Մարտի 14-ին այդ մասին Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում գրել է Թոլգա Թանիշը: Ինչպես հեղինակն է նշում, 2010-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում էր Թուրքիայի գլխին դեմոկլյան սրի նման ճոճվող հայկական բանաձեւը, եւ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն այդ բանաձեւը չեզոքացնելու համար լոբբիստական եւ հասարակայնության հետ կապի ընկերություններին հատկացրել է 3.3 մլն դոլար: 2010-ի ընթացքում Թուրքիան օգտվել է 7 ընկերությունների ծառայություններից, որոնցից 4-ը լոբբիստական են, իսկ 3-ըՙ հասարակայնության հետ կապերի գծով են աշխատում:
Այդ ընկերություններից մեկը գործում է Նյու Յորքում, մնացած 6-ըՙ Վաշինգտոնում: Ընդ որում, ամերիկյան լոբբիստական ընկերությունների հայտարարագրերից պարզորոշ երեւում է, որ այդ գումարը մեծապես ծախսվել է թիվ 252 բանաձեւը կանխելու նպատակով:
Թանիշի վկայությամբ, Թուրքիան լոբբիստական գործունեության ծավալման նպատակով դիմել է «Դեմոկրատական կուսակցության» առանցքային դեմքերից, նախկին կոնգրեսական եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Ռիչարդ Գեփարթին, վճարելով մեկ տարվա ծառայության դիմաց նրան 1.4 մլն դոլար: Գեփարթ գրուպի տվյալներով, Ռիչարդ Գեփարթը հայկական բանաձեւի դեմ նպատակամղված շփումներ է ծավալել կոնգրեսականների հետ, որոնք հատկապես ակտիվացել են մարտին եւ դեկտեմբերին, երբ համապատասխանաբար հայկական բանաձեւը քննարկվում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում եւ փորձ էր արվում բանաձեւն ընդգրկել պալատի լիագումար նիստի օրակարգում:
Հատկանշական է, որ դեկտեմբերի 17-ին, մինչ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձեւը օրակարգ մտցնելու ջանքեր էր գործադրում, նույն օրը Գեփարթը հեռախոսազրույցներ էր ունեցել ինչպես Սպիտակ տան քարտուղար Փիթ Ռուզի, այնպես էլ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ:
Ընդ որում, Գեփարթն իր հերթին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան հետ ստորագրած պայմանագրին համապատասխան, լոբբիստական գործունեության մեջ ներգրավել էր Դիքշթեյն Շապիրո եւ Կասպիան ընկերություններին, որոնցից առաջինը մինչեւ հոկտեմբեր ամսական 45 հազար դոլար էր ստացել, ապա այդ գումարը հոկտեմբերին մասնակի կրճատվել եւ նորից աճել է: Այսպիսով, առաջին կիսամյակում այս ընկերությունը Թուրքիայից գանձել է 270 հազար, իսկ երկրորդի համարՙ 265 հազար 500 դոլար, որը տարեկան կազմում է 535 հազար 500 դոլարի: Ընկերությունը ողջ տարվա ընթացքում աշխատանքներ է տարել կոնգրեսականների հետ:
Գալով Կասպիանին, ապա այս ընկերությունն էլ ամսական 14 հազար դոլար է ստացել: Բացի վերոհիշյալ երեք ընկերություններից, հուլիսին թուրքական դեսպանատունը 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել նաեւ վերլուծաբան Դեյվիդ Մերկերի հետ, որին 2010-ի համար հատկացրել է 50 հազար դոլար:
Ինչ վերաբերում է հասարակայնության հետ կապերին, ապա Թուրքիան այս ոլորտում դիմել է Ֆլեյշման-Հիլլարդ ընկերության ծառայությանը, պարտավորվելով ամսական վճարել 113 հազար 683 դոլար: Քանի որ ընկերությունը 2010-ին վարձատրվել է միայն հունվար, ապրիլ, մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին, ուստի 1 մլն 365 հազար դոլարի փոխարեն թուրքական դեսպանատնից ստացել է 590 հազար 859 դոլար: Միաժամանակ, 2010-ի ընթացքում Փոինթ ստրատեջիս ընկերությունը Ֆլեյշման-Հիլլարդի միջնորդությամբ ամսական 22 հազար 500 դոլարի դիմաց խորհրդատվական ծառայություն է մատուցել դեսպանատանը: Այդ ընթացքում Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանն էլ համաձայնագիր է ստորագրել Սիլվեր Ասոշիեյթսի հետ, վճարելով ընկերության ամսական նույնպես 22 հազար 500 դոլար:
Այսպիսով, 2010-ին Թուրքիան Գեփարթ գրուպին վճարել է 1 մլն 424 հազար 113 դոլար, Դիքշթեյն Շապիրոյինՙ 535 հազար 500, Կասպիանինՙ 168 հազար, Մերկերինՙ 50 հազար, Ֆլեյշման-Հիլլարդինՙ 590 հազար 859, Փոինթ ստրատեջիսինՙ 270 հազար, Սիլվեր Ասոշիեյթսին նույնպես 270 հազար ամերիկյան դոլար:
Հ. ՉԱՔՐՅԱՆ