«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2011-03-17 | #47, 2011-03-18 | #48, 2011-03-19


ՎԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրանում է հայ անվանի մաթեմատիկոս եւ շախմատիստ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի ծննդյան 75 ամյակը: Նա ծնվել է 1936 թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում եւ նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երեւան:

Ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը` նա ընդունվել (1954 թ.) եւ գերազանցությամբ ավարտել է (1959 թ.) Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: Այնուհետեւ ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում (գիտական ղեկավար` ակադեմիկոս Մ. Մ. Ջրբաշյան)` խորանալով մաթեմատիկայի «ֆունկցիաների տեսություն» մասնագիտության մեջ: Թեկնածուական թեզը պաշտպանել է ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1963 թ.):

1962-1977 թվերին Վ. Զաքարյանն աշխատել է ԵՊՀ-ում, ՀՀ ԳԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1971-1975 թվերին` որպես ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր)` համատեղելով գիտահետազոտական աշխատանքը մանկավարժականի հետ: Կոմպլեքս անալիզում մերոմորֆ ֆունկցիաների տեսության վերաբերյալ ստացած մի շարք արժեքավոր արդյունքների հիման վրա նա 1976թ. պաշտպանեց դոկտորական թեզ «Միավոր շրջանում մերոմորֆ ֆունկցիաների որոշ դասերի եզրային հատկությունները եւ միակությունը» թեմայով: 1979թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

1975 թվից մինչեւ այժմ Վ. Զաքարյանն աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), սկզբում որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի, իսկ այնուհետեւ մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ: Այստեղ գիտական եւ դասախոսական գործունեությանը զուգահեռ Վ. Զաքարյանն էական աշխատանք է կատարում հանրապետության համար երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստման գործում, մասնավորապես նորաստեղծ «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության կայացման համար: Նրա ղեկավարությամբ դեպարտամենտում գործում են գիտական եւ մեթոդական սեմինարներ, պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:

1990 թվին Վ. Զաքարյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996 թվին` ակադեմիկոս: Նա «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիրն է, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա» հանդեսի խմբագրության անդամ, երկար տարիներ եղել է մաթեմատիկայի գծով ԵՊՀ-ում գործող 050 մասնագիտական խորհրդի նախագահը:

Վ. Զաքարյանը մանկական տարիներից պահպանել է արհեստավարժ սերը շախմատի նկատմամբ` լինելով շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, Երեւանի եւ Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ (1990 թվից), նախագահ (1994 թվից) եւ առ այսօր պատվավոր նախագահ է (2004 թվից): Նրա ակտիվ ջանքերով Հայաստանում բարձր մակարդակով կայացավ 1996 թվի միջազգային շախմատային օլիմպիադան: Այդ տարի Զաքարյանն ընտրվեց Միջազգային շախմատային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) փոխնախագահ եւ այնուհետեւ բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում: Ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար նա պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (1999թ.), նրան շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչումը (2003թ.): Կրթության եւ գիտության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2003թ.):

ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտություների բաժանմունքը միանում են Վանիկ Սուրենի Զաքարյանի գործընկերներին, աշակերտներին եւ բազմաթիվ շախմատասերներին` ջերմորեն շնորհավորելով նրան ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, երջանկություն եւ հետագա բազում տարիների բեղմնավոր գործունեություն:

Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս
Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական տեխնիկական գիտ. բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4