Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Օլավի Սալոյին:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆիննական հարաբերություններին առնչվող հարցեր:
Կողմերը համակարծիք են եղել, որ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանն ու Ֆինլանդիան տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ներուժ ունեն, հատկապես որ` Ֆինլանդիան «Արեւելյան գործընկերության» երկրների եւ միջինասիական հանրապետությունների համար գերակա եւ հեռանկարային է համարել անվտանգության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի քանի այլ ոլորտներում համագործակցության զարգացումը` նախատեսելով շուրջ 80 մլն եւրո առաջիկա տարիների համար: Հանդիպման ընթացքում ընդգծվել է նշված ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաեւ Սեւանում ֆիննական ներդրումներով տուրիստական առողջարանային կենտրոն բացելու եւ ֆիննական «Սամպո ռոզենլավ» ընկերության հետ հացահատիկային կոմբայնների հավաքման արտադրություն կազմակերպելու նախագծերը: Արթուր Բաղդասարյանը ասել է, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ մյուս պատկան մարմինները պատրաստ են աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը` հավելելով, որ Հայաստանը կողմ է Ֆինլանդիայի հետ քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում երկխոսության խորացմանը:
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրոմիություն համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը` կարեւորելով հատկապես` ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները, ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման եւ ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման կարգի դյուրացման գործընթացները:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ