Երեւանը միշտ հյուրընկալ քաղաք եւ գործարար կենտրոն է եղել եւ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ առեւտրականների, գործարարների, արվեստագետների եւ այլոց համար: Վերջին 50 տարում հայ ճարտարապետներն ու շինարարները կառուցել են ամեն տեսակՙ ինչպես սովորական, այնպես էլ շքեղ հյուրանոցներ: Ինչպե՞ս եւ ի՞նչ սկզբունքով են դրանք կառուցվում եւ գործում: Ո՞րն է դրանց էական տարբերությունը: Ինչո՞ւ մի տեղում կենալու գինը սովորական է, իսկ մյուս տեղերումՙ շատ... կասկածելի: Կոմունիստների կառավարման ժամանակաշրջանում կառուցված եւ շահագործվող ամեն ինչ վերահսկվում էր ինչպես պետական կառույցների (նախարարությունների, գլխավոր կոմիտեների), այնպես էլ զգոն ԽՄԿԿ-ի կողմից: Մշակվել էին հատուկ շինարարական նորմեր եւ կանոններ: Նախագծային եւ շինարարական կազմակերպությունները անշեղորեն կատարում էին այդ նորմերը: Ամեն մի շեղում պատժվում էր օրենքով: Կառուցումից հետո դրանց շահագործմամբ զբաղվում էին տարբեր կազմակերպություններ: Դրանց գործունեությունը նույնպես վերահսկվում էր:
Ինչպես Երեւանի, այնպես էլ մյուս միութենական մայրաքաղաքների հյուրանոցները ստորաբաժանվում էին 4 հիմնական կատեգորիաների. «Ինտուրիստ»ՙ օտարերկրացիների համար, «Տուրիստ»ՙ միութենական զբոսաշրջիկների համար, համաքաղաքայինՙ գործուղվածների համար, հատուկ հյուրանոցներ (VIP)ՙ կուսակցության եւ կառավարության բարձրագույն պաշտոնատար անձանց համար: Նման ստորաբաժանումը տեղին էր ինչպես կազմակերպական, այնպես էլ սոցիալական առումներով: Վայել չէր օտարերկրացուն խառնել սովորական ինժեների հետ կամ նախարարինՙ կոլտնտեսականի հետ: Ասենք, կեցության գներն էլ հսկայական տարբերություններ ունեին:
Երեւանի սովորական քաղաքային հյուրանոցները («Սեւան», «Արաբկիր», «Սեբաստիա», «Շիրակ», «Երեւան») ենթակա էին քաղխորհրդին եւ նախատեսված էին գործուղվածների համարՙ կոլտնտեսականներից մինչեւ ինժեներ: Դրանք ունեին միջին հարմարավետության պայմաններ (ռեստորանով կամ առանց դրա), նախատեսված էին գիշերելու համար:
Միութենական զբոսաշրջիկների հյուրանոցները («Էրեբունի», «Նաիրի», Երիտասարդության պալատ, «Ծիծեռնակ») ենթակա էին ՀԱՄԿԽ-ին եւ «Սպուտնիկին», նախատեսված էին տվյալ կազմակերպությունների զբոսաշրջային ուղեգրերով Հայաստան եկած մարդկանց համար: Պայմաններն այնտեղ սովորականից լավ էին, պարտադիր էր ռեստորանըՙ բազմապիսի ճաշացանկով, բարով, պարասրահով, սրճարանով եւ այլն: Այստեղ պարտադիր պայման էին կենվորների էքսկուրսիոն ծրագրերը, քանի որ այդ հյուրանոցների հիմնական նպատակը հանգստի ճիշտ կազմակերպումն էր:
«Ինտուրիստի» հյուրանոցները («Արմենիա», «Անի», «Դվին») նախատեսված էին հիմնականում օտարերկրացիների համար: Այստեղ վճարումը կատարվում էր ինչպես խորհրդային ռուբլիներով, այնպես էլ արտարժույթով: Այդ հյուրանոցների կարգը համապատասխանում էր միջազգային ստանդարտին, եւ սպասարկման որակը անշեղորեն պահպանում էին բոլորըՙ սպասավորուհիներից եւ դռնապաններից մինչեւ ղեկավարությունը: Քանի որ «Ինտուրիստ» համակարգը ենթակա էր ԽՍՀՄ ՊԱԿ-ին, ամեն մի սխալ քայլ այստեղ վերահսկվում էր եւ կարող էր ցավալի ավարտ ունենալ: Օրինակ, այստեղ կային խանութներ, բարեր, որոնցում վաճառքը արտարժույթով էր, եւ, ըստ խորհրդային օրենքների, դրա հետ սխալ վարվելը կարող էր ավարտվել 8 տարվա բանտարկությամբ:
Հատուկ հյուրանոցները (VIP), ինչպիսիք էին «Հրազդանը», «Հրազդան-2»-ը (քոթեջներ), ընդունելությունների տունը (Մատենադարանի մոտ) ենթակա էին Կոմկուսի ԿԿ-ին, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին եւ նախատեսված էին ամեն կարգի (նախարարներից մինչեւ կուսակցության ղեկավարներ) բարձրագույն ղեկավարների համար: Այստեղ սպասարկման մակարդակը, կեցության եւ սննդի որակը կարելի էր բնութագրել որպես շքեղ կամ արտակարգ:
Նոր, անկախ կարգավիճակի պայմաններում Հայաստանը շատ բան կորցրեց տարիներով մշակված կարգից: Ավերվեցին Երիտասարդության պալատը, «Ծիծեռնակը», «Սեւանը», «Դվինը», «Էրեբունին»: Ոչնչացվեց եւ կողոպտվեց այն ամենը, ինչը տարիներ շարունակ զգալի եկամուտ էր բերել պետությանը: Նոր դարը իր հետ բերեց նոր պահանջներ եւ երեւանյան հյուրանոցների նոր տիպեր: Ամենքիս համար ակնհայտ է, որ այդ կատեգորիաները շատ պայմանական են, բայց այն փաստը, որ դրանք առկա են մի քանի օրինակից, թույլ է տալիս դրանք բնութագրել որպես տիպ կամ տարատեսակ: Ինչպես նշում է մաթեմատիկական ասացվածքը, «եթե չեք հավատում, վերցրեք եւ ստուգեք»:
Երեւի հարկավոր է սկսել միջազգային կարգի հյուրանոցներից. «Արմենիա-Մարիոթը», «Երեւանը» (Golden Tulip), «Կոնգրեսը», «Արմենիան», «Երեւանը» պետական ենթակայությունից դուրս եկան եւ դարձան մասնավոր, նորոգվեցին եւ նոր դիմագիծ ստացան: Նոր տերերը ջանացին կիրառել արդիական միջազգային չափանիշներ: Երիտասարդության պալատի տեղում պատրաստվում են սկսել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի, իսկ Երեւանյան լճի ափինՙ «Հիլթոն» հյուրանոցի շինարարությունը: Այդ համաշխարհային «բրենդների» ներդրմամբ մայրաքաղաքը ոչ միայն ավելի գունագեղ կդառնա, այլեւ կկարողանա սպասարկման մակարդակը բարձրացնել ըստ համաշխարհային ստանդարտների: Հյուրանոցային այնպիսի խոշոր համակարգեր, ինչպիսիք են «Շերաթոնը», «Ռեդիսոնը», «Մերիդիանը», «Մարիոթը», «Հիլթոնը» եւ այլն, աշխարհի մասշտաբով թելադրում են հյուրանոցային բիզնեսի զարգացման դասականությունը: Հայաստանը այդ համաշխարհային «բրենդներից» կարող էր սովորել սեփական բիզնեսի վարման ու կազմակերպման ճիշտ եղանակ: Հարկավոր են միայն սովորելու ցանկություն եւ մի քիչ համբերություն:
Վերջերս սկսել է ձեւավորվել մեկ ուրիշ կատերգորիա. պայմանականորեն անվանենք «օլիգարխի ֆազենդա»: Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության ժամանակ որոշ նորահարուստներ արձագանքեցին ՀՀ ղեկավարության կոչերին եւ «անձնական միջոցներով» կառուցեցին այնպիսի հյուրանոցներ, ինչպիսիք են «Սիլը», «Աստաֆյանը», «Մետրոպոլը», «Օլիմպիան», «Արարատը», «Արման» եւ այլն: Բայց կառուցելիս միանգամայն մոռացան շինարարական նորմերի եւ կանոնների մասին, ամեն ոք կառուցեց ինչպես կարող էր, ինչպես թելադրում էր անձնական երեւակայությունը: Ավելին, շահագործման հանձնելուց հետո այստեղ սկսեցին աշխատել յուրովի (ինչպես ուզեցին): Ղեկավարումը կատարվում էր ըստ օլիգարխի անձնական քմահաճույքների, եւ ստացվեց զվարճանքի մեծ առաձնատուն ոչ թե զբոսաշրջիկների, այլ «նորին գերազանցություն սեփականատիրոջ» ընտանիքի եւ մերձավորագույն շրջապատի համար: Խրախճանքները, տոնակատարությունները եւ մյուս անզսպությունները բնավ չէին ներդաշնակում հյուրանոցային կանոնադրությանը, եւ մարդիկ աստիճանաբար սկսեցին խույս տալ այդ կեղծ հյուրանոցներից:
Մեր իրականության մեջ, ցավոք, արմատավորվել են նաեւ երրորդՙ «օթել-սաունա» տիպի հյուրանոցներ: Դրանց քանակը անհնար է հաշվել, ասենքՙ անուններ էլ չունեն. պարզապես «օթել-սաունա» եւ վերջ: Այստեղ ժամավճարը 5000 դրամ է, օրական վճարըՙ 15 հազար դրամ: Սպասարկումը շատ հասարակ էՙ ամեն ինչ սեքսի համար: Սաունա, ջակուզի, մահճակալ, պոռնո-վիդեո: Չենք ուզում դրանք անվանել հյուրանոցներ, ավելի շուտ դրանց անվանումն է «սեքսոդրոմ» կամ «պոռնկատուն»: Բայց չէ՞ որ մի պատահական օտարերկրացի ճամպրուկը ձեռքին կարող է մտնել եւ համար խնդրել: Եվ այդ ժամանակ նա կհայտնվի... մաշկավեներաբանի մոտ: Բայց, ինչպես ասում են ֆրանսիացիները, c՛est la vie (այդպիսին է կյանքը): Սակայն դա արդեն զբոսաշրջությանը չի վերաբերում:
Հ. Գ. Հայաստանում մինչեւ օրս չկա հյուրանոցների դասակարգման աստղավոր համակարգ: Արդեն մոտ 10 տարի խոսվում է այդ թեմայով, բայց, ինչպես Կռիլովի հայտնի առակում, «սայլը տեղից չի շարժվում»:
ԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ