«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2011-03-18 | #48, 2011-03-19 | #49, 2011-03-22


ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Մոնտե Կառլոյում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում Լեւոն Արոնյանը: 7-րդ եւ 8-րդ տուրերում Արոնյանը միեւնույն 1,5-0,5 հաշվով հաղթեց Բորիս Գելֆանդին ու Վիշվանաթան Անանդին: Եթե Գելֆանդին Լեւոնը պարտության մատնեց «կույր» շախմատում, ապա աշխարհի չեմպիոնի նկատմամբ առավելության հասավ արագ շախմատի պարտիայում:

8 տուրից հետո Արոնյանը 11,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը, որն անսպասելիորեն անհաջող է ելույթ ունենումՙ 5,5 միավորով Անիշ Գիրիի հետ եզրափակելով աղյուսակը:

Արոնյանին շարունակում է կրնկակոխ հետեւել Մագնուս Կառլսենը: 7-րդ տուրում նա 2 պարտիաներում էլ հաղթեց Կրամնիկին, իսկ հաջորդ մրցախաղում 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Վեսելին Թոփալովին: Կառլսենն ընդամենը կես միավոր է զիջում Արոնյանին:

Մնացած մասնակիցները զգալիորեն հետ են մնացել առաջատարներից, ուստի կարելի է ենթադրել, որ գլխավոր մրցանակի համար պայքարը կընթանա Արոնյանի եւ Կառլսենի միջեւ: 3-4-րդ տեղերը 8,5-ական միավորով բաժանում են Անանդն ու Իվանչուկը: Անանդը 7-րդ տուրում երկու պարտիաներում էլ հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ: Իվանչուկը միեւնույն 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Բորիս Գելֆանդի նկատմամբ:

«Կույր» շախմատի մրցաշարում առայժմ լավագույնն Արոնյանի արդյունքն էՙ 6 միավոր: Անանդը, Կառլսենն ու Գրիշչուկը հայ շախմատիստին զիջում են 1,5 միավորով: Արագ շախմատում 6,5 միավորով առաջատարը Կառլսենն է, որին մեկ միավոր է զիջում Արոնյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4