«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՀԵՏԵՎԵԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՆԱԽ ԱՌՈՂՋ ԺԱՄԱՆԱԿ

Առողջության համար թերեւս ամենածանր սեզոնը գարունն է, որի ընթացքում սրվում են տարբեր հիվանդություններ: Շատ մարդիկ ունենում են աշխատունակության անկում, անքնություն, քնկոտություն: Նման կտրուկ փոփոխությունները սրտաբան Անահիտ Ղազարյանը բնական է համարում, քանի որ օրգանիզմն անցնում է ամառային կենսառիթմի, որն ավելի ակտիվ է: Ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման տատանումներն ազդում են մարդու ինքնազգացողության վրա: Գարնանը սրվում են նաեւ սրտանոթային հիվանդությունները: Անահիտ Ղազարյանը, որը նաեւ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրենն է, երեկ «Արմատ» ակումբում նշեց, որ սրտանոթային հիվանդություն ունեցող մարդիկ սրացումների դեպքում պետք է դիմեն բժշկի ու ստանան համապատասխան բուժում: Իսկ առողջ մարդկանց բանախոսը խորհուրդ է տալիս սնվել լիարժեք, օգտագործել կանաչեղեն եւ հատկապես այն մրգերը, որոնք բնորոշ են մեր կլիմային: Կանաչեղենից շատ օգտակար է եղինջը, իսկ սուրճի ու թունդ թեյի չարաշահումը հակառակ էֆեկտը կտան:

Տիկին Ղազարյանն ընդգծեց, որ սրտանոթային հիվանդությունները Հայաստանում բավականին երիտասարդացել են, հատկապես տղամարդկանց մեջ: Նրանց մեջ առկա են մի փունջ գործոններ, որոնք ազդում են սրտի վրա: «Օրինակ` համակարգչի առաջ շարունակ նույն դիրքով նստելը, գերլարվածությունը, սթրեսները նպաստում են սրտանոթային խնդիրների առաջացմանը», ավելացնում է բժշկուհի Ղազարյանն ու խորհուրդ տալիս շատ քայլել, զբաղվել մարմնամարզությամբ եւ թեթեւացնել գերծանրաբեռնված աշխատանքը: Նրա խորհրդով` անկախ աշխատանքային պայմաններից ու կյանքի ռիթմից` առողջությանն հետեւելու համար պետք է ժամանակ գտնել. «Եթե լիարժեք չհանգստանաք, չեք կարող նաեւ լիարժեք աշխատել»:

Տիկին Ղազարյանի փոխանցմամբ` կանանց մեջ նույնպես ավելացել են սրտանոթային հիվանդությունները: Առհասարակ, մահացությունների թիվը ավելացել է: Անահիտ Ղազարյանը նաեւ կարեւորում է. «Մարդն օրական 8 ժամ պետք է քնի, որպեսզի օրգանիզմը հանգստանա ու սիրտը վերականգնի իր ուժերը»: Նյարդաբան Սամսոն Խաչատրյանն էլ մի դրամատուրգի խոսքերից մեջբերում արեց. «Քնելն այն ռեսուրսն է, որը մարդն առաջինը կսպառի»: Այսինքն` զարգացող հասարակության մեջ քնի ժամերը գնալով կրճատվում են: Երեկ «Հենարան» ակումբում բժիշկ Խաչատրյանն ընդգծեց, որ քնի խանգարումն առողջապահական լուրջ խնդիր է, որին մեզանում հաճախ մատների արանքով են նայում: Քնի խանգարման տարբեր ձեւեր կան` խրոնիկական անքնություն, ցերեկային քնկոտություն, քնի շնչառական խանգարումներ, խռմփոց եւ այլն: Ս. Խաչատրյանի փոխանցմամբ` քրոնիկական անքնությունը գցում է մարդու կյանքի որակը, նվազեցնում ցերեկային ակտիվությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 5 ժամից պակաս եւ 8 ժամից ավելի քնողների մեջ առողջական խնդիրներն ավելի շատ են լինում, քան 5-8 ժամ քնողների դեպքում:

Բժիշկ Խաչատրյանի խոսքով` մեզանում ավելացել է քնի շնչառական խանգարումներ ունեցողների թիվը, ինչը պայմանավորված է նաեւ ավելորդ քաշի ու ճարպակալման տարածված լինելով, այսինքն` դրանք եւս նպաստում են քնի շնչառական խանգարումների առաջացմանը:

Ինչեւէ, անկախ սեզոնից ու կլիմայից, մասնագետները խորհուրդ են տալիս խնայել առողջությունը: Իսկ եթե առաջ են եկել խնդիրներՙ ժամանակին դիմել բժշկի եւ կանխել հետագա բարդությունները:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4