«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2011-03-15 | #45, 2011-03-16 | #46, 2011-03-17


ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԾԱՆՐՈՐԴԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԳԻՍՏ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԿՅԱՆՔԸ

Յուրի Սարգսյանը Հայաստան-Ռուսաստան խաղի տոմս է փնտրում

Հերթական անգամ Հայաստան է այցելել մեր հանրաճանաչ ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանը : Երեկ «Դե ֆակտո» ակումբում նա հանդիպեց լրագրողների հետ:

Յուրի Սարգսյանը 1994-ին ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա, 3 անգամ այդ երկիրն է ներկայացրել օլիմպիական խաղերում: Իսկ 1980-ին Մոսկվայի օլիմպիադայում Յուրի Սարգսյանը մինչեւ 56 կգ քաշային կարգում երկամարտի 270 կգ (112,5+157,5) արդյունքով արժանացել է արծաթե մեդալիՙ 5 կգ-ով զիջելով կուբացի Նունյեսին:

Հանրաճանաչ ծանրորդը նշեց, որ տարին 3 անգամ այցելում է Հայաստան, հանդիպում հարազատների ու մտերիմների հետ, լինում է հարազատ գյուղումՙ Գեղակերտում, որի մարզադահլիճում էլ ժամանակին սկսել է ծանրամարտով զբաղվել հանրապետության վաստակավոր մարզիչ Ֆելիքս Ալիեւի գլխավորությամբ: Այսօր Գեղակերտում Յուրի Սարգսյանի անունը կրող մարզադպրոցում մոտ 100 երեխաներ են ծանրամարտով զբաղվում: Յուրի Սարգսյանն ամեն անգամ հուզմունքով է այցելում իր համար հարազատ օջախ դարձած մարզադպրոց, ամեն կերպ օգնում է բարելավելու պայմանները: Այս անգամ էլ նա 2 ծանրաձող է նվիրելու հարազատ մարզօջախին: Յուրի Սարգսյանը նաեւ մտադիր է դիմել սպորտի եւ երիտասարդության նախարարությանը, որպեսզի Գեղակերտի մարզադպրոցը վերանորոգվի:

Ներկայում բազմավաստակ ծանրորդն Ավստրալիայի ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչն է: Ի տարբերություն Հայաստանի, Ավստրալիայում մարզաձեւն այնքան էլ տարածված չէ ու սիրողական մակարդակի վրա է: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում Յուրի Սարգսյանը մշտապես հետեւել է հայ ծանրորդների ելույթներին, ուրախացել ու հպարտացել է նրանց նվաճումներով: Նա հուսով է, որ 2012-ին Լոնդոնում հայ ծանրորդները 2 ոսկե մեդալ են նվաճելու:

Յուրի Սարգսյանն աչքի է ընկել մարզական երկարակեցությամբ: Նա մինչեւ 2006-ը մասնակցել է Ավստրալիայի առաջնություններին, տարբեր մրցումների: Օրինակ 2002-ին 41 տարեկանում Յուրի Սարգսյանը մասնակցել է անգլիախոս երկրների օլիմպիական խաղերին, որտեղ հանդես են եկել 82 պետությունների ներկայացուցիչներ: Այդ մրցումներում նա 3 ոսկե մեդալ է նվաճել, 2 ռեկորդ է սահմանել:

Այս տարվա օգոստոսին Յուրի Սարգսյանը կնշի իր 50-ամյա հոբելյանը: Չնայած տարիքին, Յուրին որոշել է վերսկսել մարզումները: Նրա խոսքերով, առանց սպորտի իրեն չի պատկերացնում, շատ դժվար է բաժանվել սիրած մարզաձեւից: Տղանՙ Դավիթը, եւս գնացել է հոր հետքերով: 16 տարեկանում նա արդեն 170 կգ էր բարձրացնում, սակայն հետագայում չորս անգամ վիրահատվեց ու կորցրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը: Հետո հետեւեց դոպինգի օգտագործման հետ կապված սկանդալային պատմությունը: Յուրի Սարգսյանը պարզաբանեց, որ Դավիթն առողջական խնդիրներ է ունեցել եւ դեղամիջոցներ է ընդունել առանց հետաքրքրվելու դրանց ազդեցության մասին: Իսկ երբ հակադոպինգային գործակալությունը ստուգել է նրա անալիզները, պարզվել է, որ այդ դեղամիջոցն արգելված նյութերի շարքին է պատկանում: Սակայն Յուրին գտնում է, որ կարեւորը որդու առողջությունն է: Այդ դեղամիջոցն օգնել է նրան արու զավակ ունենալու, որը կրում է իր հանրաճանաչ պապուՙ Յուրի Սարգսյանի անունը: Շուտով Դավիթի որակազրկման ժամկետը կլրանա եւ նա կրկին կսկսի մարզումները:

Թեեւ մարզական հարուստ կենսագրությունում Յուրի Սարգսյանը շատ բարձունքներ է նվաճել, սակայն նրա մեդալների հավաքածուում բացակայում է օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Մինչ օրս էլ նա ափսոսանքով է նշում, որ 1984-ին ԽՍՀՄ-ը բոյկոտեց Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերըՙ զրկելով իրեն չեմպիոն դառնալու հնարավորությունից: Նա նաեւ լավ է հիշում 1983-ի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների հոգեվիճակը, երբ մրցաշարի մեկնարկից մեկ շաբաթ առաջ մրցումները Երեւանից տեղափոխվեցին Մոսկվա: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հայ ծանրորդների առջեւ խնդիր էր դրել անպայման հաղթել եւ ուրախացնել մարզասերներին, որոնց տրամադրությունը շատ էր ընկել Երեւանից մրցումները տեղափոխելու պատճառով: Եվ ԽՍՀՄ հավաքականում ընդգրկված մեր հիանալի եռյակն իրեն գերազանց դրսեւորեց: Օգսեն Միրզոյանը (56 կգ), Յուրի Սարգսյանը (60 կգ) եւ Յուրի Վարդանյանը (82,5 կգ) քաշային իրենց կարգերում նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Յուրի Սարգսյանն իր կարծիքն արտահայտեց մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին: Նա հեռուստացույցով դիտել էր, թե ինչպես են խաղին նախապատրաստվում ֆուտբոլասերների ակումբի անդամները, ինչը շատ էր ոգեւորել իրեն: Յուրիի կարծիքով, Հայաստանի հավաքականը խաղը կշահի 1-0 կամ 2-1 հաշվով: Նա պատրաստվում է ներկա գտնվել հանդիպմանը, սակայն ափսոսանք հայտնեց, տեղեկանալով, որ խաղի տոմսերն արդեն սպառվել են: Կարծում ենք, որ ՀՖՖ-ի ղեկավարությունը տեղեկանալով Յուրի Սարգսյանի Երեւանում գտնվելու մասին, նրան հրավիրատոմս կտրամադրի:

Խոսելով ապագա ծրագրերի մասին, Յուրի Սարգսյանը նշեց, որ մտադիր է 6-7 տարի անց ընդմիշտ վերադառնալ Հայաստան: Այդ ընթացքում նա պետք է աշխատի կարգավորել իր բոլոր գործերն Ավստրալիայում, որպեսզի մայր հայրենիքում հանգիստ վայելի կյանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4