Մինչ կառավարության նիստի սկսվելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ իրՙ Բրյուսել կատարած այցելության արդյունքներին: Նրա հավաստմամբ, բոլոր մակարդակներով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ հայկական կողմը հավաստիացում է ստացել, որ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների ծրագիրը ԵՄ-ից ստանալու է լիակատար եւ բազմակողմանի աջակցություն: «Ինչը, բնականաբար, լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին», նշեց վարչապետը: Այնուհետեւ առաջարկվել է նաեւ «բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրոմիության օժանդակությունից: Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրոմիության համապատասխան կառույցների հետ»: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, հաջորդ շաբաթ խոհրդակցություն է անցկացնելու, եւ քննարկվելու են Եվրոմիության հետ մեր երկրի համագործակցության ծրագրերում մեր գերատեսչությունների պարտավորությունները, անելիքներն ու խնդիրները, որոնք լուծելուց հետո «Կարողանանք ներկայանալ Բրյուսել, որպեսզի ստանանք այն օժանդակությունը, որ Եվրոմիության կառույցները կարող են մեզ տրամադրել»:
Ա. Մ.