«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Երեւանյան առեւտրի օբյեկտների ցուցափեղկերին հայտնվող իջեցված կամ զեղչված գների վերաբերյալ հայտարարությունները հաճախ են գնորդներիս մեջ տարօրինակ զգացումներ առաջացնում: Պատճառն այն է, որ, ասենք, 10 տոկոս զեղչը գրեթե ոչինչ չի նշանակում, իսկ 60-70 տոկոսի հիշատակման դեպքում մեր մարդիկ տարակուսում են, թե ուր է մնում շահույթ ակնկալելը, որը առեւտրի հիմնական իմաստն ու նշանակությունն է: Առաջին հայացքից պարզ թվացող հարցեր են, որոնք թերեւս ինչ-որ խորհրդավորություն այսուհանդերձ պարունակում են: Փորձենք այս գործընթացի որոշ դրսեւորումներին ծանոթանալ եվրոպական եւ մեր սուպերմարկետների գովազդային թերթիկներից վերցված ներկայացվող նկարների օգնությամբ:

Գինին, որը ցուցադրված է թիվ 1 նկարում, Հարավաֆրիկյան հանրապետության արտադրանք է: Այն Եվրոպայում վաճառելը արդեն ենթադրում է, որ ապրանքը համապատասխան փորձաքննություն է անցել եւ որակի խնդիր չունի: Հիմա նայենք գնին. 0,75 լիտր տարողության այս գինին նախապես գնահատված է եղել 2 եվրո, մեր 1000 դրամը, որը 25 տոկոսով զեղչվելուց հետո առաջարկվում է 1,5 եվրոյով կամ 750 դրամով: Կից ներկայացվողը հայաստանյան արտադրանք է, որի արդեն հիշատակված 0,75 լիտրը նախապես գնահատվել է 3,5 դոլար, Հարավաֆրիկյանի նախնականի գրեթե կրկնակին: 17 տոկոս գնի իջեցումից հետո արժեքը մոտեցել է 3 եվրոյի, ՀԱՀ-ի արտադրանքի գնի կրկնակին: Անշուշտ, մեզնից յուրաքանչյուրն ուրախ կլինի հայաստանյան արտադրության գինիների միլիոնավոր շշերի վաճառքի մասին լսել, որը, ցավոք, այսօր իրողություն չէ: Այսուհանդերձ խնդիր չենք համարում քննարկել ոչ միայն ներկայացված արտադրանքի գինը, այլեւ որակը. պարզապես ցանկություն ենք արտահայտում ունենալ այնպիսի գինիներ, որոնք կվաճառվեն էապես գնողունակ Եվրոպայի ու Ամերիկայի առեւտրային ցանցերում, ֆինանսական շահույթ կբերեն ու բարոյական ոգեւորություն կհաղորդեն հայերիս:

Իսկ տեղին չէ՞ արդյոք մտորելը, որ հայաստանցիներս առօրյա հացկերույթի ընթացքում գինու ցանկալի օգտագործումից հրաժարվում ենք շատ հաճախ հենց դրա գնի պատճառով, նախապատվությունը տալով առավել մատչելի բազմանուն օղիներին: Տողերիս հեղինակի ծանոթ-ընկեր-բարեկամների մեջ այս կարծիքն առավել իշխող է: Նրանք հաճախ են իրար առջեւ հարց դնում, թե 130 դրամով գնվող 1 կգ խաղողից մզվող մոտ 700 գրամ հեղուկն ինչո՞ւ է գինու վերածվելուց հետո 1500-1700 դրամով վաճառվում, արդյոք երկրի հարկերն ու տուրքե՞րն են բարձր, այդ արտադրություններում ընդգրկվածներն էլ մի 2-3 հարյուր հազար դրամ աշխատավա՞րձ են ստանում: Որ արտադրողները նեղության մեջ չեն, երեւում է արդեն դատարկված շշերի ճակատագրից. դրանց հետգնում գրեթե չի իրականացվում ոչինչ չարժեցող գնի պատճառով, եւ մեզանում ապակյա տարաները հիմնականում հայտնվում են աղբարկղերում: Եվրոպացիներն, օրինակ, նշում են, որ իրենք այնչափ հարուստ չեն նման բան թույլ տալու համար, իրենց մոտ ամենուր ապակե տարաները ըստ գույների իրենց աղբարկղերն ունեն: Տողերիս հեղինակին առիթ եղել է գարեջրի շշերը հանձնել սուպերմարկետում տեղադրված ավտոմատ սարքին, յուրաքանչյուր շշի դիմաց ստանալով 9 եվրոցենտ, մեր 45 դրամը: Ապակե տարաներն ամենուր մանրացվում եւ ապակեհումքի են վերածվում: Արդեն հետխորհրդային երկրներում էլ կարելի է տեսնել նման, վերամշակման հոսքագիծ արտադրություններ: Այնպես որ, եթե մեր տեղական իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկեն ապակե տարաները աղբի վերածելու գործընթացը կանխելու ուղղությամբ, գուցե ոմանք նախաձեռնեն գոնե 1-2 հոսքագիծ արտադրության ձեռքբերումը, որը բազմաթիվ խնդիրներ կլուծի:

Վերադառնանք իջեցված գների ֆենոմենին: Ներկայացվող ավստրիական 1,5-լիտրանոց հանքային ջուրը նախապես արժեցել է 45 եվրոցենտ, մոտ 225 դրամ: Այն նվազագույնը 6 հատ գնելու դեպքում յուրաքանչյուր շշի գինը առաջարկվում է 29 եվրոցենտ, մոտ 150 դրամ: Ներկայացվող հայաստանյան արտադրանքի 1 լիտրի գինը, խոստացվող բոնուսով հանդերձ, շատ ավելին է, քան ավստրիականի 1,5 լիտրն արժե, որն էլ պատճառ է դառնում մեր կողմից հանքային ջրերի հարուստ տեսականու սակավ օգտագործման: Ճիշտ է, այն խիստ անհրաժեշտություն չէ, բայց դրա չափավոր ընդունումն էլ չէր խանգարի, որտեղ գինը պակաս որոշիչ չէ:

Դե գինի ու հանքային ջուր կարող ես չօգտագործել, իսկ ահա մակարոնեղեն ոչ միայն պարտավոր ես ուտել, այլեւ պարտադրված ես: Նայելով այս մթերքի եվրոպական ու հայաստանյան գներին, մի տխուր իրողություն կարելի է տեսնել. 500 գրամ փաթեթով «Կոմբինո» մակնշմամբ մակարոնը նախապես գնահատված է եղել 39 եվրոցենտ, մոտ 200 դրամ, որը 25 տոկոսով զեղչվելուց հետո առաջարկվում է 29 եվրոցենտով, որը մեր 150 դրամն է: Հայաստանի առեւտրացանցերում վաճառվող «Մակֆա»-ի 500-գրամանոց փաթեթը նախ առաջարկվել է 409 դրամով, որը 80 եվրոցենտից մի փոքր ավելին է, եվրոպականի կրկնակին, 10 տոկոս գնի իջեցումից հետո կազմել է 369 դրամ, արդեն հիշատակվածի կրկնակիից ավելին:

Հայաստանյան մամուլը համանման լրատվություն հաճախ է հրապարակում, նպատակ ունենալով ոչ միայն տեղեկատվություն տարածել, այլեւ օգնել երկրի համապատասխան իրավասու կառույցներին լուծումներ տալու հանրային մտահոգություններին: Արձագանքն առայժմ անտարբերությունն է, երբ բարձրագույն իշխանավորն անգամ իրեն ուղղված գնաճի վերաբերյալ հարցի բացատրությունը փորձում է գտնել համաշխարհային շուկայի գործընթացների մեջ: Բայց չէ՞ որ հիշատակված 3 փաստերից 2-ի դեպքում արտադրահումքը տեղականն է, երրորդի պարագայում` մասամբ հայաստանյան հացահատիկը, որից թերեւս մակարոնեղենի ինչ-որ քանակ այսուհանդերձ արտադրվում է: Ուրեմն ո՞ւր է այն մակարոնեղենը, որի համեմատաբար ցածր գինը հնարավորություն կտա մի կուշտ ուտել, հետը 1 բաժակ հանքային ջուր կամ 1 գավաթ գինի ըմպելով:

Մայրաքաղաքի առեւտրային ցանցում վաճառվող տեղական արտադրության նվազագույն գին ունեցող մակարոնի 500 գրամը հանդիպում է 225 դրամով, Եվրոպայում վաճառվողից 50 տոկոսով ավելի: Տարօրինակ ենք համարում, որ նույն գինն ունի ՌԴ-ից ներմուծվածը, որը, վաճառողների հավաստմամբ, առավել շատ է վաճառվում. գնորդները վերջինիս որակի հարցում կասկածներ չունեն, այնպես որ «Գնենք մերը» կարգախոսը այստեղ մասամբ է գործում: Ուր է, թե միայն այդ մթերքի հարցում այդպես լիներ...

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4