«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2011-03-18 | #48, 2011-03-19 | #49, 2011-03-22


ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԻՋՆՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզայի անցյալը որեւէ կերպ հիմքեր չի տալիս ենթադրելու, թե հավասարակշիռ խոսքերը կամ դատողությունները հենց այդ դիվանագետի մոտեցումն են, սակայն որոշ պարագաներում անգամ Բրայզայի նման գործիչները հարկադրված են բարձրաձայնել ճշմարտությունը, անգամ եթե դրանից կարող են տուժել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների նավթա-գազային շահերը: Թեեւ հարկ է նշել, որ մի հավասարակշիռ խոսքի կողքին Բրայզան հակակշռող «կողմնակալ» արտահայտություններ օգտագործել չի զլանում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը մարտի 19-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են «կողմերը արհամարհում դիպուկահարներին շփման գծից հեռացնելու կոչերը», ամերիկացի դիվանագետը կրկին հավասարության նշան է դրել այն դեպքում, երբ հայկական կողմն արդեն հոգնեցնելու աստիճան շատ հավաստիացրել է իր պատրաստակամությունըՙ հետեւելու այդ կոչերին: «ԵԱՀԿ-ի համար շատ կարեւոր է հետաքննել մահվան վերջին երկու դեպքերը` ադրբեջանցի երեխայի եւ մարտի 18-ին սպանված հայ զինվորի առնչությամբ», նախ նշել է Բրայզան, ավելացնելով, որ այդ մահերը ողբերգություն են, որոնք էլ հենց ընդգծում են, թե ինչու ուժի կիրառումը պետք է դատապարտել:

«Ինչպես համանախագահները բազմիցս կրկնել են, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերով, «ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը, ներառյալ նաեւ քաղաքացիական ինքնաթիռների դեմ, որոնք որեւէ վտանգ չեն սպառնում, անընդունելի է եւ հակասում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` խաղաղ, բանակցային կարգավորման ձգտելու առնչությամբ ստանձնած պարտավորություններին»:

Բրայզայի ներկայացմամբ, Միացյալ Նահանգները «կողմերին կոչ է անում աշխատել համատեղ լուծելու «կոմերցիոն թռիչքների անվտանգության բոլոր հարցերը` մինչեւ Լեռնային Ղարաբաղի նոր օդանավակայանի նախատեսված բացումը»: Սա էլ հստակ արձագանք ու նախազգուշացում է Ադրբեջանին առ այն հայտարարությունները, թե ադրբեջանական ուժերը կռմբակոծեն Ստեփանակերտ վայրէջք կատարող ինքնաթիռները: Այս պարագայում Բրայզան խոսել է որպես ամերիկացի այն դեպքում, երբ օրերս տարածաշրջանային այցի շրջանակներում նաեւ Երեւան այցելած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրիանուս Աժուբալիսը նույն հարցի առնչությամբ բավարարվեց ընդհանրական հայտարարությամբ, թե դա պետք է կարգավորվի քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային նորմերով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4