Մաշտոցի անվան Մատենադարանի պարսկերեն հավաքածուի հիմքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի գրադարանի նյութերն են, որոնք հետագայում համալրվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանի եւ Երեւանի հանրային գրադարանի ձեռագրերով, ինչպես նաեւ հայ բարերարների, հատկապես Հարություն Հազարյանի նվիրատվություններով:
Մատենադարանում այսօր պահվում են XIV-XIX դարերի պարսկերեն 470 ձեռագիր եւ մոտ 1500 վավերագիր: Դրանց մի մասն առաջին անգամ ցուցադրվեց երկու տարի առաջ եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց, ինչն էլ խորհելու առիթ տվեց կազմակերպելու երկրորդ ցուցադրությունը` համագործակցությամբ Մատենադարանի եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի: Ներկայացված ավելի քան 50 ձեռագրերը բովանդակային տարբեր ընդգրկում ունեն` կրոնական, պատմական, խրատական, բանաստեղծական, բժշկական: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ցուցադրության մեջ տեղ են գտել մատանու տուփի մեջ պահվող Ղուրանը, Նիզամու «Խամսե», Սաադի «Խրատ թագավորներին», Ֆիրդուսի «Շահնամե» եւ այլ արժեքավոր ձեռագրեր:
«Մատենադարանի պարսկերեն ձեռագրերը խոսում են հայ-իրանական պատմա-մշակութային դարավոր կապերի մասին: Այս ձեռագրերից շատերի վրա եղած հայերեն գրառումները մատնանշում են դրանց պատկանելությունը հայերին ու հայկական միջավայրում նրանց գտնվելու փաստը: Մատենադարանի շուրջ 3000 արաբատառ ձեռագրերի ֆոնդի մաս կազմող պարսկերեն ձեռագրերը բովանդակում են իրանական մշակույթի ու գիտության ամենատարբեր բնագավառներին վերաբերող գործեր: Կան հազվագյուտ ու եզակի ձեռագրեր, որոնք աչքի են ընկնում իրենց թե՛ գիտական, - թե՛ պատմա-մշակութային բարձր արժեքով: Բացի սրանից, Մատենադարանի արխիվային ֆոնդերում պահվում են շուրջ 300 պարսկերեն հրովարտակներ` տրված Կարա-Կոյունլու, աղ-Կոյունլու թուրքմեն տիրակալների, Սեֆյան ու Ղաջար շահերի կողմից հայոց վանքերին, ազնվականներին ու համայնքներին` ի պաշտպանություն նրանց իրավունքների: Դրանք հայ-իրանական դարավոր կապերի ուսումնասիրված լավագույն աղբյուրներից են», ցուցադրության բացման ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը :
Պարսկերեն ձեռագրերի մեծ մասն ուսումնասիրվել ու հրատարակվել է «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը» շարքի հինգ հատորներում: Առաջին երեք հատորները հրատարակվել են դեռ նախորդ դարի 50-60-ականներին Մատենադարանի նախկին աշխատակից պրոֆ. Հակոբ Փափազյանի աշխատասիրությամբ, իսկ նույն շարքի վերջին երկու հատորները ներկայիս ավագ գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանի ջանքերով: Վերջինս հրատարակության է պատրաստում նաեւ Մատենադարանի պարսկերեն ձեռագրացուցակը, որը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել պարսկերեն ձեռագրերի բովանդակության մասին:
Ցուցադրության բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը : Խոսելով գիտական աշխարհում ձեռագրերի անգնահատելի նշանակության եւ պահպանության կարեւորության մասին, նա մեջբերեց պարսկական հետեւյալ ասացվածքը` «Մարդու կուտակածը միշտ պակասում է, իսկ գիտության կուտակածը երբեք չի նվազում»: «Մատենադարանի հետ մեր համագործակցությունը հնարավորություն է ընձեռում ստեղծելու մշակութային ամուր կամուրջ` դարերի ընթացքում կուտակված ձեռագրերը մարդկանց տեսանելի դարձնելու եւ դրանց հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացնելու», ասաց դեսպանն ուրախալի համարելով, որ դեսպանատան մշակույթի կենտրոնի եւ Սպահանի համալսարանի հայագիտության ամբիոնի աջակցությամբ այս տարվա մայիսին նախատեսվում է Մատենադարանում անցկացնել գիտաժողով` «Մատենադարանի հին ձեռագրերի իրանագիտական արժեքը» թեմայով:
Առաջիկա ամիսներին կհրատարակվի իրանագետ Ռայա Ամիրբեկյանի հեղինակած «Արեւելյան մանրանկարչություն. Մատենադարանի հավաքածու» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն տարբերակը: Հրաչյա Թամրազյանը նշեց, որ իրենց հերթին են սպասում նույն ալբոմի հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները, իսկ պարսկերենը հույս ունեն հրատարակել դեսպանատան աջակցությամբ: Իսկ նորաբաց ցուցադրությունը կտեւի մոտ մեկ ամիս եւ մարտի վերջին Մատենադարան կբերի պարսկական Ամանորի` Նովրուզի օրերին Հայաստան այցելող հազարավոր իրանցի զբոսաշրջիկների:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ