«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ 17 ՕՐ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերին ու դրանց ունեցած հաջողություններին «Ազգը» պարբերաբար անդրադարձել է: 2009-ից ի վեր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրումներ կայացել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր կինոփառատոներում եւ կինոկենտրոններումՙ Ստրասբուրգ, Մոսկվա, Մոնտեվիդեո, Թբիլիսի, Իտալիա, Սլովենիա, Իսպանիա, Իսրայել ու ԱՄՆ եւ այլուր:

Մարտի 11-27-ը Մեքսիկայի մայրաքաղաքում, Ազգային կինոարխիվը (Cineteca National de Mexico) եւ «Պլանետա» կինոթատրոնըՙ «Սինեմա-պլանետա» 3-րդ փառատոնի շրջանակներում կցուցադրեն Հարություն Խաչատրյանի «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը» եւ «Սահման» ֆիլմերը, որոնցից վերջին երկուսը կցուցադրվեն երեք անգամ: Նշենք, որ Մեքսիկայի ազգային կինոարխիվը ոչ միայն Մեքսիկայի ամենամեծ ֆիլմադարանն է, այլեւ հանդիսանում է քաղաքի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, որն ունի 8 դահլիճ եւ ամեն ամիս ցուցադրում է եւ իրենց, եւ աշխարհի կինոյի լավագույն նմուշները: Ցավոք մենք Հայաստանում չկարողացանք պահպանել մեր կինոդահլիճները, ու դրանք վերածվեցին տոնավաճառների, ակումբների, սննդի օբյեկտների: Եղած երկուսըՙ «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններն էլ հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրության համար ահռելի գումարներ են պահանջում: Ինչեւէ, շուտով, ինչպես տեղեկացրեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետը խոստացել է հատուկ կինոսրահ հատկացնել, որտեղ բացի ֆիլմերի ցուցադրումից կլինեն նաեւ կինոլեկտորիումներ, երիտասարդ կինոռեժիսորների հետ դասընթացների ու ֆիլմեր նկարահանելու լայն հնարավորություններ, որով էլ կինոաշխարհում հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունն, ու կինոյում հայկական ձեռագիրը էլ ավելի կընդարձակի աշխարհագրությունը: «Ազգի» հետ զրույցում Հարություն Խաչատրյանն ասաց, որ այսօր հայկական կինոն բավական լավ վիճակում է: Շատ երիտասարդ կինոռեժիսորներ մուտք են գործել կինոարվեստ ու իրենց յուրովի ձեռագրով լուրջ հայտ են ներկայացրել: «Կինոն այսօր հզոր մշակութային զենք է, եւ մենք պետք է օգտվենք ընձեռված այդ հնարավորությունից ու մեր երիտասարդներին օգնենք, աջակցենք: Արդեն ընթացքի մեջ են այն հատուկ մշակված ծրագրերը, որ երիտասարդներին լայն հնարավորություններ են տալիս մեր տրամադրած տեխնիկայով հեղինակային ֆիլմեր նկարելու, մասնակցելու փառատոների», ասաց պրն. Խաչատրյանը: Իսկ թե ո՞րն է անձամբ իր ֆիլմերի շռնդալից հաջողությունների ֆենոմենը «Ազգի» հարցին պրն. Խաչատրյանն ասաց. «Ես աշխատող, պրպտող ռեժիսոր եմ: Ես ֆիլմ եմ նկարում ոչ թե կոմերցիոն նպատակով, այլ դրանք ծնվում են իմ կողմից լուրջ ուսումնասիրություններից, հետազոտություններից, որոնք համամարդկային հետաքրքրություն են ներկայացնում: Ֆիլմերի ստեղծման գործում ինձ մեծ աջակցություն են ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը եւ հովանավորները: Իսկ թե ինչ ֆիլմի վրա եմ աշխատում ձեր հարցին ասեմ, որ արդեն 21 տարի է շարունակաբար նկարահանում եմ «Հավերժ պրպտում եւ վերադարձ» ֆիլմը: Ֆիլմը պատմում է 5 ընտանիքների ոդիսականը, որոնք 21 տարի առաջ Հայաստանից գնացել են ու օտար ափերում փորձել նոր կյանքին հարմարվել, արմատներ գցել: Նրանցից ոմանք կարողացել, ոմանք հիասթափությունից վերադարձել են...: Հիմնական հերոսները 21 տարի նկարահանվում են: Ցավոք, նրանցից կան նաեւ արդեն մահացածներ: Այս կերպ, հետեւողական ուսումնասիրությունների ու նկարահանումների ընթացքում ի հայտ են գալիս նոր հերոսներ, որոնք չեն ծնվել մայր հայրենիքում, սակայն այսօր գալիս են Հայաստան ու նոր կյանք սկսում: Այդ հերոսները «Անվերջ վերադարձի» մասն են կազմում, ու այդ երեւույթը լուրջ ուսումնասիրության կարիք ունի», նշեց պրն. Խաչատրյանը եւ խոստացավ 2012-ին ֆիլմը հանձնել կինոդիտողի ուշադրությանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4