«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ճապոնիայի ողբերգական իրադարձությունների առնչությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բոլոր երկրներում, որտեղ կան ատոմակայաններ, կառավարությունները կազմակերպում են լրացուցիչ քննարկումներՙ պարզելու համար, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: «Ճապոնիայի դեպքում երկրաշարժի հարվածները չեն վնասել ատոմակայանին, այլ հիմնական խնդիրը առաջացել է, երբ 10-մետրանոց ալիքը հարվածել է ատոմակայանների ենթակառուցվածքներին եւ խաթարվել է էլեկտրասնուցումը: Պարզվել է, որ ատոմակայանների պաշտպանողական շերտը նախատեսված է եղել 6-մետրանոց ալիքի համար այն դեպքում, երբ ցունամիի հետեւանքով առաջացած ալիքը 10-մետրանոց էր, որը եւ հասցրել է այս լրջագույն վնասը», ասաց Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ նա այն կարծիքը հայտնեց, որ դա նշանակում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլեւ ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան աշխատանքը: «Մենք մեկ անգամ եւս լրացուցիչ քննարկման առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով նաեւ միջազգային փորձագետների, ստանալով նաեւ նրանց գնահատականները, թե ինչ ջանքեր պետք է գործադրենքՙ բարձրացնելու նաեւ մեր ատոմակայանի անվտանգությունը», նշեց վարչապետը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4