Լրագրողների հարցերին պատասխանելով, երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ որոշ շուկաներում ուսումնասիրություններն ավարտվել են, իսկ մյուսներում դեռ ընթանում են: Կոնկրետ ձվի շուկայի վերաբերյալ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով պարզվել են չարաշահումները: Դրանք կներկայացվեն մինչեւ Զատիկ, իսկ մեղավորները կպատժվեն: Դա, ըստ հանձնաժողովի նախագահի, կանխարգելիչ նշանակություն կունենա մյուս տնտեսվարող սուբյեկտների համար, որպեսզի նրանք ձեռնպահ մնան նման քայլերից:
Տեղեկացվեց, որ ներկայումս ուսումնասիրվում են կաթնամթերքի, սուրճի շուկաները, բեռնափոխադրող ընկերությունների ծառայությունների գները:
«Այս ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններում ունենք կոնկրետ եզրահանգումներ, որոնք կներկայացվեն ավարտելուց հետո», նշեց Արտակ Շաբոյանը:
Պանրի շուկայում կատարած ուսումնասիրության մասին խոսելով, Արտակ Շաբոյանն ասաց, որ բացահայտվել էր գների բարձրացման պատճառ ընկերությունըՙ «Աշտարակ կաթը»: Սակայն ընկերությանը հնարավոր չեղավ պատասխանատվության ենթարկել, քանի որ մեր օրենսդրությունը հնարավորություն չտվեց նրան գերիշխող ճանաչել եւ որակել այդ բարձրացումը որպես չարաշահում:
Ա. Մ.