«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՆԱԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

Արդեն 2-րդ տարին է «Վիվասել-ՄՏՍ»-ն օժանդակում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: Երեկ ընկերության գլխամասային գրասենյակում «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը քաջ գործ է անում. «Մասնակից է ազգային դիմագիծը սերունդներին փոխանցելու կարեւոր գործին»: Ընկերությունը գլխավոր հովանավորն է նվագախմբի հերթական համերգաշրջանի: Նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով` «Վիվասել-ՄՏՍ»-ի շնորհիվ իրենց ֆինանսական հոգսը թեթեւացել է. «Երաժիշտներին կարողանում ենք աշխատավարձեր տալ այդ գումարներից»: Իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծեց, որ ֆինանսական աջակցության շնորհիվ երաժիշտներին կկարողանան պահել Հայաստանում. «Նույնիսկ ծրագրել ենք արտասահմանից երաժիշտների հրավիրել Հայաստան»:

Այնուհետեւ մաեստրոն անդրադարձավ 2011-ի իրենց ծրագրերին: Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին` Երեւամյան 5-րդ միջազգային փառատոնով, որին մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներ Ջուլիա Ֆիշերը, Կոնստանտին Լիֆշիցը, Պոլ Մայերը եւ ուրիշներ: Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու է համերգային հրաշալի ծրագիր, որի ժամանակ նվագելու է իրենց նվագախումբը, եւ կրկին Հայաստան է գալու իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Նախատեսված է, որ նոյեմբերին նվագախումբը հանդես գա Ճապոնիայում: «Սակայն չգիտեմՙ այդ հյուրախաղի հետ ինչ կլինի: Ամեն օր աղոթում եմ, որ Ճապոնիայում ամեն ինչ լավ լինի», ավելացրեց Է. Թոփչյանը: Նվագախումբը նաեւ այցելում է հայաստանյան բուհերը: Արդեն նվագել են Երեւանի բժշկական ու Ռուս-հայկական համալսարաններում, ամսի 15-ին էլ նվագելու են Մանկավարժական համալսարանում: Մաեստրոն կարեւորեց հատկապես այս նախագիծը. «Ուզում ենք նման ճանապարհով երիտասարդներին մոտեցնել դասական երաժշտությանը»: Վերոնշյալ բուհերում նվագելուց հետո ուսանողների մեջ առաջացել է հետաքրքրություն: «Կան ուսանողներ, որոնք արդեն գալիս են մեր համերգներին: Կամաց-կամաց հասկանում են, որ Բեթհովենն էլ է աստղ», հավելեց Է. Թոփչյանը:

Այս տարի լրանում է նվագախմբի 85-ամյակը, եւ մաեստրոյի փոխանցմամբ` բոլոր միջոցառումները նվիրվում են նվագախմբի հոբելյանին:

«Վիվասել-ՄՏՍ»-ի աջակցության շնորհիվ 2010-11 թվականների համերգաշրջանի ընթացքում նվագախումբը կազմակերպել է շուրջ 35 համերգ Երեւանում, 2 համերգ` Ֆրանկֆուրտում եւ մեկ համերգ` Բրատիսլավայում: Նախատեսված է կազմակերպել եւս 20 համերգներ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4