«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏՈՒՆ ԳՆԱՑՙ ՀԱԿԱՌԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

Ուրեմն` մարտի 17-ի գիշերը հանրահավաքավորները չէին ուզում տուն գնալ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը գնաց տուն, նրանց էլ տուն ուղարկեց, այսինքնՙ հանրահավաքավորների եւ Տեր-Պետրոսյանի ծրագրերն ու նպատակները հերթական անգամ չհամընկան: Իշխանության հանդեպ մեղմ տրամադրվածությունը երեւաց եւ Մատենադարանի մոտ եւ «Ազատության» հրապարակում, իսկ «Ազատության» հրապարակ գնալը, մեր կարծիքով, ծագել է ինքնաբերաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի անսպասելի հացադուլի ազդեցիկ երեւույթը մեկ անգամ եւս չեզոքացնելու ինքնաբուխ ցանկությունից դրդված: Այսինքն` հանրահավաքավորների ցանկությունը` մտնել «Ազատության» հրապարակ, ՀԱԿ-ի ղեկավարներն օգտագործեցին Ր. Հովհաննիսյանին հասկացնելու համար, թե` մի խցկվի, մենք ենք դոմինանտը: Եվս մի անգամ: Իսկ այն ենթադրությունները, թե հենց Րաֆֆին այս օրերին հացադուլ էր անում, որ նախապատրաստի ՀԱԿ-ի մուտքը «Ազատության» հրապարակ, ոչնչացան Տեր-Պետրոսյանի կեցվածքով, որ իրեն թույլ չտվեց մոտենալ եւ սեղմել հացադուլ արած մարդու ձեռքը: Իսկ այն, որ ասվում է, թե փոխոստիկանապետի եւ Լ. Զուրաբյանի բանակցությունների արդյունքում են հանրահավաքավորները հաղթել-մտել հրապարակ, դա ուտոպիա է, քանի որ եթե վերեւները հրահանգեին չթողնել, ոստիկանները քանի՞ գլուխ ունեին թողնելու: Սակայն արդյո՞ք դա կթույլատրվի հաջորդ հանրահավաքին, երբ եվրոպական կառույցներից մարդ չի լինի Երեւանում, երբ ոչ ընդդիմությունը կաքլորանա իր եվրոպացի տանիքներով, ոչ էլ իշխանությունը ստիպված կլինի պարտավորությունների կատարման գերին լինել, եւ սա կարող է բերել նախամարտիմեկյան սցենարի, չգիտենք: Չնայած այդ տարբերակը պետք է որ ոչ Տեր-Պետրոսյանին հարմար լինի այս պահին, ոչ էլ երկրի ղեկավարությանը: Մնում է հասկանալ` Տեր-Պետրոսյանն ի վիճակի՞ է վերահսկել վիճակը, թե՞ նորից կարող է նստել իր սրած բզի վրա: Սակայն մարտի 17-ին վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել` իշխանությունն առաջվա միանշանակ ինքնասածին չէ, ընդդիմությունն էլ կարծես ինչ-որ բան գիտե, որ չգիտեն նրա ղեկավարած հանրահավաքի մասնակիցները: ՀԱԿ-ի ղեկավարությունը շփոթված էր թվում, կարծես նրանք չէին սպասում հանրահավաքավորների բազմամարդ լինելուն (թեեւ դրա կոչն են արել միշտ), անելիքն ու ասելիքը չգիտեին եւ «հիմա, հիմա» ասողներին դնում էին իրենց տեղը: Կարծես դրսից նարնջագույն բզբզոցներին դիմակա` ներսից եւս բզբզող է եղել, կամ ավելի նախընտրելի հեռանկար է առաջարկվել հենց ներսում, քան նարնջագույնի ճարտարապետները կարող են առաջարկել: Մի բան պարզ է, սակայն, որ առավել պառակտված, քան ընդդիմությունն էր մարտի 17-ին, մինչեւ հիմա չի եղել, այլապես Տեր-Պետրոսյանը կմոտենար Ր. Հովհաննիսյանին եւ վաղուց պնդացած սառույցի հալման սկիզբը կդներ: Վերջ ընդդիմության միասնական օրակարգին:

Մի տեսակետ կա, թե Արդրբեջանում եւ Հայաստանում ընդդիմությունների սինքրոն աշխուժացումը հրահրում են գերտերությունները` ղարաբաղյան խնդրում զիջումներ կորզելու համար: Սա էլ տեսակետ է, եւ չնայած անհավանական թվալուն, կարելի է սթափ լինել` այս տեսակ գարնանային «սրացումները» բացառելու համար: Չնայած Ադրբեջանը շարունակում է իր անկանոն շարժումները ու մեկ հայտարարում է, թե կգնդակոծի Ստեփանակերտի օդնավակայանը, եթե վերջինից թռիչքներ սկսվեն, մեկ սահմանի վրա շարունակում է հայ զինվորների սպանել: Այս իմաստով հենց երեկ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Աժուբալիսի ապսպրանքները, թե միգուցե Հայաստանն առաջինը հետ կքաշի դիպուկահարներին` դա Հայաստանի բարի կամքի լավագույն դրսեւորումը կլինի, գուցե այդպիսի ինչ-որ ստվերային գործընթացների արձագա՞նք են: Այսինքն, ըստ Աժուբալիսի, էդ մե՛ր դիպուկահարներն են ամեն օր զինվոր սպանում, եւ ոչ թե ադրբեջանցիներն են այս որերորդ հայ զինվորին այն աշխարհ ուղարկում: Կամ նույն Աժուբալիսը Մինսկի խմբի համանախագահներից ի՞նչ էր լսել ուրեմն, որ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը խոսել էր ԼՂ հարցում դրական առաջընթացի մասին: Ընդ որում` ղարաբաղյան հիմնախնդրի մասին Հայաստանում չեն ալարել ու խոսել են եվրոպական երեք պատվիրակություններն էլ, անկախ նրանիցՙ դա իրենց մանդատի մեջ մտե՞լ է, թե չի՞ մտել: Սակայն անգամ եթե եվրոպական կառույցների, ՀԱԿ-ի եւ իշխանության քայլերը սինքրոնացվել են, ապա դա չի նշանակում, թե բոլորն են գոհ ու երջանիկ, չաղ ու բախտավոր: Նախ` իշխանությունն ընդդիմությանը զիջումներ է անում իր եվրոպական պարտավորությունների հանգույն ու անգամ բաց է թողնում (եւ առաջիկայում էլ բաց կթողնի) կալանավորներին, բայց մարտի 17-ին ամենեւին չէր երեւում, որ ընդդիմությունն իրեն հաղթող է զգում եւ գիտե իր անելիքը: Մինչեւ ապրիլի 8-ի հանրահավաքը կտեսնենք, թե ի՞նչ է մոգոնելու Տեր-Պետրոսյանը, որ ՀԱԿ-ին ապահով ու վարկանիշ ապահոված հաջորդ հերթական ընտրությունների հասցնի, կամ` համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները` ողջ: Իսկ ընդդիմության միավորումը կամ աՆգամ միասնական օրակարգը մարտի 17-ին թաղվեց «Ազատության» հրապարակում, նույն օրվա հանրահավաքում էլ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ում իրենց պահելաձեւի վերաբերյալ դեռ որոշում չեն ընդունել կամ էլ ընդունել են, բայց այդ մասին ռիսկ չունեն «հիմա, հիմա» բղավող հանրահավաքայիններին ասել. «Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառվի», ասաց Տեր-Պետրոսյանը, երկխոսության` պաս ստացած ուղին ցույց տալով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4