Այսօր ժամը 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի զորակցմանը նվիրված լուռ հավաք` նվիրված «Ազատության ծոմի» առաջին յոթնօրյակին: Հավաքին կհաջորդի «Ժառանգության» առաջնորդի մամլո ասուլիսը: Ժամը 17:00-ին «Ժառանգության» խմբակցության պատգամավորները հանդես կգան հայտարարությամբ, այնուհետեւ ներկաներին շնորհակալական խոսքով կդիմի Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդին զորակցման հայտարարությամբ են երեկ հանդես եկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմը: Վերջիններս, ողջունելով Հովհաննիսյանի քայլը, կոչ են անում նրան հրաժարվել հացադուլից, քանի որ պայքարի ծայրահեղ միջոցը կարող է վնասել առողջությանը:
Հացադուլից հրաժարվելու կոչ է երեկ արել «Շրջադարձ» կուսակցությունը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն ու իր համակիրներն էլ Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո երթով եկել են Ազատության հրապարակ` իրենց բարոյական աջակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու:
Բացի շարքային քաղաքացիներից, անցնող օրերին «Ժառանգության» առաջնորդին այցելել են շուրջ 200 անձնավորություններՙ պատգամավորներ, հասարակական-քաղաքական դեմքեր, արվեստագետներ, մտավորականներ:
Այսօր Ազգային ժողովի 4 խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի կունենա խորհրդակցություն` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ: Խորհրդակցությունը տեղի կունենա ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ. «Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն ցուցաբերի իր մարդկային եւ մարդասիրական վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ»: Խմբակցությունների ղեկավարները կքննարկեն Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղելիք կոչը` հացադուլը դադարեցնելու մասին: Կքննարկվի նաեւ խմբակցությունների ղեկավարների` Ազատության հրապարակ այցելության հարցը:
Հ. Հ.