«Հասարակությունն անոմիկ է եւ օտարված: Բնակչությունը խանդավառությամբ դիմավորեց անկախությունը, հետո հիասթափվեց նախ ժողովրդավարությունից, հետո` իշխանությունից: Իշխանությունները մի ճանապարհով են գնում, հասարակությունը` մեկ այլ: Դրա շարունակությունը բերում է ճգնաժամի խորացման: Այս ամենը ձեւավորում է որոշակի մթնոլորտ: Այժմ ժողովրդին դժվար է համոզել մի հերոսով: Այսօր հերոս էլ չունենք»: Հասարակության վերաբերյալ գնահատականը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանինն է: Նրա մեկնաբանությամբՙ ժողովուրդը սպասում է, սպասում է իշխանությունների կտրուկ գործելակերպին: «Վերջին 6 տարվա ընթացքում գրանցում ենք նույն տվյալները. բնակչության համար առաջնային խնդիր է սոցիալ-տնտեսականը: Փոփոխությունների ակնկալիքները խորքային են: Առայժմ այդ փոփոխությունները հանրությունը չի զգում: Արտագաղթի պոտենցիալ քանակը մեծանում է: Սա մտահոգիչ հանգամանք է իշխանության եւ ընդդիմության համար», նշում է Պողոսյանը ՄԱԱ-ում:
Նրա գնահատմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի սոցիալ-տնտեսական խնդիրներին առավելագույն ուշադրություն դարձնելու ու հստակ պահանջներ ներկայացնելու, ընդդիմադիր տարբեր ուժերի ակտիվացման հիմքում արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններն են: Սոցիոլոգը համոզված է` հեղափոխությունը Հայաստան չի հասնի: Դրա համար կան մի քանի գործոններ: Հայերն ավելի խոհեմ են ու պրագմատիկ: Սթափեցնող մտքերը շատ են. հասարակությունը հասկանում է, որ ներքաղաքական բախումը կարող է հանգեցնել իրավիճակի լարման շփման գծում: Հեղափոխություն անցկացնելու համար Հայաստանն այդքան ռեսուրս չունի: Այն կկատարվի միայն արտաքին միջամտությամբ: Սակայն առայժմ, միջազգային վերլուծաբանների կանխատեսումներով, Հայաստանին հեղափոխություն չի սպառնում: Հեղափոխությունը չի սպառնում նաեւ այն պատճառով, որ հասարակությունը ֆիզիկապես թուլացած է: Հասարակության հիմնական հուզող թեման կենսամակարդակի բարձրացումն է, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Հենց այդ խնդիրների չկարգավորման պատճառով երկրում շարունակվում է արտագաղթը: Թեպետ հարցման արդյունքում շատերն են բացասական վերաբերվում արտագաղթին, սակայն ճամպրուկները հավաքում են ու մեկնում ԱՄՆ, Ռուսաստան, որովհետեւ այստեղ չեն կարողանում աշխատանք գտնել, ընտանիք պահել: Պողոսյանը փաստում է, որ եթե այսպես շարունակվի, 10 տարի անց բնակչության թիվը չի գերազանցի 1.5 մլն-ը: Կառաջանա ավելի բարդ հարց` երկրի լինել-չլինելու հարցը: Սոցիոլոգը համոզված է. երկրում 20 տարի անց հայերի թիվը չի գերազանցի 40 տոկոսը: Սա լուրջ հարց է, որը պետք է մտահոգի իշխանություններին:
«Ազգ» -ի դիտարկմանը, որ Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ իրականացվում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ինչի հետեւանքով հարյուրավոր հայեր մեկնում են Ռուսաստան` մշտական բնակության, Պողոսյանն ասաց, որ հարցումներով պարզել են, որ ծրագրով հետաքրքրվողները շատ են:
«Չենք կարող ասել, թե քանիսն են արդեն գնացել, սակայն հետաքրքրությունն այդ ծրագրի նկատմամբ հսկայական է ու վտանգավոր: Սա մտահոգիչ է երեւույթ է: Այս հարցին կարող են միջամտել իշխանությունները ու ամենաբարձր մակարդակով հարեւան Ռուսաստանին դիմել, որ «Հայրենակիցներ» նախագիծը Հայաստանում ներկայացվի 10 տարի անց, որովհետեւ այժմ երկիրը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ