«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՉՇՏԱՊԵԼՈՎՙ ԿԼԻՆԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀԱԿ-ի առաջնորդն ասաց, որ իրենք չեն շտապում, մենք էլ չենք շտապում, ու չշտապելովՙ կլինեն հերթական ընտրություններ: Իշխանությունների օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չկա», գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթըՙ երեկ «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների տպավորությանը, որ Ազատության հրապարակի տրամադրումը ՀԱԿ-ին ընդդիմության եւ իշխանության միջեւ կայացած գործարքի արդյունքն է, բարկացրեց Շարմազանովին.

«Այնպիսի տպավորություն է, թե մարդիկ կան, որ տխրել են, որ բախումներ չեն եղել: Քաղաքական իշխանությունը շարժվում է իր օրակարգով եւ առանց բացառության` բոլոր հուզող խնդիրներում պատրաստ է երկխոսության գնալ բոլոր քաղաքական ուժերի հետ: Պետք է ուրախանալ, որ իշխանությունը լայնախոհություն ցուցաբերեց, ու բախումներ չեղան: Ինձ համար զարմանալի է սեփական հայրենիքում Ազատության հրապարակ մտնելը հաղթանակ կամ վերանվաճում համարելը»:

Շարմազանովը Տեր-Պետրոսյանի ելույթը գնահատում է կոռեկտ: Հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդն իշխանությունների հետ երկխոսության համար երեք պայման դրեց` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման թույլտվություն եւ մարտի 1-ի սպանությունների բացահայտման պաշտոնական հաստատում: Փաստորեն իշխանությունները որոշակի չափով կատարեցին ՀԱԿ-ի առաջնորդի պահանջները: Երկու քաղբանտարկյալ ազատ արձակվեց, ոստիկանությունը չարգելեց Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները համաձայն են երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետՙ «Ազգ»-ի դիտարկմանը Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ն երբեք չի խուսափել առանց որեւէ նախապայմանի երկխոսություն սկսել:

«Ե՞րբ ենք մենք փակ եղել երկխոսության համար, որ հիմա զարմացաք»: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի անժամկետ հացադուլ անցնելու որոշմանըՙ ՀՀԿ-ի մամլո քարտուղարը որակեց PR ակցիա, նշելով, որ դրանով Հովհաննիսյանը չի ցանկանում հետ մնալ ՀԱԿ-ից կամ ՀՅԴ-ից:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4