Ազատազրկման վայրերի գերբեռնվածությունը մեզանում հանգեցրել է ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների կիրառությունը մեծացնելու անհրաժեշտությանը, թեեւ նույն կետին կարելի էր գալ նախ եւ առաջ մարդասիրական նկատառումներից ելնելով:
Ամեն դեպքում, երբ ոչ ծանր հանցագործության դեպքում պատիժ է սահմանվում ազատազրկումը, եւ մարդ, առավել եւսՙ անչափահասը, հայտնվում է ճաղերից այն կողմ, դժվար թե նման պատժի «դաստիարակչական» նշանակությունը գնահատվի այնպիսին, որ նախընտրելի լինի ազատազրկումը: Չնայած այժմ Արմավիրում կառուցվում է 1200 անձի համար նախատեսված նոր քրեակատարողական հիմնարկ` ընդունված չափորոշիչներով:
«Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցների վերաբերյալ» թեմայով երեկվա քննարկումները հենց այս հարցերն էին արծարծում` արդարադատության նախարարության կազմակերպմամբ ու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ եւ ԵԽ փորձագետների մասնակցությամբ:
Ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, հատկապես ոչ ծանր հանցագործությունների դեպքում ազատազրկումը լավագույն միջոցը չէ, դրա փոխարեն կարելի է կիրառել տնային կալանք, հանրային աշխատանքներ, տուգանքներ, փորձաշրջան, ժամանցի սահմանափակում եւ այլն: Չնայած, մյուս կողմից, ըստ Հրայր Թովմասյանի, մեզանում, օրինակ, կալանքն ընկալվում է որպես «աչք փակոցի», այսինքն` ոչ միայն հարկ է ընդլայնել ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը, այլեւ դրա անհրաժեշտության ու դերակատարության մասին իրազեկել հանրությանը:
Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակները, ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում քիչ են կիրառվում կազմելով ընդհանուրի մինչեւ 10 տոկոսը: Ընդ որում, ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող մոտ 5100 դատապարտյալից 1200-ը գտնվում են նախնական կալանքի տակ, եւ նրանց վրա այլընտրանքային պատժի կիրառումը չի տարածվում:
Այդուհանդերձ, այլընտրանքային պատժատեսակների կիրառումը, Թովմասյանի մատուցմամբ, հնարավորություն կտա նախ բեռնաթափելու կալանավայրերը, ապա նաեւ միջոցներ խնայելու, քանի որ յուրաքանչյուր կալանավորի համար օրական ծախսվում է 3600 դրամ: Մինչդեռ հանրային աշխատանքի ինստիտուտի կիրառման դեպքում պետությունն անգամ կարող է օգուտ ստանալ այդ մարդկանց աշխատանքից: Այս դեպքում էլ անգամ մենթալիտետային խոչընդոտներ են առաջանում, քանի որ պատժվողներն իրենք նախընտրում են ոչ թե հանրային աշխատանքը, համարելով այն ոչ պատվաբեր, այլՙ ազատազրկումը:
Ա. Հ.