Մոնտե Կառլոյի շախմատի մրցաշարի 6-րդ տուրն անհաջող դասավորվեց միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանի համար, որը մրցում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղի իր առաջիկա մրցակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Մրցակիցները սկզբում ուժերը փորձեցին "կույր" շախմատում, որտեղ սեւերով խաղում էր հայ շախմատիստը: Հավասար պայքարում ընթացած պարտիան 31-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա արագ շախմատի մրցախաղում սպիտակներով խաղացող Արոնյանը ստիպված էր 43-րդ քայլին հանձնվել: Գրիշչուկը անցողիկ զինվոր ուներ, որը հասել էր 3-րդ հորիզոնական, որի առաջխաղացումը միայն նյութական կորուստների հաշվին էր հնարավոր կանխել: Այսպիսով, Արոնյանը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Սակայն չնայած այս անհաջողությանը, Լեւոնի առաջատարի դիրքը մնաց անսասան: Նա 8,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Արոնյանը նաեւ լավագույն արդյունքն ունի "կույր" շախմատում` 4,5 միավոր:
7-ական միավորով Արոնյանին հետապնդում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Ալեքսանդր Գրիշչուկը: 6-րդ տուրում Անանդն ընդամենը կես միավոր վաստակեց Վասիլի Իվանչուկի հետ մրցավեճում` հաշտություն կնքելով "կույր" շախմատի պարտիայում: Ընդհանրապես "կույր" շախմատի բոլոր 6 պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ: Հաշտություն կնքեցին նաեւ Գելֆանդն ու Նակամուրան, Թոփալովն ու Հաշիմովը, Կրամնիկն ու Գիրին, Կարյակինն ու Կառլսենը: Արագ շախմատի պարտիայում Գելֆանդը հաղթեց Նակամուրային: մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ուշ երեկոյան:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը կմրցի Գելֆանդի հետ: Գրիշչուկի մրցակիցը կլինի Իվանչուկը, Անանդը կխաղա Նակամուրայի հետ: