«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2011-03-18 | #48, 2011-03-19 | #49, 2011-03-22


ՄԻԱԿՈՂՄՆԱԿԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, մարտի 20-ին պլանավորված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը Ասկերանի ուղղությամբ` Ակնա բնակավայրի մոտակայքում, կապված մարտի 17-ին տվյալ վայրում ադրբեջանական կողմից դիպուկահար կրակոցից ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հետ, չի կայացել Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն: ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչները դիտորդական խմբին տեղեկացրել են կրակի դադարեցման ռեժիմի կոպիտ խախտման դեպքի մանրամասների մասին, երբ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել:

Մի քանի րոպե անց` ԵԱՀԿ առաքելության մեկնելուց հետո, այն վայրի ուղղությամբ, որտեղ հետաքննություն էր իրականացվում, դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից: Դեսպան Անջեյ Կասպրշիկին իրազեկ են դարձրել տվյալ միջադեպի մասին:

Սրանից առաջ` մարտի 19-ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը եւս հանդես էր եկել հայտարարությամբ: Ըստ այդմ, «Չնայած մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում հակամարտ կողմերի միջեւ փոխադարձ վստահության հետագա ամրապնդման շուրջը ձեռքբերված պայմանավորվածությանը, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ գործողություններով նպաստել տարածաշրջանային ռազմաքաղաքական լարվածության խորացմանը»:

Ասվածի անհերքելի ապացույցն են, ըստ նույն հայտարարության, նախորդ շաբաթ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները, որոնց ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքերով շուրջ 200 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` արձակելով ավելի քան 1300 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 17-ին եւ 18-ին, որոնց հետեւանքով հայկական կողմն ունեցել է կորուստ»: «Ազգը» տեղեկացրել է, որ մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի արձակած գնդակից մահացել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:

«Այն, որ ադրբեջանական բանակի ձեռնարկած հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո եւ գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ միտումնավոր փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված որեւէ առաքելություն», նշված է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

Panorama.am-ի հետ զրույցում ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը երեկ տեղեկացրել է, որ Արցախը, բնականաբար, մասնակցելու է շփման գծում միջադեպերի հետաքննություններին ընդգծելով, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է դրան: «Հավանաբար, մոնիտորինգ իրականացնող խմբի լիազորությունները փոքր-ինչ կընդլայնվեն, եւ նրանք համապատասխան հետաքննություն իրականացնելուց հետո պատժամիջոցներ կկիրառեն պայմանավորվածությունները խախտող կողմի նկատմամբ», ասել է Բաբայանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4