9-ամյա երեխայի` «հայ դիպուկահարի կրակոցից» սպանվելու մասին տեղեկությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «բացարձակ զրպարտանք» է որակել: Երեկ նախագահ Սարգսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունըՙ շարունակելու բանակցությունները Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած վերջին եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Նշվել է, որ հանդիպմանը հետեւած ժամանակահատվածում հայկական կողմը հետեւողական քայլեր է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հանրությանը իրազեկելու եւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ:
«Անդրադարձ է կատարվել Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքներին, այդ թվում` հայ զինծառայողի սպանությանը, ապակառուցողական հայտարարություններին եւ սադրանքներին, մասնավորապես տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե 9-ամյա երեխա է զոհվել հայ դիպուկահարի կրակոցից», նշվում է հաղորդագրության մեջ:
Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, նշել է, որ այդ մեղադրանքը բացարձակ զրպարտանք է, քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ: Ըստ տեղեկատվության, Սարգսյանը նշել է. «Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետեւ նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է»:
Մինչ նախագահի հետ հանդիպումը համանախագահները քննարկումներ էին ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրել շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների եւ զինադադարի խախտումների վրա` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձեւավորմանը:
Նալբանդյանը նաեւ նշել է, որ «եթե Ադրբեջանը համաձայնություն տար ընթացքում Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից վերջին երկու տարվա ընթացքում հնչող կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջընթացին»:
Ա. Հ.