«ՀԱՅԵՐԸ ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԻՆ, ՆՐԱՆՔ ՀԵՌԱՑԱՆ, ՄԵՆՔ ԶՐԿՎԵՑԻՆՔ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Արընչը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մարտի 15-ին Ստամբուլի համագումարների կենտրոնում հրավիրվել էր «Բարեփոխության առաջնորդների» գագաթաժողովը, որին ներկա են եղել Թունիսի տնտեսական բարգավաճման նախարարը, Իրաքի իսլամական գերագույն խորհրդի նախագահը եւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

Գագաթաժողովի «Միմյանց կարիքն ունենք. քաղաքական, տնտեսական համագործակցություն» բաժնում, ինչպես նախորդ օրը նշել է «Հաբեր թուրք» թերթը, ելույթ է ունեցել Արընչը եւ մասնավորապես ասել. «Մենք շատ լավ ենք գիտակցում ընդհանուր նպատակների համար համատեղ գործելու նշանակությունը: Պետությունները պետք է հրաժարվեն բարեկամությունը մերժող մոտեցումներից: Անցյալում Թուրքիան Սիրիայի հետ պատերազմական իրավիճակի շեմին էր: Մինչդեռ հիմա Սիրիայի, Լիբանանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվել են ջերմ հարաբերություններ: Նույն իրավիճակն էր տիրում Հունաստան-Թուրքիա հարաբերություններում, որոնք արդեն բարելավված են: Հաշտեցման, առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է ընդառաջ քայլեր կատարելը»:

Այնուհետեւ Թուրքիայի փոխվարչապետն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ընդգծելով. «Չպետք է ամեն ինչ պայմանավորել շահով: Անհրաժեշտ է առեւտուրը զարգացնել: Դա կնպաստի նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը: Իրար հետ չեն կռվում նրանք, ովքեր առեւտուր են անում: Ուզում ենք առկա խնդիրները կարգավորել նաեւ Հայաստանի հետ: Անցյալում այս հողերը բնակեցված էին հայերով: Նրանք մեր երկրի հարստությունն էին: Հայերը հեռացան, իսկ մենք զրկվեցինք հարստությունից: Որքան էլ նրանց մեղքերն ավելի շատ լինեն, քան մերը, այնուամենայնիվ, հարեւանների միջեւ կարելի է լուծել առկա խնդիրները»:

Հավանաբար, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չպայմանավորի ղարաբաղյան հիմնահարցով, միջպետական հարաբերությունների հաստատման համար հայկական կողմին չառաջադրի միջազգայի պրակտիկային անհարիր նախապայմաններ եւ վերանայի Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած ժխտողական դիրքորոշումը, որպեսզի հնարավոր լինի ցեղասպանության ճանաչման նախադրյալների ստեղծումը: Թերեւս դրանով է հնարավոր երկու երկրների միջեւ հաստատել միջպետական առողջ հարաբերություններ եւ մասամբ մեղմել թուրք ժողովրդի նկատմամբ հայերի անվստահությունը:

Չմոռանալ, որ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը ղարաբաղյան հիմնահարցով պայմանավորելու Անկարայի մոտեցումը բախվում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հակազդեցությանը, օտարելով Հայաստանին Թուրքիան ինքնակամ մթագնելու է Հարավային Կովկասում սեփական նախաձեռնությամբ հանդես գալու հեռանկարը, վաղուց արդեն ձախողվել է նրա հայաստանյան քաղաքականությունըՙ ղարաբաղյանով հանդերձ, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառել է ժխտողականության դիրքերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4