«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ

Գերմանիայում

Ճապոնիայում տեղի ունեցած ահռելի աղետը 21-րդ դարի մեր ժամանակագրությունը բաժանեց երկու հատվածիՙ աղետից առաջ եւ հետո: Գերմանիայում, համենայն դեպս, այդպես է: Կանցլեր Անգելա Մերկելն, օրինակ, մինչեւ մարտի 11-ը ԱԷԿ-ները անվտանգ էր համարում, հիմա վերանայում է իր մոտեցումը: Չկրկնենք նրա ընդդիմադիրներինՙ ընտրահնարք է, միգուցե այդպես էլ կա, բայց ԵՄ ղեկավարներից առաջինն է, որ թեպետ կասկածի տակ չդնելով գերմանական ԱԷԿ-ների անվտանգությունը, խոստովանում է, թե չի կարող հաշվի չառնել Ֆուկուշիմայում ստեղծված անվերահսկելի իրավիճակը: Նրան այդպես չեն թողնի մտածել առաջին հերթին երկրի լրատվամիջոցները, որ արձանագրում են, թե գերմանացիների երկու երրորդը հակված է կարծելու, թե ԳԴՀ-ում էլ կարող է Ճապոնիայի նման աղետ լինել: Չմոռանալով Չեռնոբիլը, որի հետեւանքով ԳԴՀ-ում ճառագայթման մակարդակը աճ էր գրանցել, հանրությունը պարտադրված է աչալուրջ լինել, այսպես կոչված German Angst-ըՙ «գերմանական վախը» պաշտոնյաներին ստիպում է պատասխանել միլիոնավորների հեռախոսազանգերին, թեպետ ԶԼՄ-ները աշխատում են արտակարգ օպերատիվությամբՙ համակողմանի քննելով ճապոնական աղետի պատճառներն ու հետեւանքները, լսելի դարձնելով ականատեսների, ֆիզիկոսների, ատոմագետների, քիմիկոսների, ճառագայթաբանների, հասարակագետների, քաղաքական գործիչների, տնտեսագետների, բժիշկների, հոգեբանների, լրագրողների, օդերեւութաբանների, ԱԷԿ-ին դեմ ու կողմ կարծիքներ: Դատելով տարբեր երկրներում աշխատող գերմանացի լրագրողների լուսաբանումներից, հայտնի է դառնում, որ ոչ Ռուսաստանում, ոչ Ֆրանսիայում, ոչ Չինաստանում, ոչ էլ այլուր հանրության հրապարակային այնպիսի բանավեճ, ինչպիսին անցյալ ուրբաթ օրվանից ծայր է առել Գերմանիայում, չկա: Նույնիսկ երեխաներն են հարցեր ուղղում հեռուստա եւ ռադիոհաղորդավարներին: Քննադատական, արթուն հասարակության պահանջն է սա, որ լրագրողների ստեղծագործ միտքն ուղղորդում է դեպի գլխավորըՙ մարդուն, նրա անվտանգությունը, նույնիսկ եթե կառավարությունն ու ընդդիմությունը իրենց քայլերը քաղաքական կապիտալ կուտակելու հեռահար նպատակին են ծառայեցնում, այդուհանդերձ գիտեն, որ այսպիսի հանրության առջեւ հաշվետու են: Մերկելիՙ երկրի 17 ԱԷԿ-ներից 7-ը ժամանակավորապեսՙ երեք ամսով դադարեցնելու, դրանցից 4-ը բոլորովին կանգնեցնելու հապճեպ որոշումը չի սփոփում գերմանացիներին, ինչպես նաեւ 2034 թվականին ԱԷԿ-ին հրաժեշտ տալու սահմանագիծը: Ընդդիմադիրներն անմիջապես սա որակեցին քաղաքականՙ ընտրական հնարՙ նկատի առնելով որոշ երկրամասերում առաջիկա ընտրությունները, մյուսները հարց են տալիսՙ ընդհանրապես կարելի՞ է մեկ օրում ատոմակայան փակել, իսկ ԱԷԿ-ի հազարավոր աշխատողների համար սա նշանակում է գործազուրկների բանակը համալրել: Մարտի 17-ին արդեն երկրի երկու ԱԷԿ-ների աշխատանքի դադարեցումը սկիզբ է դրել ընդդիմադիրների իրավական հարթություն տեղափոխված բանավեճինՙ ատոմային գործող օրենքը արտոնո՞ւմ է առանց Բունդեսթագի որոշման անջատել դրանք: Մարտի 17-ին կանցլեր Մերկելը մարտաշունչ ելույթ ունեցավ Բունդեսթագումՙ սկիզբ դնելով առաջիկա 25 տարվա ատոմային քաղաքականության մասին բանավեճին: Գերմանիան չի կարող անմիջապես հրաժարվել ատոմային էներգիայից, իսկ ատոմային նոր օրենքի անհրաժեշտություն չկա, ասաց կանցլերը Բունդեսթագում: Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները Մերկելի ատոմային քաղաքականությունը «անպատասխանատու» որակեցին, ձախերը կողմ են բոլորովին փակելուն: Մի բան հստակ է, ասում են փորձագետները, Մերկելի ու նրա կուսակիցների համար սա ամենամեծ մարտահրավերն է լինելու: Լարվածությունը Բեռլինում չի թուլանալու, ուստի Բունդեսթագը թողնենք ու վերադառնանք հասարարական քննարկումներին: Բանավեճին մասնակից մասնագետները մտահոգ ենՙ եթե փակենք մերը, բայց Ֆրանսիայում շարունակեն գործարկել իրենց հին ռեակտորները, մեր ջանքերն իզուր կլինեն: Բայց նաեւ համոզված են, թե այդ պարագայում իրավունք կնվաճեն համարձակ պնդելուՙ մենք փակեցինք, դուք էլ նույնը պիտի անեք: Թեպետ Բրյուսելում արդեն հանդիպել են ԵՄ բնապահպանության նախարարները, էներգետիկ անվտանգության հարցերին նվիրված մի շարք հանդիպումներ են եղել, այդուհանդերձ կոնկրետ արդյունք չկա: Հարկավոր է միասնական եվրոպական հրատապ որոշում, որը ձգձգել չի կարելի, պահանջում է հանրությունը: Իսկ մինչ այդ գերմանացի գիտնականները ժողովրդին շատ մատչելի նախ իրազեկում են երկրաշարժի, ցունամիի, ատոմային աղետների մանրամասներին ու հարց են տալիսՙ ուժեղ երկրաշարժ մեզ մոտ չի եղել, բայց եթե լինի՞, ցունամիից հեռու ենք, բայց մի քանի տարի էՙ ինչ շատ տաք ամառ ենք ունենում, գերազանցելու դեպքում եթե ռեակտորի հովացման համակարգը դավաճանի՞: Չէ՞ որ այն, ինչ կատարվեց Ճապոնիայում, որեւէ մեկը չէր կանխատեսել: Իսկ եթե բնական աղետ չլինի, այլ ահաբեկություն կամ, ասենք, օդանավի կործանում հենց ատոմակայանին հարվածելով, հաշվարկե՞լ ենք սա: Պատկերացնենք, թե Սարկոզին Քադդաֆիին ատոմակայան խոստացած լիներ, Եվրոպայում նստած չէի՞նք դողա: Եթե Եվրոպայի որեւէ անկյունում մի բան պատահի, եւ քամի լինի, ակնհայտ է, մենք էլ կհայտնվենք վտանգի մեջ: Այնպես, ինչպես Ճապոնիայի պարագայում հյուսիս-արեւմտյան քամին ռադիոակտիվ ամպը քշում է դեպի Հյուսիսային Ամերիկա ու Կանադա, ոմանց կանխատեսումներովՙ նաեւ Կամչատկա: Փորձագետներն առայժմ այդ տարածքի բնակիչների ճառագայթման վտանգավոր աստիճան չեն կանխատեսում: Բանավեճն անմասն չէ նաեւ էներգիայի հնարավոր թանկացման մասին կարծիքներից: Եթե համոզված ենք, թե ԱԷԿ-ից հրաժարումը հանգեցնելու է էներգետիկ սակավության, հետեւաբար գնի բարձրացման, հարցնենք ճապոնացիներինՙ ի՞նչ գին են վճարում ճառագայթմանը դատապարտված: Ատոմային փորձագետների մի մասը լավատես էՙ մրցակցություն կլինի այլընտրանքային էներգակիրների մեջ, ինչը կհանգեցնի գների կայունացման:

Ճապոնիայում

Աշխարհը զարմանում էՙ ինչո՞ւ են ճապոնացիներն այդքան անհասկանալի հանդարտ վարքագիծ դրսեւորում: Գերմանիայում բնակվող մի ճապոնագետի բացատրությամբՙ պատճառը հիերարխիկ հասարակությունն է, քննադատական կեցվածք չունեն, աշակերտի համար իր ուսուցչի, երեխայի համար ծնողի, հասարակության համար իշխանությունների ասածն է կողմնորոշիչը: Ովքեր հետեւում են ճապոնական տեղական լրատվությանը, կնկատեն, որ Ճապոնիայի իշխանությունները, դիտորդների կարծիքով, առաջին անգամ փոխել են իրենց արտաքին տեսքըՙ ճառագայթահարման վտանգից պաշտպանվելու հագուստ չէ դա, այլ համերկրացիներին վստահություն ներշնչելու մի արտաքին էֆեկտ, թե շատ են աշխատումՙ ամեն հնարավորն անում են: Բնակչության փոքրամասնությունը, որ տիրապետում է անգլերենին, ում հասու են օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումները, ավելի իրազեկ է իրական վտանգինՙ կամ արդեն լքել է երկիրը կամ ընտրել երկրիՙ ատոմային աղետից հեռու վայրեր: Չեռնոբիլի աղետին քաջածանոթ բժիշկներից մեկի վկայությամբ, լավ է, որ ճառագայթումը նվազեցնելու համար ճապոնացիներին յոդի հաբեր են բաժանում, ինչը պարտադիր էր եւ չի արվել ծովից հեռու Չեռնոբիլի ժամանակ, (ռադիոակտիվ յոդ 131-ը ատոմային վտանգի դեպքում արագ օրգանիզմ է թափանցում եւ պատճառ դառնում վահանագեղձի քաղցկեղի: Սա կանխելու համար հաբերով հագեցնում են յոդի «քաղցը»), բայց Չեռնոբիլի օրինակով նա նկարագրում է ատոմային աղետի հետեւանքներըՙ աշխարհից անջատված մի մեռյալ տարածք, ուր տասնամյակներով չի կարելի մուտք գործել, դանդաղ, լուռ մեռնող հանրություն, որի մասին քչերն են հիշում, որը զուրկ է վերարտադրման, ծնելիության պարգեւից:

Ճապոնիայում համոզված էին, թե իրենց ատոմակայանին ոչինչ չի լինի, այնինչ 2007-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով արդեն փակվել էր մեծ ատոմակայաններից մեկըՙ 7 ռեակտոր ունեցող 8200 մգվ հզորության Կաշիվացակի-Կարիվան: Բացի դրանիցՙ Ճապոնիայի ամենամեծ էներգաարտադրող Tepco-ն (Tokyo Electric Power Company)- ն, որ 28,6 միլիոն սպառող ունի, մինչեւ 2002 թվականը կեղծել է ատոմակայանի անվտանգությանն առնչվող իրական թվերը, ի՞նչ երաշխիք, որ նույնը չի արել նոր ղեկավարությունը, անվստահություն է հայտնում Ճապոնիայի ազգային լրատվական գործակալության գերմանացի աշխատակիցը, որ կիրակի օրը 3-ամյա տղայի հետ լքել է Տոկիոն եւ ամեն օր տեղեկատվություն է հաղորդում ARD-ի եթերում: Նրա պատմելով, Ճապոնիայի լրատվական քաղաքականությունը գրեթե անհասկանալի է գերմանացիների համարՙ 10 անգամ ստուգվում է լրատվությունը, իսկ հանրությունը չի տիրապետում իրական տեղեկատվությանը: Նրա ճապոնացի ամուսինը մնացել է երկրումՙ չըմբռնելով ու զարմանալով, թե ինչպե՞ս կարելի է փոթորիկի մեջ լքել նավը, ընտանիքը, ընկերներին: Այդպիսի անձնուրաց մտայնություն շատ ճապոնացիներ ունեն, սա մեր միակ հայրենիքն է, ո՞ւր փախչենք, ասում են նրանք: Նույն լրագրողի ասելով, Ճապոնիայում Չեռնոբիլից հետո էլ չէր կարող ատոմակայանի վերաբերյալ հասարակական քննարկում լինել, քանի որ երկիրը բնակչության էներգետիկ պահանջները բավարարող այլընտրանքային աղբյուր չունի: Դժվար է հավատալ, ասում է Տոկիոյից մարտի 15-ին Օսակա տեղափոխված ARD-ի թղթակից Ֆիլիպ Աբրեշը, թե իշխանությունը լիովին տեղյակ է, թե ինչ է կատարվում Ֆուկուշիմայում: Նա վկայակոչում է Ճապոնիայի վարչապետիՙ մամլո ասուլիսում հնչած այն միտքը, թե երրորդ պայթյունի մասին պաշտոնյան իմացել է տեղական հեռուստատեսությունից: Սենդայից մարտի 15-ին ավտոբուսով Տոկիո ժամանած մի գերմանացի աշակերտուհի skype-ով պատմում է, թե էլեկտրական հոսանքի բացակայության պարագայում իրենք չեն հասկացել, թե ինչ է եղել իրականում: Նրա ասելովՙ Գերմանիայից եկած լուրերն առավել սահմռկեցուցիչ են, քան այն, ինչ կա իրեն շրջապատող աշխարհում: Մարդիկ շատ հանգիստ են Տոկիոյում, որովհետեւ իրազեկված չեն: Գերմանացի լրագրողը սակայն պնդում է, թե վստահությունը հայրենի իշխանությունների հանդեպ ճաք է տվել արդեն ու արտաքուստ խաղաղ, տարրական կարիքների համար կարգապահ հերթ կանգնող ճապոնացիներն իրականում գերլարված վիճակում ենՙ հավատը խարխլվել է, հույսը լքում է իրենց, քանի որ Ֆուկուշիման վերահսկելու կառավարության բոլոր խոստումները հասցեագրվում են հաջորդ օրվան, իսկ իրականում իրավիճակը հայտնի է միայն ռեակտորի դեմ պայքարող այն 50 մահապարտ աշխատակիցներին, որոնց մասին տեղեկատվության ժլատ արտահոսք էլ չկա: Ըստ ARD-ի թղթակցի, ենթադրություններ կան, որ 50-ից հինգն արդեն զոհվել են, երկուսն անհետ կորել, իսկ ատոմային հրեշի դեմ պայքարն անհույս շարունակվում է: Ճառագայթահարվածներին առանձին տարածքում են պահում, նրանց հնարավորություն է տրվում ապակու հետեւից կամ հեռախոսով շփվել հարազատների հետ, ու զսպված զայրույթը պոռթկում էՙ ինչո՞ւ մեզ ավելի վաղ չեն հայտնել ճշմարտությունը:

36 միլիոնանոց Տոկիոյի բնակիչները, երկրաշարժից ու ցունամիից վերապրած ճապոնացիներն ինչպե՞ս դիմակայեն աղետին, երբ ճառագայթման մասին հակասական տեղեկություններ են ստացվում, երբ պաշտոնական թվերի ու իրական վիճակագրության արանքում ստի քողը հաստ մառախուղի նման շարունակում է սքողել լույսը:

Հայաստանում

Ճապոնական աղետը ինձ նախ հուշում էՙ մանկապարտեզում ու դպրոցում հայ երեխաներին հարցնելՙ ի՞նչ պիտի անել երկրաշարժի պարագայում: Համոզված չեմ, որ այս դեպքում չափահասների պատասխանն էլ կարող է գոհացուցիչ լինել այնքան, որքան անկախ տարիքից ու սեռից բոլոր ճապոնաբնակներինը: Մինչ 1988-ի երկրաշարժը մեր երկրում ցնցումներ գրանցվել են, չենք սովորել ինչպես պաշտպանվել, ինչպես կառուցել, չենք սովորում պաշտպանել մեր անվտանգությունը նաեւ հիմաՙ երբ ցեղասպանության աղետի միջով ենք անցել, երբ Սպիտակի հուժկու ցնցումը դեռ մեր աչքի առաջ էՙ խարխուլ ժամանակավոր տնակներով, երբ ամայացած Չեռնոբիլը մեզ այդքան մոտ է, երբ աշխարհում տնտեսությամբ 3-րդը երկիրը, գիտատեխնիկական բարձրակարգ Ճապոնիան ոչ բնածին, ոչ էլ մարդածին աղետը վերահսկել չի կարողանում: Երբ դրա իրական վտանգների մասին տեղական իշխանությունները չեն բարձրաձայնում:

Հայկական արբանյակային 4 հեռուստաալիքները, ռադիոն, մամուլը սրա մասին չեն խոսում: Դրան անշուշտ անդրադառնում են, բայց տեղականՙ պաշտոնական ով ուր գնաց-ից ու ինչ ասաց-ից հետո, ընդամենը աշխարհի մեզանից հեռու, շատ հեռու մի անկյունում կատարված ողբերգության մասին միջազգային լրատվահոսքից առանձնացրած մեկ-երկու պարբերությամբ, որ հեռարձակման պահին հրատապությունը կորցրած է լինում: Նույնիսկ չիմացանք, թե ի՞նչ եղան ՀՀ 30 քաղաքացիները, որոնց մասին աղետի առաջին օրը հաղորդեցին: Ճապոնական NHK world-ի պատկերները կարելի էր համալրելՙ նաեւ նրանցՙ ականատեսներին եթեր տրամադրելով: Բայց ինձ իբրեւ լրագրողի հուզում է այն, որ մեզանում չկա հրատապ այս թեմայի քննարկումը, մեր հարցը պաշտոնյաներին, մեր ընդվզումը, մեր բողոքը, պաշտոնականի ու իրականի մասին մեր կասկածը: Չէ՞ որ սիրում ենք բարձր խոսել, քննադատել, վիճաբանել: Մամլո ասուլիսներում խոսում են ամեն ինչի մասին, բացի գլխագիր դարձած այս թեմայիցՙ որքանո՞վ ենք պաշտպանված կամ ինչպե՞ս պաշտպանվենք: Աշխարհում հայտնի լավ համբավ ունեցող մեր ֆիզիկոսներին առիթ տանք արտահայտվելու, զրույցի հրավիրենք բնապահպանների, բժիշկների, տարատեսակ մասնագետների, չեռնոբիլյան աղետի գոտի գործուղվածներին (եթե դեռ ողջ են): Մեր եթերում ընդհանրապես բացակայում է բանավեճը, քննարկումը: Գերմանական հեռուստատեսությունը Տոկիոյում իր թղթակիցների ժամ առ ժամ թարմացվող հրատապ լրատվությամբ չբավարարվելովՙ օրվա ծրագրի ժամանցային հաղորդումների մի մասը փոխարինել է հրատապ նյութի մասին իրազեկելով, մյուս մասում ընդգրկել մասնագետների հաճախ շատ հանգամանալից մեկնաբանությունները, ու դեռ բավարար չէՙ մարդիկ փողոց են դուրս գալիս բնապահպանական ապագա աղետից ապագա սերունդներին փրկելու հույսով: Այն պարագայում, երբ Գերմանիան աշխարհագրորեն շատ հեռու է Ճապոնիայից, օդերեւութաբանները շարունակ իրազեկում են, թե ռադիոակտիվ ամպը որ ուղղությամբ է ընթանում, վտանգավո՞ր է Գերմանիայի համար, թե՞ ոչ, առաջիկայում քամու ուղղությունը ու՞ր է տանում: Երկրաշարժը, ցունամին որքան էլ սարսափելի, այդուհանդերձ ատոմային աղետի համեմատ «վերականգնելի» միջակայք են ստեղծում: Մերՙ աղետներին դիմակայելու, վերապրելու փորձառությունը պարտադրում է խոսել սրա մասին:

Գերմանիան առայժմ միակ երկիրն է, որ այս ուղղությամբ լուրջ բանավեճ է ծավալում: Շատ կուզենայի, որ գոնե երկրորդը դառնայինք: Չէ՞ որ մեր անկախ պետականության հիմքը բնապահպանական շարժումը դրեց:

Գերմանացիները միշտ էլ նախապատվությունը տալով իրենց արտադրանքինՙ սիրում են կրկնելՙ ոչինչ եւ ոչ ոք կատարյալ չէ: Հայերս նախապատվությունը միշտ տալով օտարերկրյա արտադրանքին, այս դեպքում շատ հանգիստ ենքՙ մեր Մեծամորը Ֆուկուշիմայի ճակատագիրը չի կարող ունենալ: Տա Աստված:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4