«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ԵՎ ՉԻ ԶԻՋԻ ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները»: Նման հայտարարությամբ է երեկ հանդես եկել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովը : «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ` Մամեդովը հայտարարել է, որ իրենք քայլեր են ձեռնարկում Ստեփանակերտում օդանավակայանի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ, եւ անցյալ տարվա հոկտեմբերին այդ կապակցությամբ նախազգուշացում են ուղարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):

«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղի մեր օդային տարածքը փակ է: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` նախատեսվում է այդ տարածքում վայրէջք կատարվող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում», շեշտել է Մամեդովը:

Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրենը նաեւ հավելել է, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը նամակում կոչ է արել միանալ մի շարք կոնվենցիաների, ջանքեր գործադրել` տարածաշրջանում բացասական երեւույթներից խուսափելու համար: «Համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ` մենք դարձյալ նամակ ուղարկեցինք` հայտարարելով, որ այդ օդային տարածքը փակ է եւ գտնվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի վերահսկողության տակ»:

Մամեդովը ասել է, որ ադրբեջանական կողմը խորհուրդ է տվել IACO-ին բացասական երեւույթներից խուսափելու համար այդ մասին տեղեկացնել հակառակորդ կողմին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ` մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունները, ասել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունը` Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռների ոչնչացման մասին, վկայում է, որ Ադրբեջանում միջնադարյան մթնոլորտ է տիրում: «Նման հայտարարությունների հեղինակները ոչ միայն անհավասարակշռված մարդիկ են, այլեւ ազգայնամոլ գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ», ասել է Բաբայանը` հավելելով, որ Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին` ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով: Բաբայանը փաստել է, որ նման սպառնալիքներով Ադրբեջանը փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ԼՂՀ քաղաքացիները չօգտվեն օդանավակայանից:

«Մենք վճռական ենք Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում, եւ ոչինչ չի խանգարի դա իրականացնել: Կօգտագործենք Արցախի օդային տարածքը, անկախ նրանիցՙ դա դուր է գալիս Ադրբեջանին, թե ոչ: Իսկ եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը եւ փորձի ոչնչացնել ինքնաթիռները, դա անկանխատեսելի հետեւանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար», ասաց Բաբայանը` հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա պաշտոնական Բաքվի նման հայտարարություններին, որոնք բացահայտ քրեական տարրեր են պարունակում:

  «Ազգ» -ի հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամներ են եւ ունեն բազմաթիվ պարտավորություններ: Դրանցից մեկն էլ այն է, որ որեւէ երկիր իրավունք չունի քաղաքացիական ինքնաթիռներ ռմբակոծելու:

«Մինչեւ երեկ կարծում էի, որ Հայաստանի հետ Ադրբեջանն էլ է ICAO անդամ: Սակայն պարզվում է, որ Ադրբեջանը հեռու է քաղաքակիրթ պետություն կոչվելուց եւ նման հեղինակավոր կազմակերպության անդամ լինելով հանդերձ, հանդես է գալիս նման հայտարարություններով: Եթե Ադրբեջանը փորձի նման բան կատարել, ապա նախ եւ առաջ մենք կդիմենք ICAO-ին եւ կպահանջենք Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառել ու նրան զրկել կազմակերպության անդամակցությունից»: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի մայիսի 9-ից: Այժմ օդանավակայանում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Դմիտրի Ադբաշյանը փաստեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով եւ ոչնչով չի զիջելու Բաքվի օդանավակայանին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Մայիսի 15-ին «Ստեփանակերտի օդանավակայանը կգործի մայիսի 9-ից» հոդվածում հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման վարչության պետ Դմիտրի Ադբաշյանին, գրել էինք, որ Երեւան-Ստեփանակերտ չվերթերն իրականացնելու է «Արցախէյր» ընկերությունը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ՔԱԳՎ-ի փոխանցմամբՙ նման ավիաընկերություն ՀՀ-ում գրանցված չէ եւ գործունեություն չի ծավալում, հետեւաբար նշված չվերթի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցը ՔԱԳՎ-ում չի քննարկվել:

Մեզ հետ զրույցում Դմիտրի Ադբաշյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4