«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ. ՊԱՏԿԵՐ ԹՎԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Սույն լրատվությունը կարդալուց հետո բանավիճելու ցանկություն ունեցողներին խնդրանքս է վերլուծել ներկայացված թվերը, այլ ոչ դրանք ներկայացնողի մասնագիտական որակը: Տողերիս հեղինակն օգտվել է «ՀՍՀ» հանրագիտարանից եւ ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրություններից, որոնք պարբերաբար տպագրվում են ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային թվեր ու փաստեր. 2010» տեղեկատուում:

Ըստ «ՀՍՀ» հանրագիտարանի 13-րդ հատորի «Էներգետիկա» բաժնի (էջ 248), 1979-ին կառուցված Մեծամորի ԱԷԿ-ում 1985 թվականին իր նախագծային 815 մգվտ հզորության պարագայում արտադրվել է 5,7 մլրդ կվտ.ժամ էլեկտրաէներգիա: Պարզ թվաբանական գործողությամբ ստացվում է, որ իր ողջ հզորությամբ կայանն աշխատել է 7.100 ժամ, տարվա 8760 ժամերից: Չփորձենք կարծիք հայտնել, թե ինչ է եղել մնացած 1660 ժամերին, որի ընթացքում կարելի էր արտադրել 1,4 մլրդ կվտ.ժամ էլ. էներգիա:

«ՀՍՀ» հանրագիտարանի 6-րդ հատորի էջ 293-ում կարդում ենք. 1978-ից Հարավսլավիայում կառուցվում է առաջին ԱԷԿ-ը, 632 մգվտ հզորությամբ, հայկական կայանի առումով մոտ ժամանակահատվածում: Արդեն հիշատակված ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունում նորանկախ Սլովենիայի 1 բլոկով աշխատող ԱԷԿ-ի հզորությունը նշված է 660 մգվտ, ուր 2009-ի տարեկան էլ. արտադրությունը կազմել է 6 մլրդ կվտ.ժամ. ստացվում է, որ սլովենական ատոմակայանն իր նախագծային հզորությամբ աշխատել է տարվա ողջ 8760 ժամերին, թողարկել երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 41,7 տոկոսը, մեր 39,4-ի համեմատ: 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը Սլովենիայում 7.000 կվտ.ժամ է, ՀՀ-ումՙ 2.000 կվտժամ:

Հիմա ծանոթանանք նույն աղբյուրի Մեծամորի ԱԷԿ-ին վերաբերող վիճակագրությանը: 1 բլոկով աշխատող մեր կայանի հզորությունը երկար տարիներ նշվում է 376 մգվտ, որը երբեւէ չի ճշտվել, քանզի 815 մգվտ 2 նույնատիպ ռեակտորներից 1-ի հզորությունն ավելացել է 28 մգվտ-ով, մերը նվազել 41 մգվտ: Մեծամորի ԱԷԿ-ը անգամ 376 մգվտ հզորությամբ տարվա 8760 ժամերին աշխատելու դեպքում պետք է թողարկեր 3,3 մլրդ, 407,5 մգվտ-ի պարագայումՙ 3,6 մլրդ կվտ.ժամ: Բայց մենք տեղյակ ենք, որ յուրաքանչյուր տարի այն որոշակի ժամանակահատված չի աշխատում, ըստ վերալիցքավորման եւ անվտանգության հուսալիության ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով հաղորդումների: Ստացվում է, որ Սլովենիայի ԱԷԿ-ում նման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում, քանզի, ինչպես նշեցինք, կյայանը տարվա 8760 ժամերին աշխատում է: Եվ սաՙ խստապահանջ եվրոպական երկրում, աշխարհամասի կենտրոնական հատվածներից մեկում:

Ըստ նույն տեղեկատուի, 482 մգվտ հզորության 1 ռեակտորով ատոմակայան է գործում Հոլանդիայում: Նույն գործողությունն իրականացնենք, հզորությունը բազմապատկենք տարվա 8760 ժամերով, ստանում ենք 4,2 մլրդ կվտ.ժամ. հոլանդացիների ԱԷԿ-ը 2009-ին թողարկել է 3,9 մլրդ կվտ.ժամ, ստացվում է, որ աշխատել է տարվա 8.000 ժամերին, մեր կայանի 7.100 ժամերի դիմաց:

Եվրոպական մի այլ երկրումՙ Շվեյցարիայում 5 ռեակտորներ են շահագործում, որոնց միացյալ հզորությունը 3220 մգվտ է: Այս հզորությունից տարվա ընթացքում կարելի է ստանալ 28 մլրդ կվտ.ժամ. 2009-ին ռեակտորները թողարկել են 26,3 մլրդ կվտ.ժամ, աշխատել` 8.200 ժամ:

Ծանոթացեք Ռուսաստանի Դաշնության 31 ռեակտորների 21.743 մգվտ հզորությունների ցուցանիշին: Այս հզորությամբ լիարժեք աշխատելու պարագայում տարեկան էլեկտրաարտադրությունը ստացվում է 190 մլրդ կվտ.ժամ, փաստացի արտադրվել է 152 մլրդ կվտ.ժամ, ռեակտորները միացյալ աշխատել են տարվա 7.000 ժամերը:

Մեծամորի ԱԷԿ-ի մասնագետներին խնդրանք. մեկնաբանել «ՀՍՀ»-ի եւ ՄԵԳԱՏԷ-ի հրապարակած տվյալները:

Կանխավ շնորհակալությամբՙ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4