Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններից ակնկալում է «խիղճ ու սեր երկրի հանդեպ»
Ձեռքին մի շիշ ջուր, կողքին` եռագույնը: Գիշերը, Ազատության հրապարակում` Հովհաննես Թումանյանի արձանի հարեւանությամբ գտնվող նստարանին անցկացրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի: Գիշերը նրա հետ են անցկացրել ընտանիքի անդամները, կուսակցական ընկերներն ու համակիրները: «Ժառանգության» խմբակցության պատգամավորների ջանքերը` վրան կառուցելու, անցել են ապարդյուն. ոստիկաններն արգելել են ոչ միայն վրան փռել կամ նստարանին «ադյալ» գցել, այլեւ սաստել են. մենք հիմա հանգիստ ենք, բայց կարող ենք բարկանալ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ հացադուլ հայտարարելով որեւէ բան չի պահանջում կամ պնդում: Նրա գնահատմամբ, «երկրում հասունացել են ժողովրդի պահանջները, որոնք լուծման կարիք ունեն»: «Պահանջներ ունի ժողովուրդը: Դրանք շատ են հասունացել: Այստեղ բոլորն էլ գիտեն, որ գտնվում են արտակարգ իրավիճակում, որը պահանջում է արտակարգ լուծումներ, եւ առաջին հերթին դա պետք է տեղի ունենա ժողովրդին վերադարձնելով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելում է, որ իշխանությունները ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, վարքով փաստացի հրաժարվել են պարտականություններից: Ըստ Հովհաննիսյանի, այժմ խնդիրն է այդ փաստացի հրաժարումը դարձնել պաշտոնական: Իշխանություններից էլ ակնկալում է «խիղճ ու սեր ունենալ» երկրի նկատմամբ` հասկանալու, որ արմատական փոփոխություններն անհրաժեշտություն են, որոնք կարող են կատարվել միայն «զույգ արտահերթ ընտրությունների միջոցով»: («Ժառանգության» առաջնորդը նկատի ունի խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ-Հ. Հ.): Հովհաննիսյանը կոնկրետ ժամկետներ չի նշում. հացադուլը կշարունակի այնքան, որքան Աստված ուժ տա, սակայն հավելում է, որ մեկ շաբաթ անց փոփոխությունները նկատելի կլինեն:
Երեկ նրան այցելել էր թիվ 4 պոլիկլինիկայի բժշկուհին: Բուժզննումից հետո բժշկուհի Թինա Մալխասյանն «Ազգ»-ին ասաց, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը դեռ նորմալ է: «Ժառանգության» առաջնորդին այցելել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Օրվա երկրորդ կեսին «Ազատության» հրապարակ է եկել ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը:
Մինչ հասարակությունը քննարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, ինտերնետ տիրույթի թիվ մեկ թեման Հովհաննիսյանի սափրված բեղերն էին...
«Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ ու որոշել հետագա անելիքները: Կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` Հովհաննիսյանի` հացադուլ անելու որոշումը տագնապալի ահազանգ էր: «Ժառանգությունը» երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար երեք ելք է նախատեսում` նախաձեռնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, համախմբել ընդդիմությանն ու մեկ միասնական օրակարգ ձեւավորել, այլապես երկրում կբարձրանա սոցիալական բունտ, որը կարող է անկառավարելի վիճակ ստեղծել եւ ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Ռուբեն Հակոբյանը նշում է, որ եթե իշխանությունը չի գնում այդ քայլին, ապա պետք է քայլ կատարի ընդդիմությունը: Նա առաջարկում է ընդդիմությանը համախմբվել: «Ազգ» -ի ճշտմանը` կոչը վերաբերում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերի՞ն, Հակոբյանը դրական պատասխան տվեց` հավելելով, որ այդ կոչի ընդունման կամ չընդունման դեպքում պարզ կդառնա, թե ո՞վ է իսկական ընդդիմություն:
Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին երեկ արձագանքել է ԱԺ փոխխոսակ Սամվել Նիկոյանը` ասելով, որ «Ժառանգության» առաջնորդը ցանկանում է հաճելին համատեղել օգտակարի հետ ու այս օրերին ծոմ պահել: Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբՙ Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Հայաստանի բոլոր սովածների համար, բոլոր կուշտերի անունից: «Հաշվի առնելով, որ նրանց ստամոքսը ուղղակի անասելի կախվածություն ունի ոչ միայն ուտելիքից, այլ նաեւ հարկատուների հաշվին ապրող հատատություններին հատկացվող բյուջետային հատկացումներից: Եվ քանի որ Սամվել Նիկոյանը չի պատկերացնում, թե դա ինչ է, հրավիրում ենք հացադուլի վայր ու թող փորձի մեկ օր անցկացնել այնտեղ»:
Օրվա թիվ մեկ թեմային անդրադարձել են նաեւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Ոմանք ծաղրանքով ու ցինիզմով են վերաբերվել Հովհաննիսյանի որոշումներին, ոմանք էլ բարոյական աջակցություն առաջարկել; Մինչ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ում ղեկավարած «ԱԼՄ» հեռուստաընկերությունը ժամանակին հաճախ էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին, իր աջակցությունն է հայտնել, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը առաջարկել է ծոմ պահելու համար գնալ Էջմիածին: Զորակցություն են հայտնել «Սարդարապատ» շարժումը, «Շրջադարձ» շարժումը, Ազգային միասնության ուխտը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ հացադուլը գնահատում է շատ արագ քայլ: «Ոչ թե անսպասելի էր, մի տեսակ, պահանջ է, եթե պահանջ ես դնում եւ վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող է հայտնվես դժվար վիճակում: Չնայած ձեւեր կան, անժամկետ հացադուլը շատ ռադիկալ եւ ռիսկային է, վտանգավոր», ասաց Մանուկյանը` ավելացնելով. «Ես չէի անի»: Նրա մեկնաբանությամբ` միասնական ճանապարհով գնալն ավելի հիմնավոր է: Լուրջ ու շատ կարեւոր է, երբ իշխանափոխությունը ժողովրդի կամքով է լինում, քան երբ առանձին անհատներ դիմում են կրիտիկական մեթոդների: «Լավ է արել, ճիշտ է արել, դա իր իրավունքն է: Համարձակ քայլ է, բայց եթե կողքից զուգահեռ գնում է համաժողովրդական իսկական շարժում, եթե նպաստում է, թող նպաստի, ի՞նչ ասեմ»: ՀԱԿ-ը պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել, սակայն միանալ Հովհաննիսյանին հացադուլի ձեւով, չեն պատրաստվում:
«Քար գցել չհամարեք, բայց այս պահին չեմ համարում, որ հացադուլը ճիշտ պայքարի ձեւն է: Կարող է երեք օր հետո հասունանա, բայց այս պահին չեմ գտնում: Գոնե ինձ համար, ոչ թե Րաֆֆիի համար, Րաֆֆին իր որոշման տերն է»:
Արամ Մանուկյանն ասաց, որ երեկ հանդիպել է «Ժառանգության» առաջնորդի տիկնոջը` Արմինե Հովհաննիսյանին եւ կուսակցության ներկայացուցիչերին: Մանուկյանը նշում է, որ «Ժառանգության» հետ մրցակցություն չկա եւ մտավախություն չունեն, որ կուսակցությունը նման քայլերով որպես ընդդիմություն իրենց կշրջանցի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Facebook սոցիալական ցանցում բացվել է «Ծոմ ազատության» էջը` ի պաշտպանություն հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի: Քարոզարշավին արդեն միացել է 200 մարդ: